Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:

Բայդենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Ըստ «Ազատության»՝ նա նշել է, որ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի, այդ թվում՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության կապակցությամբ: Փսակիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը: «Այն դեպքերում երբ Ռուսաստանի գործողությունները կվնասեն ԱՄՆ դաշնակիցներին, Վաշինգտոնը վճռական քայլերի կդիմի՝ պաշտպանելով իր ազգային շահերը», - Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ասել է Բայդենը։

Փսակին հայտնել է, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի թվում էր Բայդենի առաջարկը՝ հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին պաշտոնամուտի առթիվ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մտքերի փոխանակման կապակցությամբ: Կրեմլը շեշտել է, որ «առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման համար այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար»:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և Ուկրաինայում տիրող կացությանը։

Որպես մեկնարկ՝ Բայդենի վարչակազմի ձևավորումից օրեր անց՝ Պուտինի հետ հեռախոսազրույցն, իհարկե, կարևոր ազդակ է, որ կողմերի միջև երկխոսություն, այնուամենայնիվ, կընթանա: Սակայն արդյո՞ք ամերիկյան կողմի դիրքորոշումը կմեղմանա Ռուսաստանի ուղղությամբ և անձամբ՝ Պուտինի:

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով, այդ թվում`ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությամբ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը:

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` Բայդենն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Կրեմլի հետ, բայց և չի պատրաստվում աչք փակել մտահոգիչ հարցերի վրա․ - «Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ`միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա։ Միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար»:

Ընդ որում, դատելով պաշտոնական հայտարարություններից, Բայդենն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Սպիտակ տան, Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է Ամերիկայի ազգային անվտանգության ու հետախուզական գերատեսչություններին քննել ու իրեն ծավալուն զեկույց ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ: «Նախագահը դրանց արձագանքելու հարցում դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները», - ըստ «Ազատության», ընդգծել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին` վերստին կոչ անելով Կրեմլին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Նավալնուն ու նրա հազարավոր աջակիցներին:

Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:

Հունվարի 19-ին Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է՝ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։ «Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը ոչ թե այնպիսին է, ինչպիսին կար, այլ այնպիսին, ինչպիսին կա՝ ազգայնականության աճ, ժողովրդավարության նահանջ, Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների մրցակցության խորացում, կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացում, ինչպես նաև տեխնոլոգիական հեղափոխություն, որը վերափոխում է մեր կյանքի բոլոր ասպեկտները, և հատկապես՝ կիբերտարածությունում», - Սենատում հայտարարում էր Միացյալ Նահանգների դիվանագիտության ապագա ղեկավարը՝ խոստանալով նոր պաշտոնում աշխատել երկրի ազդեցությունն ու հեղինականությունը արտասահմանում ամրապնդելու ուղղությամբ։

58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի երկարամյա խորհրդականն է ազգային անվտանգության հարցերով։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա նաև զբաղեցրել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Փորձառու դիվանագետը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ է, 2014 թվականին առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։

Ի դեպ, անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը ի պատասխան հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։ Ղարաբաղյան 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով կրակի դադարեցմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։

Սպասենք ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությանը մեր տարածաշրջանում: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում առճակատումն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասի հանդեպ վարվող քաղաքականության վրա, և մասնավորապես Արցախի խնդրի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3927 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am