Կիրակի երկրով մեկ նոր հանրահավաքներ. Լուկաշենկոն պատրաստվում է ավելի կոշտ միջոցների

Լարված իրավիճակը Բելառուսում շարունակվում է: Հակակառավարական ցույցերին վերջ դնելու մասին ուժայիններին տված Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաները չեն մարում:

Ապակենտրոնացված հավաքները, խոշոր գործարանների մասնակցությամբ գործադուլները ինչպես Մինսկում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում արդեն 12-րդ օրն է շարունակվում են: Ակցիաների մասնակիցների հիմնական պահանջը 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականն է, ով օգոստոսի 9-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով ևս մեկ ժամկետ՝ հինգ տարի պաշտոնավարելու հնարավորություն է ստացել:

«Մինսկում այլևս որևէ անկարգություններ չպետք է լինեն։ Մարդիկ հոգնել են, մարդիկ պահանջում են խաղաղություն և լռություն», - երեկ իրավապահ մարմիններին հանձնարարում էր Լուկաշենկոն՝ ճիշտ նույն րոպեներին, երբ Եվրամիությունը հայտարարում էր, թե չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի դեմ:

Լուկաշենկոյի այդ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Մինսկի փողոցները կրկին լեփ-լեցուն էին: «Մենք բոլորս այստեղ ենք մեկ նպատակով՝ մենք ազատություն ենք ուզում, ուզում ենք գործող ղեկավարությունը հրաժարական տա, մենք համաձայն չենք ընտրությունների արդյունքներին։ Մենք այստեղ ենք մեր դիրքորոշումը հայտնելու համար և կշարունակենք այնքան, որքան հնարավոր կլինի, կշարունակենք այնքան, մինչև իշխանությունները նահանջեն», - նախօրեին ասել է Մինսկի ցույցի մասնակիցներից մեկը, ով ներկայացել է որպես Միխայիլ: «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ ինչ կլինի հետո։ Որպես կին, իհարկե, ես վախենում եմ, բայց երևի ներքուստ կա մի բան, որը ստիպում է ամեն դեպքում փողոց դուրս գալ՝ չնայած վախին, որովհետև սա ապագայի մասին է։ Եթե ապագայում էլ մեր երկրում նման սարափելի բաներ կատարվեն, ապա դա ավելի վախենալու է», - ասել է Յուլիա անունով մեկ այլ ցուցարար:

Չնայած ցույցերը բռնի ուժով կրկին ցրելու վտանգին՝ առաջիկա կիրակի օրը Բելառուսի ընդդիմությունը մտադիր է երկրով մեկ նոր, ավելի մարդաշատ հավաք անցկացնել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող քաղաքացիների մասնակցությամբ: Այդ հանրահավաքին, ինչպես նշում են ընդդիմության ներկայացուցիչները, նրանք պատրաստվում են հանդես գալ «կարևոր ծրագրային հայտարարությամբ»:

Հիշեցնենք, օգոստոսի 16-ի բողոքի ցույցին, որը մասնակիցների թվով ամենամեծն էր երկրի նորագույն պատմության ընթացքում, ընդդիմադիրները ներկայացրել էին իրենց երեք գլխավոր պահանջները՝ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարական և քրեական պատասխանատվության ենթարկել ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են ցուցարարների սպանություններին և խոշտանգումներին: Երեք պահանջներից մասամբ իրականացվել է մեկը՝ ազատ են արձակվել մի խումբ քաղբանտարկյալներ՝ հիմնականում վերջին օրերի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստները։ Բելառուսի անփոփոխ առաջնորդի հիմնական ընդդիմախոսները շարունակում են մնալ ճաղերի ետևում։ Ընդ որում, ինչպես պատմել են ազատ արձակված ակտիվիստները, հազարավոր բերման ենթարկվածներ պահվել են անմարդկային պայմաններում՝ ենթարկվելով հոգեբանական և ֆիզիկական խոշտանգումների: Շատերը բանտերից տուն են վերադարձել վնասվածքներով և կոտրվածքներով:

Ընտրությունների արդյունքները չընդունող բելառուսական ընդդիմությունը նախօրեին Լուկաշենկոյի վարչակազմին կոչ է արել օր առաջ երկխոսություն սկսել, ինչը չանելու դեպքում երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամի խորացման ողջ պատասխանատվությունը կկրի իշխանությունը, հայտարարել է նախօրեին ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ ձևավորված համակարգող խորհուրդը, որը նպատակ ունի Լուկաշենկոյի հետ բանակցել իշխանության խաղաղ փոխանցման շուրջ:

Ընդդիմության պարզած ձեռքը Լուկաշենկոն ոչ միայն չի ընդունում, այլև պատրաստվում է ավելի կոշտ միջոցների դիմել։ Բելառուսի իրավապահները քրեական գործ են հարուցել համակարգող խորհրդի դեմ, որին, ի դեպ, բացի քաղաքական գործիչներից, քաղաքացիական ակտիվիստներից, անդամակցում է նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը:

«Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված է պետական իշխանության զավթմանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն։ Այդ փաստերով հարուցել է քրեական գործ», - լրագրողներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

Մինչ այդ, խորհրդի անդամ հանդիսացող՝ Բելառուսի մշակույթի նախկին նախարար, վերջերս երկրի պետական թատրոնի ղեկավարի պաշտոնից ազատված Պավել Լատուշկոն հայտարարել է, որ իշխանական ճամբարից իր հասցեին սպառնալիքներ է ստանում։ «Տարբեր խողովակներից ինձ հայտնում են անհապաղ երկիրը լքելու անհրաժեշտության մասին, այլապես ինձ կձերբակալեն, նույնիսկ կոշտ եղանակով, ինչի որոշումը իշխանությունն իբր արդեն կայացրել է», - մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Լատուշկոն:

Առաջիկա կիրակի վճռական կլինի Բելառուսի համար. Թե՛ բելառուսցիները, թե՛ իշխանությունները պետք է վճռեն, թե ինչ որոշում են կայացնում:
Այսօր Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել աջակիցներին՝ հորդորելով ընդարձակել համազգային գործադուլները։ «Ձեր ըմբոստությունն արդեն իսկ վախեցրել է վարչակազմին», - պնդել է ընդդիմադիր գործիչը, ով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից երկու օր անց հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների բռնաճշնման տակ։

Այսօր Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայի վարչապետին, հեռախոսազրույց ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ՝ հորդորելով Արևմուտքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու բռնությունները ընդդիմության դեմ։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը ընտրությունների արդյունքը չի ճանաչում և պատրաստվում է Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել: Միացյալ Նահանգների պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը ևս պատրաստ է գնալ այդ քայլին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2260 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am