Այս իրավիճակից ելքը մեկն է. Տիգրան Աբրահամյան (video)
Մեկ տարվա ընթացքում 4-րդ պաշտպանության նախարարն է փոխվում։ Խոսել անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում 4 տարբեր պաշտպանության նախարար է փոխվել, կարծում եմ, անլուրջ է։ Դեռ չեմ խոսում ԶՈՒ ԳՇ պետերի, տեղակալների, բանակային կորպուսներում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Ի վերջո, պատերազմից հետո մենք նաև ՊԲ հրամանատարական կազմում փոփոխություններ ունեցանք, փոխվեց նաև ՊԲ հրամանատարը, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանն անվտանգության ու պաշտպանության բնագավառում տեղի ունեցող իրավիճակը բնութագրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ստեղծված իրավիճակի պատճառը, ինչպես նաև այդ իրավիճակից ելքը, ըստ Տիգրան Աբրահամյանի, մեկն է։
«Սա ունի մեկ պատճառ։ Այդ պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Մեր երկրում ցանկացած խնդրի շուրջ քննարկում, որ բաղադրիչին էլ այն վերաբերի՝ անվտանգային, ներքաղաքական, արտաքին քաղաքական, թե այլ, միևնույն է, հիմքում ունի Նիկոլ Փաշինյանին, և Հայաստանում գործող ցանկացած ուժի՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքական, թե հասարակական, ցանկացած առողջ ուժի, ցանկացած գիտակից մարդու համար լուծումը պարզապես Նիկոլ Փաշինյանի փոփոխությունն է», - ընդգծեց պատգամավորը։
