Վարչապետը վերջին անգամ Թուրքիայի իշխող կուսակցության նիստ է անցկացրել
«Ակօսը» հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վերջին անգամ անցկացրել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստը՝ որպես կուսակցության նախագահ: Թուրքիայի վարչապետն իր ելույթում հայտարարել է, որ «եկել է միասնական Թուրքիայի ժամանակը», և սահմանադրական փոփոխությունների շուրջ վիճաբանությունները վաղուց անցյալում են։ «Կառավարման նախագահական համակարգին «Այո» ասողն էլ, «Ոչ» ասողն էլ մեր գլխի թագն են», - ասել է Յըլդըրըմն իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալուց առաջ։ Կուսակցության` մայիսի 21-ի համագումարում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կրկին ստանձնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը: Թուրքիայի նախորդ Սահմանադրությունը չէր թույլատրում երկրի նախագահին լինել կուսակցության նախագահ, սակայն ապրիլի 16-ին ժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներով այդ խոչընդոտը վերացվել է:
