ԱՄՆ-ից «քար նետեցին» դեպի Պուտին-Փաշինյան-Ալիև եռյակը

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված լինեն դրանով, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը առցանց սեմինարի ընթացքում:

«Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորմանն ու գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններն օգտագործելուն, Միացյալ Նահանգները պատրաստ և հավատարիմ է մնում երկու երկրներին օգնելու ճանապարհ գտնելուն», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: «Ռուսաստանի մտադրությունը մեկ այլ բաց հարց է մնում», - նշել է Քենթը` մանրամասնելով, որ Ռուսաստանը «որոշեց չհամաձայնեցնել հրադադարի պայմանները Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով», այլ «դա ուղղակիորեն ապահովեց եռակողմ ձևաչափով»:

Ամերիկացի դիվանագետի տեսակետից ՝ «անվտանգության հիմնական մարտահրավերը մնում է այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը այնպես, որ երկու երկրները հնարավորություն տան համաձայնության գալու վերջնական կարգավիճակի վերաբերյալ: Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած, «այնուամենայնիվ, դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը՝ ճիշտ այնպես, ինչպես երբ Հայաստանն էր հաղթել առաջին պատերազմում քառորդ դար առաջ», - ընդգծել է Քենթը: Միաժամանակ, նրա խոսքով, «բարենպաստ հնարավորություններ են բացվում», այդ թվում` ապագայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացման հարցում: Սա՝ «գուցե ոչ այս ամիս և ոչ այս տարի», բայց՝ հեռավոր ապագայում, հավելել է ամերիկացի դիվանագետը:

Վաշինգտոնից Ռուսաստանի հովանու ներքո ձեռքբերված համաձայնությունն, այսպիսով` համարում է ոչ լիարժեք ու առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն, արձանագրվում է, որ Ռուսաստանի աջակցությամբ ձեռքբերված համաձայնությունը թերի է, թույլ է, ու դեռ անելիք կա:

Հիմա Վաշինգտոնը կսպասի Մոսկվայի արձագանքին, թե ինչ է մտածում Ռուսաստանը՝ ԼՂ կարգավիճակի որոշման վերաբերյալ ամերիկյան ազդակի մասին:
Իսկ միևնույն ժամանակ ադրբեջանական սադրանքները Սյունիքում և Արցախում շարունակվում են:

Ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Հերթական դեպքը ապրիլի 6-ին գրանցվել է Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհին։ Դավիթ Բեկ - Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ, որում ուղևորներ են եղել, հաղորդում է Կապանի քաղաքապետը։ Մեքենան չի վնասվել, բայց սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքում գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին չպետք է լինեն ադրբեջանցի զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ, ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի իշխանությունները որպես պատրվակ օգտագործում են այդ ցուցանակները, դրոշները՝ տեղակայելու համար իրենց զինվորականներին, և իբր թե հայտարարված նպատակով պահպանեն իրենց ցուցանակները։ Ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով կոպտորեն խախտված են Հայաստանի քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքները՝ սեփականության իրավունքը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, ներառյալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքը և այլն։ Եվ լրջորեն վտանգված են այնպիսի կենսական իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը», - հավելել է Թաթոյանը։

Ադրբեջանցի զինվորականների տեղակայումն այդ տարածքներում ապօրինի է, ասում է օմբուդսմենը, քանի որ չկա միջազգային կանոններին համապատասխանող ո՛չ սահմանազատում, ո՛չ սահմանագծում։ Բացի այդ, նախևառաջ պետք է հիմք ընդունել մարդու իրավունքների գաղափարը, իսկ այստեղ կան խախտված և լրջորեն վտանգված իրավունքներ։ Թաթոյանը միջադեպի առիթով արդեն դիմել է միջազգային կառույցներին։ Այդ տեղեկությունները ներառվել են նաև Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգում․ - «Անվտանգության գոտին ենթադրում է, որ այն բոլոր վայրերից, որտեղ հիմա տեղակայված են Ադրբեջանի զինվորականները, ցուցանակներով ու դրոշներով հանդերձ պետք է հեռանան այդտեղից։ Մենք սահմանել ենք այս պահի հաշվարկներով առնվազն 10 կիլոմետր տարածքով։ Այդ անվտանգության գոտին ենթադրում է նաև մեր զինվորականների, սահմանապահ զորքերի համապատասխանաբար վերատեղակայում։ Եվ այն տարածքը, որը պիտի լինի անվտանգության գոտի, ապառազմականացված այդ հատվածը պետք է լիարժեք հասանելի լինի, անվտանգ լինի Հայաստանի քաղաքացիների, բնակիչների օգտագործման համար»։

Որ անվտանգության մակարդակը մեծացնելու կարիք կա, բարձրաձայնում է նաև Արցախի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երթևեկող մեքենաների ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների կողմից քարեր նետելու առաջին դեպքը մարտի 25-ին էր գրանցվել՝ Կարմիր Շուկա – Ստեփանակերտ ճանապարհահատվածում։ Իսկ մարտի 29-ին զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիսի դիահերձարան տեղափոխող մեքենան էր վնասվել, ենթադրաբար ադրբեջանցիների կողմից։ «Մեր հայտարարությունը դատախազությունը հիմք է ընդունել և համապատասխան հանձնարարություն է ուղարկել հարցը ուսումնասիրելու համար», - ասել է Ստեփանյանը։

Գրանցվող նմանօրինակ միջադեպերի մասին տեղյակ են պահվում անվտանգությունը հսկող ռուս խաղաղապահները։ Նման դեպքերը վերլուծվում են, հետևություններ են արվում, ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը․ - «Բնականաբար, հետևություններ արվում են, վերլուծվում է, թե ինչպես, ինչ ճանապարհով որ դեպքերում է հնարավոր, որ նման պրովոկացիաների գնա ադրբեջանական կողմը, և ինչ է հնարավոր անել, որպեսզի դրանք չկրկնվեն։ Օրինակ, կա նախագահի հանձնարարական, որպեսզի Արցախի կենտրոնական մայրուղիները գիշերային ժամերին լուսավորվածություն ունենան։ Ծրագիրը մեկնարկել է, Ասկերան – Ստեփանակերտը արդեն աշխատանքները սկսված են»։

Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նախօրեին ադրբեջանցիների կողմից կրկին սադրանք է իրականացվել. Շուշի - Ստեփանակերտ մայրուղու վրա, ռուսական ու հայկական դիրքերի գրեթե մեջտեղում գտնվող Շուշիի ազատագրման խորհրդանիշ հանդիսացող տանկ-հուշարձանի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները գրություններ են թողել։ Ռուս խաղաղապահներին տեղյակ են պահել։ Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորինս վախի մթնոլորտ ստեղծելու համար, ասում է Լուսինե Ավանեսյանը․ - «Նրանք, ովքեր պատերազմից հետո վերադարձել են Արցախ, պատրաստ են նման քայլերին հոգեբանորեն դիմակայել»։

Արձակված կրակոցներ, նետված քարեր, ներկված ցուցանակներ, գողացված անասուններ։ Այս ցանկը շարունակում է լրացվել։ Արցախի ԱԳՆ-ն իր տարածած վերջին հայտարարության մեջ ընդգծել է՝ անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4312 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am