Ծանր բեռ Պուտինի ուսերին. Արցախում խաղաղապահներին պահելու գինը

Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության օրակարգում հայտնվել է նոր կետ՝ Լեռնային Ղարաբաղը։ Եվ այս մասին արդեն խոսում է պաշտոնական Մոսկվան։ Արևմուտքը չի հաշտվում ՌԴ-ի ազդեցության մեծացմանը Հարավային Կովկասում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Russia Today-ի եթերում ասել է, թե Արևմուտքը Ռուսաստանին մեղադրելու համար կարող է դեռ շատ առիթներ հորինել՝ Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեղադրանքների համար: «Վերջերս մեզ մեղադրում էին Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ՝ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, ասելով, թե Թուրքիայի հետ համաձայնեցված է այդ տարածաշրջանի բաժանումը, միայն թե Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, ովքեր այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովը հավելել է, թե Մոսկվան պատրաստ է նման մեղադրանքներին: «Օրերս կարդացի, որ ԱՄՆ Կոնգրեսը խրախուսում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության դեմ պատժամիջոցները միայն այն պատճառով, որ այդպիսի միություն գոյություն ունի, և այն դուր չի գալիս նրանց, ովքեր կցանկանային Բելառուսում ևս մեկ «գունավոր հեղափոխություն» անել», - նշել է նա։

Մոսկվայում մի շարք փորձագետներ խոսում են այն մասին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն ելքը ավելի սերտ ինտեգրումն է Ռուսաստանի հետ՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության տեսքով, օրինակ։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ բարձրաձայնել է այն հարցերը, որոնց շուրջ պետք է ընթանան առաջիկայում կայանալիք բանակցությունները։ «Մեզ անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, քանի որ հրադադարը համաձայնագիր չէ, այլ պատերազմի ավարտ։ Հիմա մեզ անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, նրա վարչական սահմանագծման, կառավարման միջոցների հետ կապված հարցերում», - ըստ «Ազատության» ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե ղարաբաղյան բանակցությունները կվերսկսվեն, երբ իրավիճակը հանդարտվի և կողմերը պատրաստ լինեն բանակցություններին։ Իսկ առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Արցախը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ ռուսական քաղաքական օրակարգում, հատկապես որ Ղարաբաղում են ռուս խաղաղապահները, և Կրեմլը նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը ներկայացնում է որպես Մոսկվայի մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ։

Ռուսաստանցի փորձագետների մի մասի կարծիքով՝ Մոսկվան մտադիր է Լեռնային Ղարաբաղը դարձնել Աբխազիա կամ Հարավային Օսիա։

Քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը, մասնավորապես, ասում է, որ թեև Մոսկվան այսօր ակտիվորեն զբաղված է Ղարաբաղում իր խաղաղապահ դերի փիառով, պետք է արձանագրել, որ նա այդ դերն իսկապես ստանձնել է և վերջ է տվել դաժան պատերազմին։ Սակայն այսօր Մոսկվան ակնհայտորեն փորձում է Ղարաբաղը վերածել Աբխազիայի, Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի։ «Մոսկվան ուզում էր ստանալ ևս մեկ չճանաչված հանրապետություն, որը դե ֆակտո կլիներ Ռուսաստանի հովանու ներքո։ Ինչպես աբխազական քաղաքացիները, օրինակ, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Չեմ կարծում, որ այստեղ այդպես կստացվի։ Քանի որ Ղարաբաղը հակամարտության տարածքն է։ Բոլորովին թարմ հակամարտության։ Ամեն դեպքում, Մոսկվայի նման ցանկությունն ակնհայտորեն երևում է», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետը։

Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել, ադրբեջանական կողմի համար դա այլևս քննարկման ենթակա չէ, ասում է ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նա «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է. «Հրադադար և զինադադար ունենք, բայց դեռ շատ հեռու ենք քաղաքական համաձայնությունից։ ԵՎ կարծում եմ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանց համար այս հարցը այլևս օրակարգում չէ, այն այլևս քննարկման ենթակա չէ: Բայց դեռ պետք է բանակցություններ վարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ապագա կարգավորման շուրջ: Ենթադրում եմ, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ այս պահին դա հնարավոր է: Դա շատ դժվար է լինելու: Կարծում եմ, որ Մինսկի խմբի հեղինակությունը բավականին վնաս է կրել տարածաշրջանում, մասնավորապես՝ Ֆրանսիայինը։ Կարծում եմ՝ Ադրբեջանում Ֆրանսիային այլևս չեն համարում ազնիվ միջնորդ: Ռուսաստանն այժմ վերահսկողի դերում է»:

Ըստ նրա՝ մեծ հարց է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեռ կարող են միջնորդի կարևոր դեր ունենալ: Թոմաս դե Վաալի կարծիքով՝ «լավ կլիներ, եթե այդ եվրոպական տերությունը փոխարիներ Ֆրանսիային, միգուցե դա կարող է լինել Գերմանիան»: Նա պարզաբանում է. «Սա ոչ թե Ֆրանսիայի որպես միջնորդի արտացոլումն է, այլ պարզապես արտացոլումն է այն փաստի, որ Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը նշանակում է, որ Ֆրանսիան այլևս այդքան հարգված չէ Ադրբեջանում: Երկրորդ՝ կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք է դեր խաղա: Օգտակար կլիներ, եթե լիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև: ՄԱԿ-ն այժմ գործակալություններ է ուղարկում Ադրբեջան, Ղարաբաղ: Լավ կլիներ, որ ՄԱԿ-ը ներգրավվեր: Եվ ես կցանկանայի նաև դեր տեսնել Եվրամիության համար, որը 30 տարի առաջ չուներ քաղաքական նկարագիր, բայց հիմա կարծում եմ, որ պետք է դեր խաղա: Բայց եկեք անկեղծ լինենք՝ հիմա դժվար է բանակցություններ վարել: Այս պատերազմը, իմ կարծիքով, է՛լ ավելի է բարդացրել երկու երկրների հարաբերությունները: Այսպիսով, կանգնելու համար շատ դժվար տեղ է:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, օրեր առաջ հստակ ասաց Պուտինի խոսնակ Պեսկովը: Ըստ փորձագետի՝ «Ռուսաստանն այժմ դե յուրե շեշտում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց դե ֆակտո այժմ այն ռուսական անկլավ է: Այնտեղ կան ռուս խաղաղապահներ: Ռուսաստանն է դարձել Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և ոչ թե Հայաստանը: Նրանք նույնիսկ խոսում են ռուսերենը Ղարաբաղի լեզուն դարձնելու մասին: Ղարաբաղում արդեն իսկ խոսում են ռուսերեն: Այո, Ղարաբաղը հիմա հիմնականում գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, և Ռուսաստանի համար, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի Կովկասում, որը նրանք չեն ցանկանում կորցնել, չնայած ասում են, որ տեխնիկապես, իհարկե, դա Ադրբեջանի կազմում է»:

Պարզ է, որ այժմ գլխավոր դերը Ռուսաստանինն է, և անշուշտ շահագրգռված է կայուն խաղաղության մեջ, բայց որը կարդարացնի ռուս խաղաղապահների ներկայությունը այնտեղ: Այսինքն, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» դրությունն ավելի ձեռնտու է ռուսների համար, քան լիակատար խաղաղությունը, ինչը փաստարկ կլինի ռուսների՝ տարածաշրջանից դուրս գալու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5867 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am