«Դոշին խփելով` մենք որևէ բանի չենք հասնի»

Հունիսի 10-19-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցից հետո հայտարարվեց, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, մինչդեռ ադրբեջանական կողմն իր հերթին՝ հայտարարեց, որ Բաքուն ոչ մի թիզ չի զիջելու իր դիրքերը: Հայկական կողմը պահանջում է, որ Բաքուն կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պարտավորությունները, այդ թվում` հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումը: Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելու Մինսկի խմբի անդամներին: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սպասվում է երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում: «Շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով»,- ասաց նա: Ըստ Նալբանդյանի` հանդիպումը հնարավոր է հուլիս ամսին: Լրագրողների այլ հարցերին Է.Նալբանդյանը չպատասխանեց և շտապ հեռացավ: Փոխարենը՝ նա որոշ փակագծեր բացեց ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ: Նա հայտարարեց, որ Հայաստանը վարում է հետևողական արտաքին քաղաքականություն և արդյունավետ դիվանագիտություն: «Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, պետք է անխտիր իրականացվեն: Եռանախագահող երկրներն ի՞նչ ասացին ոչ միայն՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ասում եք՝ հասցեական չէին հայտարարությունները: Բա ո՞ւմ էին ուղղված: Մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերն անխտիր կատարվեն: Դա Հայաստանն է ասում, Ղարաբաղն է ասում, եռանախագահներն են ասում»,- նշեց Է.Նալբանդյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի քննադատությունների, որ հայ դիվանագետները լավ չեն աշխատում, կամ ինչպե՞ս հասկանալ, որ սահմանում ամեն օր լարված վիճակ է, ամեն օր ունենք զոհեր, այն ժամանակ, երբ անցած տարի ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի պայմանագրի շրջանակներում հրադադարի պահպանման մասին: Ըստ արտգործնախարարի` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված պայմանավորվածությունն այն էր, ինչի մասին Հայաստանն էր ասում: Է.Նալբանդյանը շեշտեց, որ այդ ամենն «օդից չի լինում», ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում նստած՝ չեն մտածում միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի մասին. «Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»: Է.Նալբանդյանի կարծիքով` Ադրբեջանն այսօր մեկուսացվել է թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով, քանի որ հրադադարի ռեժիմի խախտումների համար առաջին հերթին պատասխանատու է միջազգային հանրության հանդեպ, իսկ, օրինակ, ԵԱՀԿ Ֆինանսական հանձնաժողովում այս ընթացքում տեղի ունեցած 6 նիստերում բոլորը համաձայնություն են տվել մեխանիզմների ներդրմանը, բացի Ադրբեջանից. «Դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին այդքան չեն գոռգոռում: Գլխավորը կոնկրետ արդյունքներն են: Դոշին խփելով` մենք որևէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, շատ հավասարակշռված ձևով աշխատենք այնպես, որ մեր գործողություններն ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից, և որպեսզի մեր մոտեցումներին համապատասխան, համահունչ որոշումներ կայացվեն»: Է.Նալբանդյանը նշեց, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից կա 5 հայտարարություն. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները և գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը չի ցանկանում հիշատակել անգամ դրանք»: Նրա դիտարկմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են, բայց նախագահների մակարդակով արված հայտարարություններն Ադրբեջանն անտեսում է. «Այսինքն` մեր հետևողական արտաքին քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացվել է»: «Ձեր խոսքերից՝ մեր իրականությունը, ոչ մի բան դրանից չի փոխվում»,- հակադարձեց Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ մարդիկ որևէ շոշափելի փոփոխություն չեն զգում: Նախարարը կրկին վստահեցրեց, թե ՀՀ դեսպանություններն արդյունավետ են գործել, իսկ թերացումների վերաբերյալ երկրի նախագահն է ընդունում համապատասխան որոշումներ: «Եթե թերությունները հանրային քննարկման առարկա դարձնենք, կվտանգենք մեր դեսպանների գործունեությունը»,- նկատեց Է.Նալբանդյանը: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` ԱԳ նախարարը դրական որակեց հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված ֆուտբոլային դիվանագիտությունը: Նա հիշեցրեց ԱԺ-ում քննարկումները, երբ շատերն ասում էին, թե պետք չի սահմանի բացումը, թուրքերի հետ ընդհանրապես պետք չի բանակցել. «Բանակցել պետք է բոլորի հետ, միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագիտությունը որոշի, որ դռներ է փակում, չի բանակցելու, չի վարելու երկխոսություն, դա արդեն դիվանագիտություն չէ: Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ և ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը, Կիկոսի մահն է, վաղը-մյուս օրն ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համաձայն՝ մեր ոտքն ենք մեկնում և ձեռքն ենք մեկնում, և որոշ արդյունքների հասնում ենք, բայց գոռգոռալով, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»: «Բացի Ադրբեջանից և Թուրքիայից, մնացած երկրների հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարեց Նալբանդյանը: «168 Ժամ» թերթ

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am