Azadliq թերթի հրատարակումը կդադարեցվի
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջան» պետական հրատարակչատունը ընդդիմադիր Azadliq («Ազատություն») թերթից պահանջել է շուտափույթ մարել տպագրման ու կոմունալ ծառայություններից գոյացած պարտքը։ Հակառակ դեպքում թերթը չի տպագրվի փետրվարի 18-ից։ Այդ մասին նշված է Azadliq թերթի խմբագրության տարածած հայտարարությունում։ Փետրվարի 1-ի դրությամբ տպագրական ծառայությունների համար թերթի պարտքը կազմում է 18.342 մանաթ։ Հրատարակչատունը եվս 1064 մանաթ պահանջում է կոմունալ ծառայությունների համար։ Թերթի գլխավոր փոխխմբագիր Ռահիմ Գաջիևը լրատվամիջոցին հայտնել է, որ իրենք մեղավոր չեն ստեղծված իրավիճակի համար, և որ «Գասիդ» թերթերի տարածման ընկերությունն իրենց հրաժարվում է վճարել 69.000 մանաթ իրացրած թերթերի համար։
