Փաշինյանը ոտնահարում է Արցախի, Հայաստանի արժանապատվությունը. Արցախի ԱԺ պատգամավոր
Հայաստանյան իշխանություններն իրենց օրակարգում փակել են Արցախի հարցը, և մեզ մի բան է մնում․ գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը իշխանությունների սեփականությունը չեն։ Իրական տերը հայ ազգն է։ Լինելով միահամուռ՝ միասին կկարողանանք այս արհավիրքից դուրս գալ, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«ՀՀ իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում են ամեն ինչ հանուն խաղաղության սկզբունքով՝ միաժամանակ ոտնահարելով ՀՀ, Արցախի, ընդհանրապես՝ հայ ազգի արժանապատվությունը։ Խաղաղությունն, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն, եթե այն չի ոտնահարում ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը», - շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։
