Տիխանովսկայային նախագահ հռչակեցին, իսկ «Բատկան» սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

Լիտվայի Սեյմը` խորհրդարանը երեկ որոշում է կայացրել, որով Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել է «հանրապետության ընտրված նախագահ»:

«Սեյմը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել Սվետլանա Տիխանովսկայային՝ բելառուս ժողովրդի կողմից ընտրված առաջնորդին և նրա նախաձեռնությամբ ստեղծված ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Համակարգող խորհրդի աշխատանքին՝ նախագահական և խորհրդարանական նոր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ձգտմանը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևի մեջ:

Բանաձևի հեղինակներն առաջարկում են գնահատել Լուկաշենկոյի գործողությունները որևէ որոշում կայացնելիս: Պատգամավորներն ընդգծել են նաև, որ նոր միջազգային պայմանագրերի կնքումը Ռուսաստանի հետ «սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը»:

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո մեկնել էր Լիտվա: Իսկ Բելառուսում գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրերս հայտնի դարձավ, որ Բելառուսում իշխանություններն ընդդիմության առաջնորդին երկրից վտարելու անհաջող փորձ են իրականացրել:

Բելառուս ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները իր գլխին հագցրել են պարկ և սպառնացել սպանել նրան, երբ փորձել են այս շաբաթվա սկզբին վերջինիս արտաքսել Ուկրաինա: Այս մասին ասված է Կոլեսնիկովայի փաստաբանի ներկայացրած հայտարարության տեքստում:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Բելառուսում սկսված բողոքի ցույցերի ազդեցիկ առաջնորդ Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը՝ այսպիսով անհնարին դարձնելով իր վտարումը երկրից: Այժմ նա կալանքի տակ է Մինսկում:
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ իսկապես վախենում էր իր կյանքի համար:

«Նրանք, մասնավորապես, ասում էին, որ եթե ես կամովին չլքեմ Բելառուսի Հանրապետության տարածքը, ապա ինձ ամեն դեպքում դուրս կհանեն՝ ողջ կամ մասնատված: Նաև սպառնալիքներ են հնչել ինձ մինչև 25 տարի ժամկետով բանտարկելու մասին», - հայտնում է Կոլեսնիկովան:

Կոլեսնիկովայի փաստաբանը տեղեկացնում է, որ հայցադիմումով դիմել է համապատասխան մարմիններին՝ Բելառուսի իշխանությունների, այդ թվում ՊԱԿ-ի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Իր հերթին Կիևը դատապարտել է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները, այս մասին Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է Զելենսկին: «Կիևը միանում է Եվրամիության հայտարարությանը», - երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ եվրոպական ընտանիքը պատժամիջոցներ կսահմանի բելառուսցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։
Հրապարակվել է գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչի մեկնաբանությունները՝ Բելառուսի վերաբերյալ: «Բելառուսի իշխող վարչակազմը տեռոր է սկսել սեփական ժողովրդի դեմ», ասել է Սվետլանա Ալեքսեևիչը: Աշխարհահռչակ գրողը շաբաթներ առաջ միացել էր ընդդիմության համակարգող խորհրդին և այսօր այդ կառույցի նախագահության յոթ անդամներից միակն է, որ մնացել է հայրենիքում` ազատության մեջ: Մյուսներին ուժայինները կա՛մ ձերբակալել են, կա՛մ վտարել, կա՛մ հարկադրել, որ նրանք հեռանան երկրից:

«Սկզբում առևանգեցին մեր երկիրը, հիմա առևանգում են մեզնից լավագույններին», ըստ «Ազատության»՝ նշել է նոբելյան մրցանակի դափնեկիրը, ընդգծելով` միևնույնն է` բողոքի այս ալիքը հնարավոր չի լինի կանգնեցնել. ոտքի է ելել ոչ թե համակարգող խորհուրդը, այլ ողջ երկիրը»:

«Լուկաշենկոն ասում է, թե չի բանակցի փողոցի հետ, իսկ փողոցը հարյուր հազարավոր մարդիկ են, որ ամեն կիրակի, ամեն օր իրենց ձայնն են բարձրացնում: Նրանք փողոց են դուրս գալիս իրենց երեխաների հետ, քանի որ հավատում են, որ կհաղթեն», գրել էր Սվետլանա Ալեքսեևիչը գրական կայքերից մեկում:

Գրառումը, սակայն, կիսատ է մնացել, քանի որ այդ պահին անհայտ անձինք նաև 72-ամյա գրողի դուռն են ծեծել, հետո էլ շարունակ զանգահարել` չանսալով իրեն հանգիստ թողնելու տարեց կնոջ բազմաթիվ խնդրանքներին: «Ալեքսեևիչի դուռը ծեծելու փոխարեն ձեր խիղճն արթնացրեք», - քիչ անց դիմելով Բելառուսի վարչակազմին` հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարը: Ուրմաս Ռեինսալուն այսօր Տալլինում հյուրընկալել էր սկանդինավյան ու բալթյան յոթ պետությունների արտգործնախարարներին: Բելառուսի ընդդիմությանը սատարելուց բացի, նրանք նաև դիմել են Բրյուսելին` կոչ անելով արագացնել Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներն ու ցանկը հրապարակել մինչև այս շաբաթավերջ:

Այսպես, ԵՄ պետությունները համաձայնել են սահմանափակումներ մտցնել բելառուսցի ավելի քան երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու ցուցարարների դեմ բռնություններին: Առայժմ, սակայն, հստակ չէ` ովքեր են ներառվել այդ ցանկում: Պատժամիջոցների մասին է հայտարարել նաև Վաշինգտոնը: «ԱՄՆ-ը դաշնակիցների ու գործընկերների հետ քննարկում է հավելյալ, հասցեական սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը` պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր մասնակից են մարդու իրավունքների ոտնահարումներին ու բռնաճնշումներին», նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Մինչ արևմուտքը խստացնում է ճնշումները, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է մեկնել Մոսկվա` հերթական անգամ, ինչպես ինքն է բնորոշել, ավագ եղբոր` Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստանալու: Հաջորդ շաբաթ նախատեսված այցից առաջ` երեկ, նա իր նստավայր է հրավիրել Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, այդ թվում` RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին: Խոսելով ավելի քան մեկ ամիս իր դեմ շարունակվող ցույցերի մասին` Լուկաշենկոն պնդել է` այդ ամենը կառավարվում է ԱՄՆ-ից, երկրի գերակշռող մեծամասնությունն իրեն է աջակցում, և եթե ինքը չլինի, համակարգը կփլուզվի, երկիրն էլ` հետը: Ամենաուշագրավ ուղերձը, սակայն, հասցեագրված էր ոչ թե Բելառուսի ժողովրդին կամ ընդդիմադիրներին, այլ Կրեմլի առաջնորդին: «Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը», - մի քանի անգամ կրկնել է նա, բացահայտ ակնարկելով` Ռուսաստանի նախագահն այսօր պետք է իր կողքին կանգնի, եթե չի ուզում, որ վաղն էլ իր իշխանությունը տապալվի. - «Ես շատ նախագահների հետ եմ խոսել, ինչպես նաև իմ ավագ եղբոր` Պուտինի, ես նրան զգուշացրել եմ` սրան դիմակայել չի լինի. ինչպե՞ս դիմակայես, ինչ-որ մեկը կարո՞ղ է արգելափակել այդ Տելեգրամ ալիքները... ոչ... այդ իսկ պատճառով, դուք էլ մի թուլացեք, ձեզ մոտ էլ շուտով քաղաքական իրադարձություններ են սպասվում»:

Լուկաշենկոն պնդել է` իր դեմ դուրս եկած ցուցարարների մեծ մասը` վաթսուն տոկոսը, թմրամոլներ ու հարբեցողներ են, ուժայիններն էլ, գուցե մի փոքր չափն անցել են, բայց նրանց չի կարելի մեղադրել, քանի որ պաշտպանել են երկիրը կայծակնային պատերազմում: «Որոշ աղջիկների հետույքները կապույտ ներկով էին ներկել, մեկի կողքն էին սևացրել, որ հետո ցույց տան, թե տեսեք֊, տեսեք..այդ կապտուկներն արդեն անցել են, իսկ այն 30-40 օմոնականները, որոնք կոտրվածքներ են ստացել, մինչ այժմ պառկած են հիվանդանոցում: Ես չեմ կարող մեղադրել մարդկանց, որ պաշտպանել են ոչ միայն երկիրը, այլև ինձ», - ասել է՝ «Եվրոպայի վերջին բռնապետի» տիտղոսը ստացած առաջնորդը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2652 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am