Ձեզ կարող է միավորել Երևանի ընդհանուր շահը. Սերժ Սարգսյանը՝ ավագանու ուժերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը արարողության ժամանակ շնորհավորական խոսք է հղել միջոցառման մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափա՛ռ Տեր, Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ պարոն Մարգարյան, Շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում: Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը: 2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ: Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ: Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում: Երևան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթևեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երևույթ: Երևանցիների և հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ: Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել: Մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ողջ գործընթացը: Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երևանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է: Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում: Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները: Նորովի պետք է քննենք և լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին: Նման դրական օրինակներ ունենք, և այդ մշակույթը ևս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով: Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը: Երևանի հարգարժա՛ն քաղաքապետ, Ավագանու հարգելի՛ անդամներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի: Շնորհակալություն:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am