Նոր հուժկու հարված ընդդեմ Պուտինի. Մոսկվան հակաքայլեր է խոստանում

Ողջ աշխարհը կենտրոնացել է ընդդեմ Ռուսաստանի գործողությունների, տպավորություն է, որ արևմուտքը հստակ նպատակ է դրել ծնկի բերել Ռուսաստանը: ԱՄՆ նախագահը մի կողմից խոսում է ՌԴ-ի հետ հարաբերություններում լիցքաթափման անհրաժեշտության մասին, մյուս կողմից իրականացվում է հակառակը:

Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթին ի պատասխան` Ռուսաստանն էլ դիմեց պատասխան քայլերի՝ Մոսկվայում հավատարմագրված 10 ամերիկացի դիվանագետների առաջարկելով լքել երկիրը։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին վերադառնալ Վաշինգտոն՝ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ավելի վաղ նույն նպատակով Մոսկվան հետ էր կանչել Վաշինգտոնում ՌԴ դեսպանին։ Ռուսաստանյան իշխանությունները, սակայն, հատուկ ընդգծում են, որ ձեռնարկված հակաքայլերը համեմատաբար մեղմ են, և Մոսկվան առայժմ զերծ կմնա կոշտ պատասխանից՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը։

«Ամերիկյան բիզնեսի համար ցավոտ քայլեր ձեռնարկելու հնարավորություն մենք ևս ունենք։ Այդ քայլերը, սակայն, մենք առայժմ որպես պահեստային տարբերակ ենք դիտարկում», - Մոսկվայում Սերբիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում նշեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստան-Ուկրաինա գործընթացներն այժմ գտնվում են համակ ուշադրության ներքո: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներից մեկին։ Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն տեղեկացրեց, որ հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալվել է Ռուսաստանի մի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ. «Ուկրաինացի դիվանագետի ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահ համակարգի և Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական բազաներում զետեղված փակ բնույթի ինֆորմացիա ստանալու պահին»։

Պաշտոնական Կիևն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցածին՝ տեղեկացնելով, որ կդիմի համարժեք քայլերի երկրում աշխատող ռուսաստանցի դիվանագետների դեմ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Սանկտ Պետերբուրգից ուկրաինացի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկի ձերբակալման և արտաքսման պատճառով: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ կայքը, ուկրաինական կողմը որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին: «Վճռական բողոք ենք հայտնում Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ ապրիլի 16-ին տեղի ունեցած անօրինական ձերբակալության և մինչև ապրիլի 21-ը երկրի տարածքից հեռանալու ցուցման վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին: «Ի պատասխան վերոնշյալ սադրանքի՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան ավագ դիվանագետը պետք է հեռանա Ուկրաինայի տարածքից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից»,- ասվում է ԱԳՆ կայքում:

Նկատենք, որ այս գործընթացները ծավալվեցին Բայդենի՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ հատուկ ելույթից հետո: Դրան, հիշեցնենք, նախորդել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը: Բայդենը մասնավորապես ասել էր․ «Հիմա ժամանակն է սկսել դեէսկալացիան: Մենք պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսության և դիվանագիտական գործընթացների միջոցով: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել կառուցողական առաջընթացը այս գործընթացում: Իմ սկզբունքը հետևյալն է՝ որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից, մենք պետք է համագործակցենք, որտեղ Ռուսաստանը փորձում է ոտնահարել Միացյալ Նահանգների շահերը, մենք պատասխանելու ենք»:

Ռուսաստանում նոր պատժամիջոցներն անվանել է անընդունելի, իսկ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու: Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ դեսպանին ասել է, որ շուտով կլինեն մի շարք պատասխան միջոցառումներ:

Ապրիլի 13-ին նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր հանդիպել որևէ երրորդ երկրում և քննարկել երկկողմ հարաբերությունների առավել կնճռոտ խնդիրները: Ենթադրվում է, որ դա կարող է տեղի ունենալ Եվրոպայում:

Այդ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ընդունել է 10-ը ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշում և սահմանել է պատժամիջոցներ մի քանի տասնյակ պաշտոնյաների, ինչպես նաև կազմակերպությունների նկատմամբ: Արտաքսման հրահանգ ստացած մարդկանց թվում են դիվանագիտական անձնագրերով ռուսական հետախուզական կառույցների ծառայողները: CNN-ը հայտնել է, որ Նյու Յորքում և Վաշինգտոնում հավատարմագրած ռուսաստանցի դիվանագետներին կտրվի 30 օր ԱՄՆ-ի տարածքը լքելու համար:

Պատժամիջոցների ենթարկվածների ցանկում 32 ֆիզիկական անձ է և վեց ընկերություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի ապօրինի կիբերակտիվությանը: Այդ անձինք և ընկերությունները փորձել են միջամտել 2020 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և ապատեղեկատվություն են տարածել: Ըստ ամերիկյան հետախուզական կառույցների, կիբերգրոհների նպատակն էր նոյեմբերյան ընտրություններում սատարել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին և վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին:

Ամերիկյան կողմը պատժում է ռուսներին նաև Աֆղանստանում ապակայունացնող գործողությունների դիմելու, մասնավորապես, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինծառայողների վրա հարձակվող թալիբներին պարգևավճարներ տրամադրելու համար: Պատժամիջոցները սահմանվում են ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով SolarWinds ընկերության կայքէջը հաքերային գրոհով կոտրելու և դրա միջոցով ամերիկյան բազմաթիվ մասնավոր և առնվազն 9 պետական հիմնարկների, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների, առևտրի և արդարադատության նախարարությունների կայքէջեր ներխուժելու համար:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օրերս անդրադառնալով թեմային նշել է, թե Ռուսաստանը դատապարտում է սանկցիաների քաղաքականությունը և այն ապօրինի է համարում. «Փոխադարձության սկզբունքն ուժի մեջ է, և բոլոր դեպքերում Ռուսաստանը կձեռնարկի պատասխան միջոցներ սեփական շահերը երաշխավորելու համար»: Նույնը կրկնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ասելով, թե «պատասխանն անխուսափելի է լինելու»:

Նկատենք, որ Վաշինգտոնն այս անգամ պատժի նոր եղանակ է ընտրում՝ ամերիկյան ֆինանսական հաստատություններին կարգելվի անմիջական կարգով գնել Ռուսաստանի ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Ազգային հարստության հիմնադրամի պարտատոմսերը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Ռյաբուխինը վստահեցնում է, թե ռուսական պետական պարտքը սանկցիաների ենթարկելն, իհարկե, վնաս կհասցնի Դաշնության տնտեսությանը, սակայն դա ճգնաժամ չի առաջացնի, քանի որ Ռուսաստանն ունի և՛ անհրաժեշտ ներքին պահուստ, և՛ ոչ դոլարային արտարժույթով արտաքին միջոցներ: «Մենք միշտ ահազանգել ենք այն մասին, որ մեր միջոցների և պաշարների տեղաբաշխումն ամերիկյան արժեթղթերով հասել է վտանգավոր աստիճանի և շատ ռիսկային է: Կառավարությունը և, մասնավորապես, Ֆինանսների նախարարությունը մեր նախազգուշացումներին արձագանքել են և համապատասխան միջոցներ են ձեռնարկել պաշարներն այլ արժեթղթերով վերաբաշխելու համար»,- ասել է ռուսաստանցի սենատորը:

Այնուամենայնիվ, չնայած այդ հավաստիացումներին, երբ հրապարակվեցին մոտալուտ սանկցիաների մասին առաջին լուրերը, ռուսական ազգային տարադրամի՝ ռուբլու արժեզրկումը կրկին արագացավ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6027 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am