Ձայն «գերեզմանից». Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Ղարաբաղը չենք հանձնել

Սեպտեմբերի 2-ի լրահոսը հեղեղված էր Արցախի անկախության տոնին նվիրված շնորհավորական ուղերձներով։

Բոլորը`ոչ միայն նրանք, ում համար Արցախի անկախությունը կյանքի գործ էր և է, ում ջանքերով և անմիջական մասնակցությամբ Արցախը 29 տարի առաջ հռչակեց իր անկախությունը, այլև նրանք, ում համար «ազատ, անկախ Արցախը» սոսկ դատարկ խոսք չէ, անդրադարձան օրվա խորհրդին։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իր գրագիտության չափով երեք տողանոց հպանցիկ անդրադարձ արեց պատմական այդ հանգրվանին. ճիշտ է, էլի վրիպեց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում`«բլթացրեց», թե Արցախն անկախացել է Խորհրդային միությունից, ոչ թե Ադրբեջանից, բայց գլո՛ւխը քարը։

Միակ «երևացող դեմքը», որ կես խոսք չասաց այդ մասին, Տեր-Պետրոսյանն էր` «պատերազմը հաղթած նախագահը», որի օրոք, ինչպես պնդում են իր կողմնակիցները, Հայաստանը Տիգրան Մեծից հետո առաջին անգամ «տարածքներ է նվաճել». ճիշտ այնպես, ինչպես 12 տարի առաջ, տասնամյա լռության ուխտը խախտելուց հետո` 2008թ. սեպտեմբերի 2-ին հրավիրած նախընտրական «մեծ ասուլիսում» քար լռությամբ արձագանքեց հայկական երկրորդ հանրապետության տոնին։

Փոխարենը Տեր-Պետրոսյանին սպասարկող կայքն «ի լուր» ամենքի փչացրեց Արցախի անկախության օրը` հղում անելով ձևով անաչառ հհշամետ մեկ այլ պարբերականի, հրապարակեց հհշական «ոսկերչական դիվանագիտության» գեներալիսիմուս, ԼՏՊ-ի աջ թև, «իղձերի» և «թաքուն ցանկությունների» արտահայտիչ, Արցախի փուլային հանձնման համոզված ջատագով Ժիրայր Լիպարիտյանի «ծրագրային» հոդվածը («Քայլ, այս անգամ մի մեծ քայլ` դեպի ետ»), որտեղ կարոտով հիշում է ԼՏՊ-ական կառավարման «հին, բարի» ժամանակները, երբ Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ էր իր մեծ երազանքն ի կատար ածելու`Արցախը վերանվաճելու աստեղային ժամին.

«Կային մարդիկ, որոնք ասում էին, թե առաջնահերթություն պետք է տալ Ղարաբաղի հարցի լուծմանը` առանց ձգձգումների, եւ փոխադարձ զիջումների հիման վրա: Ասում էին, թե առանց այդ հարցի լուծման մնացյալ հարցերը լուծելն անկարելի է, որ այդ հարցի լուծման երկարաձգումը կվտանգի մեր անկախությունը, այսինքն` մեր հարցերը, ըստ մեր շահերի լուծման կարելիությունը»։

Ավա՜ղ, կային «անհեռատես» մարդիկ, որոնք չէին հասկանում այդ «տարրական» ճշմարտությունը. «Պնդում էին, թե Ղարաբաղի հարցի հրատապ լուծումն անհրաժեշտ չէ, թե կարող ենք այսպես երկար շարունակել, թե ժամանակը կօգտագործենք ուժեղ պետություն ստեղծելու եւ մեր առավելագույն պահանջները ստանալու համար, թե ժամանակ ունենք նախ մյուս հարցերը կարգավորելու»։

Չէին լսում «խելոք մարդկանց», որոնք զգուշացնում էին, այսօր էլ, ի դեմս Լիպարիտյանների, առաջ են տանում դավաճանական միտքը, թե «մեր զինվորների քաջությունն ու մեր բանակի հայրենասիրությունը բավական չեն հաղթանակ ապահովելու համար»։

Այսօր էլ կան «մոլորյալներ», որոնք ուրախանում են մեր ռազմական հաջողություններով` գոհ են, որ «հուլիսին ետ մղեցինք թշնամուն, եւ մտածում են, թե միշտ էլ այդպես պիտի լինի: Եվ վերջ»։ Մինչդեռ ինքը, իր միջոցով` Տեր-Պետրոսյանը, միշտ ասել է և նորից ու նորից կրկնում է. «Առանց Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարություն հաստատելու, իրավունքի երկիր ստեղծելու եւ հարաճուն տնտեսական զարգացում ապահովելու մեր բոլոր փորձերը»։ Կարճ ասած` Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Արցախը չենք հանձնել։

Ո՞վ ենք մենք, ինչացո՞ւ ենք, քանի՞ գլուխ ունենք, որ հակադրվենք Թուրքիային ու Ադրբեջանին

Վերջին մեկ-երկու ամսում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, դիվանագիտական մտքի սույն գիգանտի համոզմամբ, «Ղարաբաղի հարցի լուծման մեջ մեր ներդրումը մեկ աստիճան, մի կարեւոր աստիճան եւս» նվազեցրել են։

Օրինակ։ Ադրբեջանը ռազմադաշտում պարտվել է, բայց «հաջողել» է դիվանագիտական ճակատում` «այդ պարտությունը վերածել է ամենամեծ դիվանագիտական հաջողության` Թուրքիային վերջնականապես համոզելով, որ դա նաեւ Թուրքիայի պարտությունն է, որպեսզի Թուրքիային լիովին ներգրավի խնդրի մեջ»։ Կարծես մինչ այդ նույն Թուրքիան Արցախի պրոբլեմն «իրենը» չէր համարում, առիթով-անառիթ աչքներս չէր խոթում «Մեկ ազգ, երկու հայրենիք» կարգախոսը, չէր փորձում խցկվել բանակցային գործընթացի մեջ, նախապայմաններ առաջ չէր քաշում` պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի դեռ չենք վերադարձրել «օկուպացված տարածքները»։

Բանը հասել է նրան, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե «Թուրքիան իրեն տեսնում է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կողմ»։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ «այժմ արդեն պաշտոնապես այդ խնդրի երկու կողմերն են Հայաստանը եւ Արցախը` ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի»։ Ո՞ր օրվանից է Թուրքիան որոշում կարգավորման ձևաչափը, ո՞վ, ե՞րբ և որտե՞ղ է «պաշտոնապես» ընդունել և հաստատել Թուրքիայի` հակամարտության կողմ լինելու հանգամանքը, Լիպարիտյանը չի բացահայտում։

Ավելի «կատաստրոֆիկ» բան էլ է եղել. «Անցյալ ամիս Հայաստանը Սեւրի դաշնագիրը դարձրեց պետության արտաքին քաղաքականության մեկ կարեւոր մասը. Թուրքիայի ընկալմամբ` ամենակարեւոր մասը։ Չգիտեմ` մեր ղեկավարները դա գիտակցաբար արեցին, թե ոչ. այդ իմաստով նախագահի եւ վարչապետի հայտարարությունները` Թուրքիայի դեմ, առնվազն համարժեք են դիվանագիտական պատերազմի հայտարարության»։ Եվ դա արվել է մի՛ նպատակով` «հայդատականների պահանջներին գոհացում տալու համար», մոռանալով, որ այն, ինչը «որոշ հայերի համար» հայկական հարցի լուծում է, միջազգային հանրության համար «առնվազն անհեթեթություն» է։

Ուշադրություն դարձրեք` Թուրքիայի բացահայտ զավթողական քաղաքականությունը, մասնավորապես, Սիրիայում, շանտաժի և սպառնալիքների մարտավարությունը «նորմալ» են` անհեթեթություն չեն, իսկ ահա`Սևրի դաշնագրի, Հայ դատի մասին ակնարկելը մեր կողմից աններելի հանցանք է, որի համար մեզ մի նոր ցեղասպանության ենթարկելն էլ քիչ կլիներ։

Իհարկե, կգտնվեն մարդիկ, «նույնիսկ արդեն պետության ղեկավարներ», որոնք կարող են Թուրքիային անուն դնել. «Աղաղակել, թե որքան վատն է Թուրքիան ու որքան վատն են թուրքերը։ Սակայն այդ ամենը ստեղծված նոր իրականությունը չի փոխելու»։ Մեկ է` «ինչ էլ գոռանք, ինչ ածականներ էլ գործածենք Թուրքիայի, Էրդողանի եւ ընդհանրապես թուրքերի հասցեին, փաստը մնում է փաստ, որ այժմ ստիպված ենք պատկերացնել, բացի Ադրբեջանից, Թուրքիայի հետ դեմ հանդիման լինելու կարելիությունը»։

Եվ պետք չէ հույսը դնել Ռուսաստանի վրա` ճիշտ է, Ռուսաստանի հետ համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագիրը ոչ մեկը չի չեղարկել, բայց «շատ հավանական է», որ թուրքական վտանգը չեզոքացնելու համար ռուսական կողմը մեզ պարտադրի «զիջումներ», որոնք, Լիպարիտյանի կարծիքով, «ոչ մի կապ չպիտի ունենան մեր առավելապաշտ պահանջների հետ». «Հիշենք, թե ինչպես կորցրինք Առաջին Հանրապետությունը։ Կար ռուս-թուրքական գործակցությունը։ Կար նաեւ Սեւրի դաշնագրի հետապնդման հարցը։ Այն ժամանակ նույնպես փոխանակ ապահովելու այն, ինչ կարելի էր, սեւեռվեցինք երազայինի վրա ու կորցրինք հնարավորի մեկ մասն էլ։ Ավելին. կորցրինք անկախությունը»։

Ամենակարևորը` պետք չէ բանակցությունների ձախողման համար մեղադրել հակառակորդին. «Պատասխանատվությունը միայն Ադրբեջանին եւ Թուրքիային վերագրելը ուրացումն է մեր կողմից գործված սխալների, որոնց այժմ ավելացրինք Սեւրի դաշնագրի որդեգրումը` որպես հիմք մեր հարեւանների հետ հարաբերությունների։ Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կարգավորելու համար մենք ամեն ինչ չէ, որ արել ենք։ Մեզանում զարգացող ու արդեն պետական կնիք ստացած «հայդատականությունն» ու պահանջատիրությունը, կարծեք, երաշխավորում են, որ այդ սխալների շարքը պիտի երկարացնենք»։

Այսքանից հետո մնում է հասկանալ` ո՞ւմ կողմից են Ժիրայր Լիպարիտյանը, իր երբեմնի «բոսը» և պարտվողականության այս քարոզը տիրաժավորողները. մե՞ր, թե՞ Թուրքիայի և Ադրբեջանի...

Լիլիթ Պողոսյան

7or.am

 

դիտվել է 1592 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am