Հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին․ Սուրեն Սարումյան
Արցախի տեղեկատվական շտաբի կազմակերպած ասուլիսում այս պահին ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկություն հաղորդեց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Նրա խոսքով՝ այս պահին մարտական գործողություններ են ընթանոմ ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով, հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի:
«ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ, որանց թիվը տվյալ պահին ճշտվում է, քանի դեռ մարտական գործողություններն ընթանում են: Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը: Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակակոծության՝ այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: ՊԲ մարտիկները ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- տեղեկացրեց նա:
