Ալիևը՝ «կառուցողական», հայ ընդդիմադիրները՝ «թշնամի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության մեջ ներարկել են հակահայկականություն, իսկ երիտասարդությանը ներշնչել հայ ժողովրդի դեմ ուղղված թշնամանքի անասելի դոզայով։ Այս իրողությունը Ադրբեջանի նախագահ Ալիևն իր կառավարման ընթացքում մշտապես օգտագործել է իշխանությունը պահելու, միլիարդավոր դոլարների զինամթերքի գնումն ու կոռուպցիոն գործարքների կնքումն արդարացնելու և Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հարցում։ Թերևս դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ Բաքուն մշտապես փորձել է այնպես անել, որ բանակցությունները գործնականում տապալվեն և լեգիտիմ հիմքեր ստեղծվեն ռազմական գործողություններ սկսելու համար։

Եվ մինչ Ադրբեջանը իր ագրեսիվ օրակարգն էր փորձում առաջ տանել, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները խոսում էին հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու մասին՝ դրա միջոցով հավաստիացնելով, որ Ադրբեջանից մեծ վտանգ չկա, իսկ դրա փոխարեն հասարակության ուշադրությունն ուղղում էին ոչ հրատապ հարցերի վրա։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որն ի պաշտոնե ամենաշատ զգոնությունը պետք է ցուցաբերեր Ադրբեջանից եկող սպառնալիքը չեզոքացնելու հարցում, խոսում էր Ալիևի «կիրթ ու կառուցողական» լինելու մասին։ Միևնույն ժամանակ, նա տևական ժամանակ հասարակությանը հավաստիացնում էր, թե բանակցություններ չեն ընթանում, իրենք ընդամենը բանակցային գործընթացի պատմությանն են ծանոթանում, իսկ որոշ ժամանակ անց էլ հայտարարում, թե Արցախի հարցով ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են։

Եվ արդեն 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում տեսանք Ալիևի՝ Փաշինյանի հայտարարած «կառուցողականության» արդյունքները։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը բազմապիսի հանցագործություններ իրագործեց արցախահայության նկատմամբ՝ արգելված զենքերով թիրախավորելով խաղաղ բնակչությանը և էթնիկ զտումների պայմաններ ստեղծելով։ Իսկ ադրբեջանական հանցագործ գործողություններում ամենագործուն մասնակցությունն ունեցան վարձկան ահաբեկիչ գրոհայինները։

Ուստի այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս հանցագործությունների համար պետք է միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրի և դատական կարգով պատժվի արցախահայության նկատմամբ իրագործած ցեղասպան գործողությունների համար։ Եվ չնայած բազմաթիվ միջազգային դերակատարների կողմից հնչող կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ու խոշտանգել հայ գերիներին։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը, կարծես, միայն հատուկ մոռացության է տալիս Ադրբեջանի իրագործած վայրագությունները, այլև լռության ուխտ է արել և չի համարձակվում հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործ կեցվածքը և որևէ «թթու խոսք» ասել անձամբ Ալիևի հասցեին։

Այնինչ այս օրերին Փաշինյանը Ալիևին կրկին «կառուցողական» է համարում՝ փաստացի մեկ անգամ ևս միջազգային հանրության աչքերում արդարացնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ռազմական հռետորաբանությունը։ Անշուշտ կարևոր է յուրաքանչյուր հայ ռազմագերու վերադարձը, դա ցանկացած հայ մարդու փափագն է, սակայն այնպես չէ, որ Ալիևը գերիներին վերադարձնում է «կառուցողականությունից» ելնելով։ Սա ոչ թե կառուցողականության հարց է, այլ մեծ աշխարհաքաղաքականության՝ հաշվի առնելով մի կողմից՝ Ռուսաստանի ազդեցությունը, մյուս կողմից՝ հայտարարությունները, թե այս դեպքում որ երկրներն են նպաստել 15 ռազմագերու վերադարձին։

Ուշադրություն դարձնենք, որ մեկ անգամ Փաշինյանը «կառուցողական» անվանեց Ալիևին, և մենք տեսանք դրա հետևանքները՝ հայրենազրկում, հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ, կորսված հայրենիք, կապիտուլ յացիա և նվաստացում։ Իսկ այս անգամ Ալիևի կառուցողականության արդյունքում արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ արհավիրքներ կարող են մեզ սպասել։ Ահա թե որն է Ալիևի «կառուցողականության» գինը։ Բայց այս համատեքստում աչք է ծակում մեկ այլ իրողություն. եթե Փաշինյանը ծպտուն չի հանում Ալիևին որևէ պատասխան տալու հարցում, ապա «անողոք» է հայերի հանդեպ: Նա աջուձախ քարկոծում է իրեն չսատարող մարդկանց, ընդդիմադիրներին, հոգևորականներին ու գիտնականներին՝ որակումների մեջ որևէ խտրություն չդնելով, ընդհուպ նրանց թշնամի համարելով։

Հենց այս իրողությունն է, որ քաղաքացիների մոտ ավելի է ամրապնդում այն համոզումը, որ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ արտաքին սպառնալիքի դեպքում պաշտպանել հայության շահերը, նրան այդ շահերը չեն հետաքրքրում, այլ միայն իր քաղաքական շահերը։ Իր հիմնական գործը ընդամենը դարձել է թշնամական երկրից եկող վտանգի նկատմամբ հասարակության իմունիտետը թուլացնելը և անընդհատ զիջումների միջոցով հակառակորդի ողորմածությանը հանձնվելը։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարողանա իր աթոռը պահել: Թե ինչ գնով, իրեն չի հետաքրքրում, ինչպես չեն հետաքրքրում Արցախի ճակատագիրը, մեր ռազմագերիների ճակատագրերը և, ընդհանրապես, որևէ հայ մարդու ճակատագիր, եթե դա իր նեղ անձնական շահերին չի առնչվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am