«Հարց չկա». Պուտինի պատասխանը՝ Փաշինյանի համար «ցավոտ թեմաներով»

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր հուլիսի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող արդիական հարցեր։

Այս հանդիպումը, փաստորեն, կայանում է Պուտին-Ալիև հանդիպումից առաջ: Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Ալիևի այցը համընկավ հայ - ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում անցած շաբաթ սկիզբ առած նոր լարվածության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ երեկոյան 6-ից ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
Ինչ ունենք հիմա... Մայիսի կեսերից կտրուկ սրվել է իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում. մայիսից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ տեղակայվել են Սև լճի մերձակայքում, պնդում են, թե տարածքն իրենցն է, և չեն հեռանում:

Ռուսաստանի նախագահը, որն առիթը բաց չի թողնում ընդգծելու, թե անցած տարվա 44-օրյա պատերազմը կանգ է առել իր համառ ջանքերի ու միջնորդության շնորհիվ, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման և արդեն երրորդ ամիսը շարունակվող լարվածության ֆոնին՝ այսօր, առաջին անգամն է հանդիպում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին: Այցին ընդառաջ Կրեմլը հաղորդել է, որ հենց տարածաշրջանային իրավիճակն է լինելու քննարկման առանցքում: «Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ու 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը», - երեկ հայտնեց Ռուսաստանի նախագահական նստավայրը:
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, նույն օրակարգով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն էր մեկնել Մոսկվա:

Ընդ որում, ընդունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել` դա կօգնի լուծել առկա զգայուն հարցերը: «Բարդ խնդիրները հնարավոր է կարգավորել միայն ժողովրդի աջակցությամբ, որը Դուք ստացել եք», - ասել էր Պուտինը Փաշինյանին: Թե այդ ինչ բարդ հարցերի մասին է խոսքը, Պուտինը չէր հստակեցրել: Կողմերը մանրամասներ չէին հաղորդել նաև դռնփակ բանակցությունների ավարտին: Հայտնի է միայն, որ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո կողմերի միջև բարձրաստիճան հանդիպումների ակտիվ շարք էր սկսվել:

Արդյո՞ք «զգայուն» հարցեր կունենան Պուտինն ու Ալիևը քննարկելու, թե՞ Պուտինը միայն լսելու է Ալիևի բողոքները, որ այլևս չի կարող սպասել Փաշինյանի, Հայաստան-Ադրբեջան սահմաններ պետք է գծվեն ու խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի:
Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել բանակի հրամանատարական անձնակազմի հետ և հրահանգել կանխել Հայաստանի զինված ուժերի հնարավոր սադրանքները պետական սահմանին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, գեներալ Զաքիր Հասանովը հիշեցրել է նախագահ Ալիևի խոսքերը, թե պատերազմն ավարտվել է, բայց բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նոր պատերազմի: Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սամվել Ասատրյանն իր հերթին այսօր հայտարարել է` «բանակը պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից հետո հայկական կողմից առնվազն երկու զինծառայող է զոհվել, մի քանիսը` գերեվարվել: Մինչև վերջերս Ռուսաստանն էր կողմերի միջև ակտիվ բանակցություններ վարում` առաջարկելով իր օգնությունը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում: Այժմ նաև Եվրամիությունն է փորձում միանալ այս ջանքերին. հենց այդ օրակարգով էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անցած շաբաթավերջին այցելել Երևան, ապա` Բաքու: Ընդ որում, նախագահ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Շառլ Միշելն ընդգծել է` Եվրամիությունը պատրաստ է թե՛ փորձով կիսվել, թե՛ մոնիտորինգ իրականացնել սահմանին, եթե իրենք` կողմերը, նման ցանկություն հայտնեն:

Ադրբեջանի նախագահը երեկ անդրադարձել է նաև մեկ այլ հարցի, որ բարձրացրել էր Փաշինյանը` եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն ետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար: Իլհամ Ալիևը, փաստացի, չի հերքել` առաջ քաշելով Բաքվից նոր նախապայմանը` տարածաշրջանում բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բացվեն միաժամանակ: Ավելին, Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանի այս մոտեցումը պաշտպանում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

«Մենք սպասում ենք Հայաստանի արձագանքին», - ասել է նա, հավելելով, թե ակնկալում են, որ Եվրամիությունը դրական դեր կխաղա այս գործընթացում: «Դա հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևան, Հայաստանին էլ` երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Տարածաշրջանի չորս պետությունները` Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս մոտեցմանը: Ըստ այդմ, մենք այժմ պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից, և այդ արձագանքը պետք է ամբողջական և հստակ լինի: Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և այս հարցում խտրականություն չպետք է լինի: Դրանից հետո, իհարկե, կանխատեսելիությունը, կայունությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում կդառնան իրականություն»:

Մենք գիտենք, թե Ալիևը Մոսկվայում ինչ է պահանջելու Պուտինից... Բայց չգիտենք, թե ի՞նչ է պատասխանելու Պուտինը, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի մոտեցումներից որո՞նք են ընդունելի Պուտինի համար, որ որոնք՝ ոչ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4465 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am