Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով

«Ոչ մեկը դեռ հասանելիք գումարը չի ստացել»

«Մեզ ուղարկում են առաջնագիծ, այնտեղ սարսափելի է, ուղղակի սարսափելի», - Ղարաբաղում կռվող սիրիացի վարձկաններից մեկի խոսքերն է մեջբերում ամերիկյան ամենահեղինակավոր ազատական պարբերականներից մեկը՝ New York Review of Books-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ երկշաբաթյա այս հանդեսի վերջին համարում սիրիական քաղաքացիական պատերազմի մասին գրող ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Էլիզաբեթ Ցուրկովը, մանրամասնորեն ներկայացնում է սիրիացի վարձկանների՝ ղարաբաղյան պատերազմում օգտագործման ողջ մեխանիզմը՝ կոնկրետ օրինակներով ի ցույց դնելով, թե ինչ ճակատագրի են արժանանում Ադրբեջան մեկնող վարձկանները։ «Այնտեղ ամեն օր մարտեր են։ Մեզ ներգրավում են [հայկական դիրքերի վրա] գրոհներում, դադար չկա։ Մեր տղաներից շատերը անհետ կորել են, և մենք չենք կարողանում նրանց գտնել», - լրագրողին ասել է այժմ Ադրբեջանում գտնվող զինյալներից մեկը՝ Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան քաղաքում ծնված Աբդել Բասիտը։

«Կոտրված ու սնանկացած սիրիացի տղամարդիկ թնդանոթի միս են դարձել։ Աբդել Բասիտի չորս ընկերները զոհվել են երկու օրվա ընթացքում։ Եվս երկուսը զոհվել են դրան հաջորդած շաբաթվա մեջ», - գրում է Ցուրկովը` նշելով, թե իր հարցազրույցները Լիբիայում և Ադրբեջանում կռվող զինյալների հետ վկայում են, որ նրանք օտար պետություններում վարվող պատերազմներին մասնակցում են նախևառաջ առաջարկվող գումարի համար։

Ըստ New York Review of Books-ի հեղինակի, Ադրբեջան մեկնած զինյալները դեռ որևէ վարձատրություն չեն ստացել։ «Ադրբեջանում գտնվող իմ զրուցակիցներից և ոչ մեկը դեռ հասանելիք գումարը չի ստացել, քանի որ մեկ ամսից էլ քիչ է, ինչ նրանք [ռազմական գործողությունների գոտում են]», - նշում է հանդեսը։

Ըստ Էլիզաբեթ Ցուրկովի՝ սիրիացի վարձկաններին առաջարկում են ամսական 600-ից 2500 ամերիկյան դոլար, իսկ նրանց պայմանագրերը եռամսյա են: Լրագրողը պատմում է զոհված սիրիացիներից մեկի՝ ոմն Մուհամադ ա-Շահնեյի մասին։ New York Review of Books-ի հեղինակը զրուցել է նրա անմիջական հրամանատարի՝ Ռուստումի հետ, որն ասել է, թե իրենք փորձում էին անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդը ողջ մնա, բայց՝ ապարդյուն։

«Մենք նրան վարորդ էինք նշանակել, ցանկանում էինք նրա կյանքը չվտանգել, քանի որ Մուհամադը իր ծնողների միակ արու զավակն էր։ Նա մարտիկներին զորանոցից հավաքատեղի էր տեղափոխում, սակայն մի օր նրան հանձնարարեցին վիրավորներին առաջնագծից տարհանել [հոսպիտալ], և դիպուկահարը սպանեց նրան», - նշում է վարձկանների հրամանատարը։ Էլիզաբեթ Ցուրկովն, իր հերթին, հատուկ ընդգծում է. - «Մուհամադ ա-Շահնեյի ընտանիքը որևէ փոխհատուցում չի ստացել։ Ավելին, ի տարբերություն Սիրիայում կամ Լիբիայում զոհված զինյալների, Ադրբեջանում Թուրքիայի կողմից կռված վարձկանների ընտանիքներին թուրքական քաղաքացիություն չի խոստացվել»։

«Օգոստոսի սկզբից ի վեր միջնորդները Աֆրինում գրասենյակներ բացեցին, որոնք սկսեցին գրանցել Ադրբեջան մեկնել ցանկացողներին»

Ցուրկովը նաև նկարագրում է զինյալների հավաքագրման գործընթացը՝ նշելով, որ այն տեղի դաշտային հրամանատարների համար հարստանալու դյուրին միջոցի է վերածվել։ «Օգոստոսի սկզբից ի վեր միջնորդները Աֆրինում գրասենյակներ բացեցին, որոնք սկսեցին գրանցել Ադրբեջան մեկնել ցանկացողներին։ WhatsApp-ում ևս այդ նպատակով հատուկ խումբ ստեղծվեց», - գրում է ամերիկյան պարբերականը՝ մանրամասնելով. - «Միջնորդները զինյալներին գրանցում են ապագա վճարումների մի մասի վերադարձի դիմաց։ Հետո նրանք զինյալներին հանձնում են երեք թրքամետ խմբավորումներից որևէ մեկի հրամանատարին, որն էլ գումարի իր բաժինն է ստանում»: New York Review-ն ընդգծում է, որ Ադրբեջան ուղարկվելու նպատակով անգամ մարտական գործողությունների մասնակցության փորձ չունեցող քաղաքացիական անձինք են հավաքագրվում։

էլիզաբեթ Ցուրկովի խոսքով, այդուհանդերձ, հավաքագրման այս գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը սուտ խոստումներն են։ «Սկզբնական շրջանում, հավաքագրողները ապագա զինյալներին ասում էին, թե նրանք Ադրբեջան են մեկնում նավթային օբյեկտները հսկելու համար։ Բայց երբ Ադրբեջանը ռազմական գործողությունների մեջ մտավ հայկական ուժերի հետ, սիրիացիներին նետեցին առաջնագիծ», - գրում է ամերիկյան հանդեսը, նշելով, որ ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ՝ Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները ևս փոխում են իրենց մեթոդները։

«Երբ ընդամենը մի քանի օրում տասնյակ զինյալներ զոհվեցին, հավաքագրողների մարտավարությունը փոխվեց։ Նրանցից ոմանք այսօր ասում են, թե հավաքագրված սիրիացիները տեղակայվելու են ռազմաճակատի ոչ ամենաթեժ հատվածներում։ Դա սուտ է, քանի որ սիրիացիները չեն կարող հստակ իմանալ՝ ճակատի որ հատվածում հանդարտ կլինի, իսկ որ հատվածում թեժ մարտեր կբռնկվեն», - գրում է Ցուրկովը՝ ընդգծելով, որ հավաքագրողների մի մասն էլ պնդում է, թե մարտական գործողությունները այլևս այդքան կատաղի ու մահաբեր բնույթ չեն կրում։ «Այս կեղծիքները, սակայն, անիմաստ են թվում։ Արդեն իսկ բավականաչափ մարդիկ են Ադրբեջան մեկնած ընկերներից և բարեկամներից տեղեկացել, թե մարտական գործողությունները ինչ կատաղի բնույթ են կրում, որ մարտի դաշտից վիրավորներին տարհանելու համար ժամեր են պահանջվում, ինչի հետևանքով Ադրբեջան մեկնած սիրիացիներից ոմանք պարզապես արյունաքամ են լինում», - գրում է ամերիկյան պարբերականը։

«Զինյալներից շատերը այս պատերազմը ընկալում են որպես վարձատրվող արձակուրդ»

Սիրիացի վարձկանների թեմային անդրադառնում է նաև ռուսական մամուլը։ РИА "Новости"-ն գրում է. - «Այն, որ սիրիացի վարձկանները մասնակցում են նոր ղարաբաղյան պատերազմին, հաստատեցին միանգամից մի քանի բարձրաստիճան աղբյուրներ»։ Ռուսական լրատվամիջոցը մեջբերում է Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Աբաս Ջումայի խոսքերը, որը պնդում է, թե սիրիացիների համար Լեռնային Ղարաբաղ ուղևորությունն ավելի գրավիչ էր, քան Սիրիայում կամ Լիբիայում կռվելը։ «Զինյալներից շատերը այս պատերազմը ընկալում են որպես վարձատրվող արձակուրդ», - նշում է փորձագետը՝ հավելելով. «Արձակուրդը, սակայն, այնքան էլ հաջողված չէր», - հավելում է РИА "Новости"-ի մեկնաբանը՝ նշելով, որ սիրիացիների շրջանում զոհերի թիվը գնալով շատանում է։ «Սիրիացիները պարզապես թնդանոթի միս են։ Ադրբեջանի բնակչության համար եկվոր զինյալների մահը որևէ նշանակություն չունի՝ ի տարբերություն կանոնավոր բանակի զինվորների դագաղների շարանի», - նկատում է փորձագետը։

Սիրիացիների շրջանում զոհերի անշեղորեն աճող թվի մասին նախօրեին հայտնեց նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կառույցը։ Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին ամենօրյա ռեժիմով հետևող այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6449 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am