Պարտվածը չի կարող խաղաղության ձգտել և խաղաղության օրակարգ չի կարող թելադրել, իրեն թելադրելու են խաղաղության օրակարգ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Հրապարակի» զրուցակիցը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։ 

- Սրբազան հայր, անկախության 30-ամյակին նվիրված համերգին կաթողիկոսը չմասնակցեց, դրանից առաջ էլ երկար ժամանակ կաթողիկոսն ու վարչապետը միասին գրեթե ոչ մի միջոցառման չեն մասնակցել, և դա ընկալվում է որպես պետության և եկեղեցու միջև տարաձայնություն, պառակտում, եթե այդպես է, ապա ո՞վ է այրել կամուրջները։

- Դուք ինձ տալիս եք հարցեր, որոնց պատասխանը շատ լավ գիտեք, ես ոչ վարչապետի փոխարեն կարող եմ պատասխանել, ոչ էլ Ամենայն հայոց Վեհափառ հայրապետի, իսկ այն, թե ով է սկսել և ով է կամուրջներն այրել, Դուք լավ պետք է իմանաք։

- Եկեղեցին պահանջել էր վարչապետի հրաժարականը, նույնը նաև արել էր նախագահը, բայց, կարծես թե, նախագահին «ներել է», իսկ եկեղեցուն ոչ մի կերպ չի կարողանում «ներել»։

- Իրեն հարցրեք, դա իրեն ուղղված հարց է։

- Փաշինյանը 5 տարով էլի ընտրվել է, կարո՞ղ է էսպես երկար շարունակվել։

- Ի՞նչ իմանամ։ Կոմունիստական վարչակարգը 70 տարի շարունակվեց, եկեղեցու կյանքը շատ երկար է, քան որևիցե մի տասնամյակ։

- Եվ ավելի երկար, քան Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը։

- Անշուշտ, ցանկացած մեկի։

- Բայց այդ ընթացքում մեր պետությունը չի՞ տուժի՝ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը։

- Այ ապրեք, այ դա պետք է հարցնեք իրեն։

- Այսինքն՝ այդ ընդառաջ չգնալը ավելի շատ վարչապետի՞ կողմից է։

- Իհարկե։ Եկեղեցին պատրաստ է, բոլոր իշխանությունների հետ էլ կարող է գործակցել՝ «Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն», բայց եթե այդ մարդը մեր եկեղեցու անդամ է, ուրեմն, իհարկե, երբեմն եկեղեցին պիտի իրեն ասի, որ աչքիդ վերևը ունք կա։ Իրենք, կարծես թե, դա էին ուզում, իրենք դժգոհ էին, որ ժամանակին իշխանություններին դա չէր ասում եկեղեցին, հիմա էլ դժգոհ են, որ ասում է, դա արդեն լինում է սելեկտիվ, հասկանում եք, երկակի ստանդարտ։ Կարելի էր հանրապետականներին քննադատել, և ինչո՞ւ չէր քննադատում եկեղեցին, թեև քննադատում էր, և իրենց չի կարելի քննադատել, բա ինչո՞ւ է եկեղեցին քննադատում։ Իրենք պետք է վերջիվերջո կողմնորոշվեն, թե իրենք ինչպիսի՞ եկեղեցի են ուզում․․․, քանի կար՝ երբ իշխանություն չէին, ուզում էին քննադատող, խոսող, իշխանությունների սխալները ցույց տվող եկեղեցի, հիմա կա այդ եկեղեցին, որը իշխանություններին ասում է՝ այս հարցում սխալ եք, այս հարցում ճիշտ չեք, հիմա ինչի՞ց են դժգոհ։

- Քննադատություն չեն սիրում։

- Բա էլ ինչո՞վ էին հանրապետականները մեղավոր, կամ դրանից առաջ ՀՀՇ-ն ինչո՞վ էր մեղավոր, կամ դրանից առաջ Կոմունիստական կուսակցությունը․․․, ոչ մեկն էլ չի սիրում քննադատվել, երբ իշխանության է գալիս, ուրեմն սա, փաստորեն, քրոնիկ հիվանդություն է իրենց մոտ։

- Եկեղեցին զիջումների գնալու տեղ ունի՞։

- Այսինքն՝ ի՞նչ զիջում, ի՞նչ պիտի անենք, որ մենք չենք արել, ի՞նչ պիտի զիջենք մենք։

- Գուցե նման ակնկալիքնե՞ր ուներ։

- Ես ի՞նչ իմանամ՝ ինչ ակնկալիքներ ունեն, թող ձևակերպեն իրենց ակնկալիքները։ Եթե իրենք ուզում են կամակատար եկեղեցի, ապա դա այն է, ինչ իրենք չէին ուզում, չէ՞, հիմա ի՞նչ եղավ, որ հանկարծ ուզեցին դա։

- Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ խոսում է խաղաղությունից, ասում է, որ երբեմն հաղթելու համար պետք է հաղթել հուսահատությունը, այլ ոչ մեկ ուրիշին, կարծես թե քրիստոնեական հեզություն է քարոզում, թշնամու նկատմամաբ սեր։

- Գիտեք՝ մենք միշտ քննադատվել ենք, որ, իբր թե, եկեղեցին է այդ հեզությունը քարոզել, և դրա պատճառով մենք տուժել ենք, 300 հազար քմ-ից դարձել ենք 30 հազար քմ եկեղեցու մեղքով, և հանկարծ այսօր պարզվում է, որ մենք տարբեր դիրքերում ենք, պարզվում է, որ մենք չենք խոսում այդ քրիստոնեական հեզությունից, այլ խոսում է նա, ով չպետք է խոսի։ Այդ իմաստով ի՞նչ է նշանակում հաղթել․․․, այո, ամենամեծ հաղթանակն այն է, երբ մարդն ինքն իր նկատմամբ է հաղթանակ տանում, և այո, թերևս, երբ ազգն էլ ինքն իր նկատմամբ է հաղթանակ տանում, բայց պարտված ազգը ինքն իր նկատմամբ ի՞նչ հաղթանակ պիտի տանի։

- Խաղաղությունը հնարավո՞ր է որևէ կերպ՝ թեկուզ անընդհատ զիջումների գնով, միջանցքի գնով։

- Պարտվածը չի կարող խաղաղության ձգտել և խաղաղության օրակարգ չի կարող թելադրել, իրեն թելադրելու են խաղաղության օրակարգ, ոչ մի պարտված խաղաղության օրակարգ չի կարող թելադրել, ինքը պարտադրված է խաղաղության։ Այո, Հայաստանը պետք է հզոր լիներ այնքան, որ ինքը պարտադրեր խաղաղության օրակարգ և թելադրեր խաղաղություն, բայց այսօր ողնաշարը ջարդված, թշվառ վիճակի մեջ գտնվող, պարտված և պարտվողական իշխանություններ ունեցող Հայաստանը չի կարող խաղաղության օրակարգ թելադրել նույնիսկ կողքի հարևանի մի գյուղի, էլ ուր մնաց, որ որևիցե մի երկրի կարողանա թելադրել։ Պարտվածը, այո, կարող է խոսել խաղաղությունից, որովհետև ինքը պարտադրված է խաղաղության՝ էն չափով ու սահմանով, ինքան որ թույլ է տալիս հաղթողը, դրա համար խաղաղությունը իր հպարտանալու բանը չէ, այսօր խաղաղության օրակարգ ունենալը իր հպարտությունը չէ, այլ իր պարտությունն է, ոչ թե հպարտությունը։ Խաղաղության օրակարգը կարող է լինել հպարտության առիթ, երբ հաղթող ես և կանգնում ես քո հաղթության բարձունքի վրա և խաղաղություն ես տենչում, և խաղաղություն ես պարտադրում քո թշնամիներին,որոնց այսօր թշնամի չես համարում, պարտվածը չի կարող խաղաղություն տենչալ, նրան կպարտադրեն այն խաղաղությունը, ինչը հաղթողներին ձեռնտու է։ Ուրեմն, երբ իրենք ասում են «խաղաղության օրակարգ», ի՞նչ խաղաղության օրակարգ․․․, 1994-ից մինչև 2020 թվականը հնարավորություն կար խաղաղության օրակարգ պարտադրելու և թելադրելու, որովհետև մենք հաղթող կողմ էինք, հիմա էլ ի՞նչ խաղաղության օրակարգ։

 

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am