Հյուսիսային Կորեայում կիբերհարձակումների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու բաժին կա
Հյուսիսային Կորեայի գլխավոր հատուկ ծառայությունը Unit 180 կոչվող բաժին ունի, որը կարող էր որոշ կիբերհարձակումներ կազմակերպել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փորձագետների պնդմամբ՝ հենց Unit 180-ն է մասնակցել WannaCry վիրուսի տարածմանը: Ինֆորմատիկայի նախկին պրոֆեսոր Կիմ Հըն Կվանը ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետախուզության «ցանցահենային» բաժինը զգալիորեն պատասխանատու է ֆինանսական հանցագործությունների համար: Նրա խոսքով՝ իր նախկին աշակերտներից ոմանք միացել են Հյուսիսային Կորեայի «կիբերբանակին»: «Unit 180-ը զբաղված է ֆինանսական կազմակերպությունների վրա ցանցահենային գրոհներով՝ բանկային հաշիվներից փող հափշտակելու նպատակով: Ցանցահենները մեկնում են արտասահման՝ ավելի լավ ինտերնետ-ծառայություն գտնելու համար, քան Հյուսիսային Կորեայում է, որպեսզի հետքեր չթողնեն»,- ասել է նա:
