1988-ին էլ Մոսկվան ԼՂ-ն վերցրեց իր հովանու տակ՝ գործուղելով Վոլսկուն. Ինչու ՀՀ-ն, ՌԴ-ն ու Ադրբեջանը շատ բան անորոշ թողեցին

«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը և կառուցում է նոր ստատուս-քվո», - պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը։

Փորձագետը փաստում է, որ մինչև վերջին պատերազմը ստատուս-քվո հասկացությունն ամենից շատ կիրառվողներից մեկն էր ղարաբաղյան հակամարտությունում․ այն կարելի էր գտնել խնդրին վերաբերող համարյա բոլոր տեքստերում։ «Դա ենթադրում էր, որ հայերն իրենց վերահսկողության տակ են պահում խորհրդային ժամանակների Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, ուր հիմնականում հայեր էին բնակվում, ինչպես նաև յոթ շրջանները, որտեղ հայեր գրեթե չեն եղել։

Բնական է, որ ադրբեջանական կողմին զայրացնում էր այս «ստատուս քվոյի» մասին ցանկացած հիշատակում, նրանք այս իրավիճակը նսեմացուցիչ էին համարում, և պատահական չէր, որ պատերազմի մեկնարկից շաբաթներ անց արդեն Ալիևն ուրախությունը չզսպելով հայտարարում էր՝ «ես փոխեցի ստատուս քվոն, այն արդեն գոյություն չունի», - ըստ «Ազատության»՝ նկատել է հոդվածագիրը։

«Նոր ստատուս-քվոյի շուրջ քննարկումները Ադրբեջանում անընդունելի են»

Նոր ստատուս-քվոյի շուրջ քննարկումները ևս Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, ամենայն հավանականությամբ, անընդունելի կհամարեն։ «Բաքվում պնդում են, թե ամեն ինչ արդեն իսկ որոշված է՝ նախ պետք է ռուս խաղաղապահների հսկողության տակ հայկական ուժերը հեռանան Ղարաբաղից, հետո այնտեղ կսկսեն աշխատել ադրբեջանական իշխանության մարմինները։ Բաքվի շրջանառած մյուս թեզն է՛լ ավելի հեռուն է գնում․ Բաքուն ուղղակի պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն այլևս գոյություն չունի․ եթե դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից, այո՛, ԼՂՀ-ն գոյություն չունի, այն չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից։ Իհարկե, դա հնարավորություն է տալիս Բաքվին նվաստացնող մակդիրներ կիրառել ու դիմացինին որակել որպես խամաճիկային, ապօրինի, անջատողական, սակայն, դրանցից որևէ մեկը չի հերքում, որ Ստեփանակերտում այսօր Ադրբեջանի իշխանության օրգանները չեն աշխատում»,- փաստել է հոդվածագիրը։

Անհնար է ասել, թե Ղարաբաղ գոյություն չունի

Իրավական առումով որևէ բան չի հստակեցվել ԼՂՀ-ի կամ Ղարաբաղի կարգավիճակի մասին, որևէ հիշատակում չկա անգամ հրադադարի եռակողմ հայտարարության մեջ։ «Փաստացի, ԼՂՀ-ն թույլ, բայց ինչ-որ կերպ՝ գյուղատնտեսության ու զբոսաշրջության հաշվին իր գոյությունը պահող, վիճելի կարգավիճակ ունեցող քաղաքական միավորից վերածվեց ավելի փոքր, բայց՝ անհեռանկարային տարածքի, որը կարող է գոյություն ունենալ բացառապես դոտացիաների հաշվին», - կարծիք է հայտնում վերլուծաբանը, հիմնավորելով՝ Ղարաբաղի հարավային և հարավ-արևելյան տարածքները, որոնք ադրբեջանական բանակը պատերազմի սկզբում էր գրավել, չճանաչված հանրապետության գլխավոր ցանքատարածություններն էին։

Հադրութում, խաղողի այգիներից բացի, կար «Կատարո» գինու գործարանը։ Աղդամի և Քելբաջարի շրջանները կորցնելով՝ հայերը զրկվեցին մրգատու հսկայական այգիներից և Սոթքի ոսկու հանքից, որը պատկանում է ռուսական GeoProMining ընկերությանը։ Փոխարենը հայերի վերահսկողության տակ մնացին Ստեփանակերտ, Խոջալու (Իվանյան), Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքները: «Մի կողմից, սրանք այն բնակավայրներն են, որտեղ ապրում էր ԼՂՀ-ի բնակչության մեծ մասը՝ նաև պատերազմից առաջ։ Մյուս կողմից, այդ քաղաքները գտնվում են լեռներում, և այժմ պետք է Հայաստանից ստանան գրեթե ամեն ինչ, քանի որ գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը կորսված է», - գրում է Մոսկովյան կենտրոնի փորձագետն՝ անհավանական համարելով, որ Ղարաբաղի տնտեսությունը կարող է վերապրոֆիլավորվել ու ագրարայինից դառնալ արդյունաբերական։ «Այդուամենյանիվ, ասել, որ Ղարաբաղ գոյություն չունի՝ անհնար է։ Հայերը վերադառնում են իրենց բնակավայրեր, և հաստատ ոչ՝ Ադրբեջանի քաղաքացի դառնալու համար», - ընդգծում է նա։

«Հայերը ոչ մի տեղ էլ չեն գնա, մինչև իրենց չստիպեն»

Փորձագետը փաստում է, որ առայժմ օդում է մնում նաև Բաքվի պնդումն, ըստ որի, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղի տարածքից։ «Ադրբեջանում մեջբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի առաջին դրույթը, որտեղ ասվում է, թե ռուս խաղաղապահները տեղակայվում են հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Հայկական կողմից հակադարձում են՝ դա միայն Ղարաբաղի շրջակա տարածքներին է վերաբերում։

«Փաստացի, հայերն ուղղակի շոշափում են հնարավորի սահմանները, և ոչ մի տեղ էլ չեն գնա, մինչև իրենց չստիպեն», - պնդում է Կիրիլ Կրիվոշեևը՝ շարունակելով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ այս տարածաշրջանում որպես զինված միավորում մնալու են միայն ռուս խաղաղապահներն, անպատասխան է ևս մեկ կարևոր հարց՝ իսկ ինչպե՞ս է ձևավորվելու ԼՂ-ի վարչակազմը։ «1988-ին, երբ Ղարաբաղում անկարգություններն արդեն սկսվել էին, սակայն, բանը դեռ պատերազմի չէր հասել, Մոսկվան այս տարածքը վերցրեց իր հովանու տակ՝ այնտեղ գործուղելով Արկադի Վոլսկուն, հետո՝ Վիկտոր Պոլյանիչկոյին, ովքեր փաստացի դարձել էին գեներալ-նահանգապետեր՝ իրենց ձեռքում ունենալով իշխանության բոլոր լծակները։

Հիմա ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար գեներալ Մուրադովը վարչական գործառույթներ չունի, ուրեմն, դրանք շարունակում են կատարել Ղարաբաղի իշխանությունները։ Ընդ որում, ստացվում է, որ Ղարաբաղում, ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարել, կլինեն արտահերթ ընտրություններ, և ռուս խաղաղապահները պետք է ապահովեն քվեարկության անվտանգությունը, որն Ադրբեջանն ապօրինի է համարում»։

Բաքվում, ըստ վերլուծաբանի, հակված չեն հրապարակավ խոսել իրենց համար անհարմար այս փաստերի մասին, և փորձում են շեշտը դնել համաձայնագրի մեկ այլ դրույթի վրա, որտեղ խոսվում է «ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի մասին՝ ՄԱԿ-ի հանձնակատարի հովանու ներքո»։ Սակայն, այստեղ էլ հարցերի պակաս չկա․ «ե՞րբ են վերադառնալու՝ մեկ, տարածաշրջանի լիակատար կայունացումի՞ց, թե՞ իրենց տեղահանությունից հետո այդ բնակավայրերում հաստատված նոր բնակիչներին վտարելուց հետո։ Այդ բազմազգ Ստեփանակերտ-Խանկենդիում բոլորը միևնույն երկրի քաղաքացիությունն են ունենալու, և իշխանության ո՞ր մարմնին են ենթարկվելու», - թվարկում է վերլուծական կենտրոնի փորձագետը՝ եզրափակելով․ - «Այսօրինակ հարցերն այնքան շատ են, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում շատերն են լրջորեն համոզված, որ եռակողմ հայտարարության յուրաքանչյուր կետ նաև գաղտնի ենթակետեր ունի։ Սակայն, նման բան չկա՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը թողել են շատ բան անորոշ, որպեսզի հետո հնարավորություն ունենան գործել՝ ելնելով այդ պահին առկա հանգամանքներից»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3894 անգամ
Լրահոս
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am