Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի իրադրությունը
Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը եւ Զիգմար Գաբրիելը հունիսի 23-ին Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը եւ մյուս ճգնաժամերը։ «Հանդիպումը թույլ տվեց քննարկել աշխարհի կայունության պահպանման հետ կապված հարցերի ողջ շրջանակը, հայտնի ճգնաժամերը՝ իրադրությունը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում: Ինչպես եւ ավելի վաղ, մեր հայացքները եւ դիրքորոշումները շատ մոտ են: Մենք քննարկեցինք Սիրիայում կրակի դադարեցման անհրաժեշտությունը եւ դեմոկրատական իշխանափոխության հեռանկարները: Մենք նաեւ ցանկանում ենք Սիրիան տեսնել միասնական, չենք ցանկանում, որ երկիրը մասնատվի»,- լրագրողներին ասել է լե Դրիանը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
