Վաշինգտոնը Էրդողանի «քթից բերում» է

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը սկանդալի է վերաճում ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս` նախագահ Էրդողանի այցի օրերին, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է` Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից. երկուսն էլ մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում` ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները: Foreign policy պարբերականը, հղում անելով Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքալեզու կայքին, նշում է, թե Յըլդըրըմը Նյու Ջերսիում գործող շինարարական մի ընկերության սեփականատեր է և, ըստ հաղորդումների, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: New York Times-ն ավելի վաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և, ուսումնասիրելով տեսանյութերը, արձանագրել` ինչպես են ձերբակալվածները հարվածում ու գետնին տապալում ցուցարար կանանց: Նրանցից մեկը թերթի հետ զրույցում պնդել էր, թե գնացել է այդ քայլին ինքնապաշտպանության համար: BuzzFeed News-ին տված պարզաբանման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. - «Մենք հաստատակամ ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին, և հիմա, երբ կան առաջադրված մեղադրանքներ, պետդեպը կկշռադատի ձերբակալվածների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները, որոնք կլինեն առաջադրված մեղադրանքներին համաչափ»: Ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու սկզբունքով հաղորդել են նաև, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: AP գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, այսօր երեկոյան Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի մասնակցությամբ ասուլիսին հայտարարվելու է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների մեղադրանք առաջադրելու մասին: Գործակալությունը փաստում է, որ Էրդողանի թիկնապահները նախագահի հետ հայրենիք են վերադարձել և հստակ չէ, թե ինչպես են հիմա ամերիկյան իրավապահ մարմինները նրանց պատասխանատվության ենթարկելու: «Այդուամենայնիվ, նրանք կարող են կանգնել ԱՄՆ վերադառնալու դեպքում ձերբակալման սպառնալիքի առջև, կամ վտարվել Նահանգներից, եթե դեռևս գտնվում են երկրի տարածքում»,-փաստում է AP-ը ընդգծելով՝ սա էլ ավելի կսրի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած այս ճգնաժամը: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ընդ որում, ծեծկռտուքին մասնակցել էին նաև Ռեջեփ Էրդողանի թիկնապահները: Ինքը` Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: «Մենք պաշտպանում ենք ազատ կամարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքն ամենուրեք», - հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակը: Ազդեցիկ սենատորներից մեկը` Ջոն ՄըքՔեյնը, կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին երկրից վտարել Թուրքիայի դեսպանին, իսկ Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ միաձայն բանաձև էր ընդունել` միջադեպի համար դատապարտելով Թուրքիայի իշխանություններին: Ծեծկռտուքից անմիջապես հետո ամերիկացի իրավապահները ձերբակալել էին Էրդողանի թիկնազորի երկու անդամների, կարճ ժամանակ անց, սակայն, երկուսին էլ ազատ արձակել: Ի դեպ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը դեռևս հրաժարվում է մեկնաբանել ծագումով թուրք երկու ամերիկացիների ազատազրկումը: Ավելի վաղ պաշտոնական Անկարան կատարվածի մեջ մեղադրել էր ցուցարարներին, պնդելով, թե նրանք «ագրեսիվ կերպով սադրել են Նահանգներում բնակվող թուրքերին, որոնք հավաքվել էին` նախագահ Էրդողանին ողջունելու»: Ձերբակալությունների նոր շարք Թուրքիայում Ամերիկյան այս ուշագրավ իրադարձություններին ֆոնին Թուրքիայում է նոր թափով ձերբակալությունների արշավ սկսել... Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ում թուրքական դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Փակ դռների ետևում անցած դատական նիստի ընթացքում Բերբերօղլուին մեղադրել են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար։ «Հերթը հասավ քեմալականներին», - գրում են սոցցանցերի օգտատերերը՝ հիշեցնելով, որ մինչ այս սովոր էին տեսնել միայն ձերբակալված ու կալանավորված քրդամետների։ Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնվել է 1929թ.-ին՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։ Թուրքիայի ընդդիմությունն Անկարայում և Ստամբուլում բազմահազարանոց երթեր է կազմակերպում հաջակցություն Բերբերօղլուի և պահանջում ազատ արձակել նրան ու վերականգնել պատգամավորների անձեռնմխելիությունը։ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման առնչությամբ: «Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր նվաստացնող դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում. այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին», նշել է կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրը: Նա կոչ է արել անհապաղ չեղյալ համարել պատգամավորի դեմ կայացված որոշումը: Մեկ այլ ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կնոջ՝ Հայրինուսսա Գյուլի նախկին խորհրդականը ձերբակալվել է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նախկին առաջին տիկնոջ խորհրդական Այշե Յըլմազը շարունակել է աշխատել որպես Հայրինուսսա Գյուլի խորհրդական նաև Աբդուլլահ Գյուլի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, սակայն 2016թ.-ի սեպտեմբերին պաշտոնի է անցել Թուրքիայի մշակույթի նախարարությունում։ Յըլմազն անձամբ չի հերքել, որ ժամանակին կապ է ունեցել գյուլենականների համայնքի հետ, սակայն հայտնել է, որ համալսարանն ավարտելուց հետո շատ վաղուց հեռացել է նրանց շարքերից։ Իր ու գյուլենականների շարունակական կապի մասին վկայություն տված անձի հետ կապված էլ Յըլմազն ավելացրել է, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, և իր ասածները նա լուրջ չի ընդունում։ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլն ու նրա տիկինը դեպքը դեռ չեն մեկնաբանել։ Ձերբակալվել է նաև խորհրդարանի անվտանգության ծառայության տնօրենը: Պաշտոնյային մեղադրում են 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը հարելու համար։ Խորհրդարանի անվտանգության բաժնի տնօրենը կասկածվում է նաև ապստամբներին ֆինանսավորելու համար։ Հաջորդ ձերբակալությունը ադրբեջանական արմատներով է: Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման՝ Ադրբեջանի թևի պատասխանատուն։ Գյուլենականը, ում անունը լրատվամիջոցները չեն բացահայտում, հետախուզման մեջ էր գտնվում Մալաթիայի հանրապետական դատարանի կայացրած որոշման համաձայն։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 6 կասկածյալ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան «Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան «Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ «Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան Թալանել են հայտնի գործարարի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am