«ԴԱԻՇ-ի նավթի նախարար»-ը` սկանդալի կենտրոնում
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդի՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ։ Բոլոնիայի դատախազությունը կասկածներ ունի, որ նա Իտալիա է ժամանել ոչ թե Ջոն Հոփկինսի համալսարանի դոկտորական աստիճան ստանալու, այլ «փողեր լվանալու» համար։ Բիլալ Էրդողանն Իտալիա է ժամանել նախորդ տարվա աշնանը, սակայն դրանից անմիջապես անց հաղորդումներ եղան, որ նրան մեղադրում են ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Դա հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ից էժան գնով նավթ գնելուն։ Գերմանական Handelsblatt պարբերականը նրան անվանել էր անգամ «ԴԱԻՇ-ի նավթի նախարար»։ Ընդգծվում է, որ Բիլալ Էրդողանն իր դոկտորական ատենախոսությունը սկսել է գրել դեռևս 2007 թվականին, սակայն այն պաշտպանելու համար Իտալիա է մեկնել նախորդ տարվա աշնանը։
