Եթե իշխանություններին թվում է, թե լոկալ երևույթները մեծ պայթյունի չեն հանգեցնի, սխալվում են

«Փաստը»-ը գրում է. Երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որոնց թվում՝ առողջապահական, ինչպես նաև համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելու հարցերն են: Ընդհանուր առմամբ, սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն թեժ աշուն, այլև թեժ ամառ, թեժ ձմեռ և, ընդհանրապես, թեժ քաղաքական գործընթացներ պետք է ապահովեն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներքաղաքական որոշ հարցերի, խոսել նաև իշխանության, ինչպես նաև ընդդիմության դիրքերի ու քաղաքական դաշտի հնարավոր ակտիվացման մասին:

«Քանի որ իշխանությունը չունի ձևավորված հզոր ընդդիմություն, որը կարող է իր օրակարգը թելադրել իշխանություններին, վերահսկել իրենց գործողությունները, այս իշխանությունը սխալը սխալի հետևից է կատարում: Այս պարագայում ընդդիմության գործողությունները պետք է առաջին հերթին բխեն ոչ թե անձնական ինչ-որ հարցեր լուծելու, այլ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու տրամաբանությունից: Մի կողմից էլ ընդդիմությունն իր համար կոմֆորտ պայմաններում է, որոշակի խաղի կանոններ են հաստատել. տեսնում են, որ իշխանությունը սխալներ է գործում, բայց ընդամենը քննադատում են իշխանություններին:

Այսպես ասենք՝ մի կողմից «սև», մյուս կողմից՝ «սպիտակ», բայց այս ամենի մեջտեղում տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրներ են ի հայտ գալիս: Ճիշտ է, այդ խնդիրները լուծելն առաջին հերթին իշխանության պատասխանատվության տակ է, բայց ընդդիմությունն էլ պարտավոր է այլընտրանքներ առաջարկել հասարակությանը, որովհետև հասարակության մոտ կարող է առաջանալ հետևյալ տրամաբանական հարցը. «Մենք նախկիններին փոխեցինք՝ հույս ունենալով, որ ներկաները «լավ մարդիկ են», բայց տեսնում ենք, որ այդ «լավ մարդիկ» չեն կարողանում արդյունավետ ու էֆեկտիվ կառավարում իրականացնել:

Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում»»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտն իրականում ամայացել էր՝ ամեն ինչ, այսպես ասած, միաձուլվել էր մեկ մարդու մեջ: «Բայց քաղաքական դաշտի առողջացման գործընթացը պետք է նպաստի, որ ինստիտուցիոնալ կառույցներ ի հայտ գան, իշխանությունը պետք է արդեն հաշվետու դառնա, և այստեղ շատ կարևոր է, թե ինչ է անելու ընդդիմությունը:

Բայց քանի որ մինչ այս պահը ընդդիմությունը հստակ չի ձևավորվել, իշխանությունը շատ հարմարավետ պայմաններում է իրեն զգում: Խոսքը պարզապես մի ֆորմատի անհրաժեշտության մասին է, ըստ որի՝ հասարակությանը պարզ կդառնա, թե որն է այլընտրանքային թիմը, այլընտրանքային ծրագիրը: Մեզ մոտ շատ քիչ կենտրոններ կան, որոնք և՛ քննադատում են իշխանություններին, և՛ այլընտրանք են առաջարկում: Եվ բնական է, որ այս պարագայում իշխանությունը ձեռքերը ծալած չի նստում, ինչը նաև տրամաբանական է:

Ունեն իշխանություն, որոշակի դիրք և իրենք ցանկացած մեթոդ փորձելու են կիրառել՝ թույլ չտալու, որ ընդդիմադիր դաշտը հստակ ձևավորում ստանա, ընդդիմությունը հզորանա, ընդդիմությունը գաղափարական և ծրագրային այլընտրանքներ առաջարկի: Սա խաղի կանոն է, և այդ խաղի կանոնների շրջանակում պետք է կարողանալ ավելի ուժեղ լինել: Ցանկացած ուժ այդ խաղի մեջ մտնելուց առաջ պետք է գիտակցի, թե ինչի առջև է կանգնելու ու պետք է պատրաստ լինի համապատասխան հակահարվածներ հասցնել օրենքի և տրամաբանության շրջանակներում: Քաղաքական պայքարի և այդ պայքարի բոլոր ընդունելի, օրինական մեթոդներով պետք է փորձել կանխել իշխանությունների՝ իր դեմ ուղղված սադրանքները:

Պետք է պատրաստ լինել թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում ջախջախել իշխանությունների ցանկացած փաստարկ»,ասաց Բ. Մաթևոսյանը: Նա շեշտեց՝ նախկին քաղաքական իրողությունները Հայաստանում այսօր գոյություն չունեն, ինչը պետք է գիտակցի ընդդիմությունը: «Նախկինում իշխանություններն ունեին ցածր լեգիտիմություն, և բավարար էր միայն հանրահավաքի դուրս գալ ու ասել՝ «իշխանությունները կոռումպացված են, մեզ ընտրեք, ու ամեն ինչ լավ կլինի», ու ժողովրդի մի մասը գնում էր այդ ընտրության հետևից: Այսօր իրողությունն այլ է: Իհարկե, չենք կարող համեմատել 2018 թվականի վարկանիշի հետ, բայց Ն. Փաշինյանը և իր իշխանությունը լեգիտիմություն ունեն:

Եվ այս պայմաններում ընդդիմությունը հասարակությանը պարտավոր է այլընտրանքային ծրագիր ներկայացնել. այսինքն, եթե վաղը գալիս են իշխանության՝ կես կամ մեկ տարի հետո ի՞նչ է լինելու: Մինչ այս պահը այս հարցի պատասխանը չի ձևակերպվել: Իսկ հույսը դնել նրա վրա, որ կարող ես միայն ասել «իշխանությունը վատն է, մենք գանք՝ ամեն ինչ լավ կլինի», ճիշտ մարտավարություն չէ: Բացի այդ, նկատենք, որ 2018 թվականին նույն տրամաբանությամբ մարդիկ գնացին Ն. Փաշինյանի հետևից ու ոչինչ լավ չեղավ: Երկրորդ՝ վերջիվերջո պետության հետ գործ ունենք՝ չենք կարող անվերջ էքսպերիմենտների առջև կանգնեցնել մեր պետությանը: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատասխանատվության շատ մեծ բաժին են կրում երկրի ապագայի և զարգացման համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իշխանությունն իր հերթին այսօր հասարակության հետ կոմունիկացիայի խնդիր ունի: «Յուրաքանչյուր իշխանություն տարբեր խնդիրներ է ունենում իր կառավարման շրջանում, բայց մի հանգամանք կա. կարևոր է, որ կոմունիկացիայի մեջ լինելով հասարակության հետ՝ իշխանությունը հիմնավորի, թե որևէ փուլում այս կամ այն խնդիրն ինչով է պայմանավորված և ինչպես է տեսնում հարցի լուծումը: Ամուլսարի խնդիրը դիտարկենք, որը երկու տարի առկախված է: Մի քանի խմբեր կան. մի մասն ասում է՝ հանքը չպետք է բացվի, մի խումբ էլ կա, որը, ըստ օդում կախված լուրերի, կապված է տարբեր շրջանակների հետ ու շահագրգռված է, որ հանքը չբացվի: Մյուս խումբն էլ ասում է՝ հարգելի կառավարություն, հանքը պետք է բացվի, որովհետև տնտեսական ծանր իրավիճակում հանքի շահագործումից 150 միլիոն դոլարի հարկային եկամուտներ ենք ունենալու:

Իսկ կառավարությունը ոչինչ չի անում, կոմունիկացիայի մեջ չի մտնում ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ խմբի հետ, չի ասում, թե ինչ է ուզում, ինչ է անում: Առհասարակ, երբ չես բացատրում, թե ինչ ես ուզում կամ ինչ ես անում, ստեղծում ես մի իրավիճակ, երբ տարբեր խմբեր իրենց իրավունք են վերապահում հարցին կարգավորում տալ իրենց իսկ ցանկացած ձևով: Սրա հետևանքով, օրինակ՝ բնապահպանները կարող են գործողություններ իրականացնել, մտնել «Լիդիանի» տարածք, ըստ հրապարակված տեսանյութի՝ ինչ-որ քարեր նետել պահնորդական խմբի ուղղությամբ, պահնորդական խումբն էլ հակազդեցության գործողություններ իրականացնի ու լարվածություն ստեղծվի: Իսկ լարվածության պատասխանատուն իշխանությունն է:

Եվ եթե իշխանություններին թվում է, թե լոկալ երևույթները մեծ պայթյունի չեն հանգեցնի, սխալվում են. խնդիրները կուտակվում են ու ինչ-որ տեղից անպայման դուրս են գալու: Ամուլսարի խնդիրը պարզապես այսօր օրակարգային է, բայց կան այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ: Ի վերջո, մեկը պետք է, չէ՞, պատասխան տա ավելի քան հազար մահերի համար: Տնտեսական բազում օբյեկտներ են փակվել, բայց իշխանությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել տնտեսվարողներին: Այն խնդիրների կուտակումն ու իշխանությունների մեծամիտ պահվածքը իրենց շատ լուրջ հարցերի առաջ է կանգնեցնելու:

Այն բարձր լեգիտիմությունը, որը կար 2018 թվականին, մոտակա ընտրական ցիկլին ընդառաջ լեգիտիմության բացասական ցուցանիշի է վերածվելու: Սա է բոլոր այն խայտաբղետ գործընթացների տրամաբանական ելքը, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»,-հավելեց քաղաքագետը: Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ իշխանությունները չեն հասկացել մի շատ կարևոր դրվագ. «2018 թ. մայիսի 8-ին, գալով իշխանության, Ն. Փաշինյանն ու իր թիմը մայիսի 9-ից այլ բնույթի գործողություններ պետք է իրականացնեին. պետք է աշխատեին և այդ աշխատանքով ու ծրագրերով մարդկանց կյանքում որակական փոփոխություններ ապահովեին:

Բայց կարծում են, թե իշխանությունից հեռացնելով նախկիններին՝ մի մեծ ու շատ լավ գործ են արել և կարող են այդ դափնիների վրա անարդյունավետ կառավարել: Իսկ իրականում սա խնդրահարույց է թե՛ երկրի համար, որովհետև այն չի զարգանում, թե՛ նաև իրենց համար, որովհետև ամեն ինչ անում են, որ արժանանան Ուկրաինայի նարնջագույն հեղափոխության առաջնորդների ճակատագրին»:

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am