Գերմանիան դեմ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն
Die Welt թերթի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն: ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներին անցկացնել Ստամբուլում: Ու թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չէր ընդունվել, ենթադրվում էր, որ հրավերը կընդունվի: Դիրքորոշման կտրուկ փոփոխություն է սպասվում,նշում է թերթը: «Մենք չենք ցանկանում, որ այն տպավորությունն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»,-հրատարակությունը մեջբերել է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:
