Էրդողանը հատել է կարմիր գծերն ու ազդում է բոլորի նյարդերի վրա. 3 օրից որոշում կկայացվի

Թուրքիայի մասնակցությամբ Հունաստանում, Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել, որը ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։

ԵՄ անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Դաշինքի առաջատար անդամներից Ֆրանսիան դեռևս շաբաթներ առաջ է սկսել Թուրքիայի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին խոսել։ Reuters-ի փոխանցմամբ` Փարիզում պնդում են, որ Թուրքիան անտեսել է հոկտեմբերի 1-ին ԵՄ ղեկավարների կողմից հնչեցված զգուշացումները, որոնք վերաբերում էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների շուրջ վեճին։ Գործակալության տվյալներով՝ Փարիզը փորձում է հասնել առանց այդ էլ խոցելի վիճակում հայտնված թուրքական տնտեսության թիրախավորմանը՝ պատժամիջոցներ սահմանելով մասնավորապես էներգետիկ և բանկային ոլորտների դեմ։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների՝ անցյալ շաբաթ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի միջև վիճաբանության վերաբերյալ։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ այդ հավաքի ժամանակ Փոմփեոն սուր քննադատություն է հնչեցրել Թուրքիայի հասցեին, մինչդեռ ինչպես France-Presse գործակալությունն է պատմում տեղի ունեցածի մասին` վկայակոչելով իր աղբյուրները, դիվանագետների միջև տեղի է ունեցել թեժ վեճ, Փոմփեոն և Չավուշօղլուն կոշտ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։
Վաշինգտոնը Անկարային քննադատում է ՆԱՏՕ -ի կազմում դաշնակից Հունաստանի ջրային տարածքներում ապակայունացնող քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, գրում է France-Presse-ը։ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային նաև մեղադրել է ՆԱՏՕ-ի մրցակից Ռուսաստանի շահերին ծառայելու համար, քանի որ Անկարան, անտեսելով դաշնակիցների դիմադրությունը, ռուսաստանյան հակահրթիռային համակարգեր է գնել։ Փոմփեոն Անկարային հորդորել է իրեն դաշնակցի պես պահել, վերջինին մեղադրելով նաև կենսական կարևորություն ունեցող բարեփոխումներին ուղղված ջանքերը տապալելու համար։

Reuters լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Մայք Փոմփեոն արտգործնախարարների համար արտասովոր այդ հանդիպմանը շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքների և գործողությունների դեմ ՝ այդկերպ խարխլելով դրա միասնականությունը։ Հաղորդվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին է կշտամբել Վաշինգտոնին՝ ափսոսանք հայտնելով, թե ԱՄՆ-ը «Թուրքիայի դեմ է գործել», աջակցել Հունաստանի և Կիպրոսի «առավելապաշտական դիրքորոշումներին» և «ահաբեկչական կազմակերպություններին»։ Բացի այդ, Մևլութ Չավուշօղլուն նշել է, թե Լիբիայում Ֆրանսիայի դիրքորոշումն է ամենամեծ սպառնալիքը Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությանը։

Թուրք նախարարը, ինչպես նշում է Reuters-ը, իր ելույթն ավարտել է ակնհայտորեն ջղաձգված՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, կողմնակալ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Ամերիկյան Politico-ի համաձայն՝ հեռավար այդ հանդիպմանը մասնակցող նախարարներից ոմանք, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Փոմփեոյին, և ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Անկարան կարծես մեկուսացված էր դաշինքի տասնյակ անդամներից։

Այսպիսով, ուշագրավ դաշինքներ են ձևավորվում ընդդեմ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության՝ աշխարհի տարբեր կողմերում:

Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովի վիճահարույց մասով, որտեղ, ենթադրաբար, էներգիայի հսկայական պաշարներ կան: Երկու երկրների օդային ուժերը օգտագործում են նույն տեսակի ինքնաթիռներ՝ պահելով ուժային հավասարությունը: Բայց Հունաստանը վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական համաձայնագիր է ստորագրել, ինչը տագնապ է առաջացրել Անկարայում:

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքով՝ եթե Հունաստանը և ԱՄԷ-ն միավորվեն Միջերկրական և Էգեյան ծովերում, ուժերի հավասարակշռությունը կփոխվի օդում: Եվ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի հետ միասին գնեն F-35, դա կհակասի Թուրքիայի շահերին: Բայց Անկարային արգելված է ինքնաթիռ գնել Ռուսաստանից հրթիռային համակարգ գնելու պատճառով, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգում է F 35-ի գաղտնի տեխնոլոգիան:

Աթենքը գնալով ուժեղացնում է ճնշումը Անկարայի վրա՝ հունական ռազմանավերը միավորելով Եգիպտոսի և Էմիրությունների ուժերին, ինչը վերլուծաբանները համարում են տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացման նշան:

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Հուսեյն Բաչյչիի կարծիքով՝ գնալով մեծանում է Թուրքիայի նկատմամբ աճող հակակրանքի շրջանակը, և Թուրքիան չի կարող այդպես շարունակել: Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբիան, Միացյալ Էմիրություններ… դա չափազանց մեծ հակազդեսություն է: Թուրքիայի նպատակը տարածաշրջանում առաջնորդ դառնալ էր, սակայն այժմ միայն Քաթարն է նրան սատարում:

Դեկտեմբերի 10-ին ԵՄ գագաթնաժողովում Աթենքը կփորձի պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անկարան հետ կանչեց իր էներգետիկ հետազոտությունների նավերը, որոնք գործում էին վիճահարույց Միջերկրական ծովի ջրերում և երկխոսության կոչ արեց:

Նկատենք, որ COVID 19-ի նոր արգելափակումների պատճառով Թուրքիան ԵՄ պատժամիջոցների նկատմամբ ավելի խոցելի է, քան երբևէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10028 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am