Ալիևի վրահաս վախերը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարեց, որ իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, ինչպես նաև խուզարկություն իրականացրել կուսակցության նախագահության անդամներից մեկի տանը։
Հետապնդումների այս ալիքը Ադրբեջանում սկսվեց հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։ Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։

Ադրբեջանի ընդդիմության ղեկավարներից մեկը՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, կոչ է արել երկրի իշխանություններին ձերբակալել իրեն՝ փոխարենն ազատ արձակելով վերջին երկու շաբաթներին ճաղերի ետևում հայտնված կուսակցական ակտիվիստներին։ Այս մասին Քերիմլին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ ընդդիմադիր կայքերից մեկի ուղիղ եթերում։

Հարցազրույցի ընթացքում Քերիմլին նաև խոստացել է իր աջակիցներին ազատ արձակելու դեպքում հրաժարական ներկայացնել կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև այդ պաշտոնում չառաջադրվել Ժողճակատի՝ աշնանը կայանալիք համագումարի ընթացքում։ Ալի Քերիմլին նշել է. «Ձերբակալված կուսակցական ակտիվիստների մեծ մասը ընդհանրապես չի մասնակցել Բաքվում կազմակերպված ցույցին»:

Պարզից էլ պարզ է, որ Ալիևին ընդամենը առիթ էր հարկավոր, որպեսզի նոր հարձակում սկսի Ադրբեջանի ընդդիմադիրների հանդեպ, որոնք ի դեպ, հուլիսյան ռազմական գործողություններից հետ առանձնապես ակտիվ էլ չեն եղել: Բայց դա բոլորովին չի հետաքրքրում իշխանություններին. Ալիևն անցել է գործի, կարծես, ուշադրություն է ցանկանում շեղել՝ հուլիսյան ռազմական գործողություններում կրած ձախողումների համար:

Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը, կոշտ քննադատել է Ադրբեջանի առաջնորդին` որակելով նրան անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:

«Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել», - գրել է խմբագրականը՝ միանգամից հիշեցնելով, որ մինչ այդ էլ Ադրբեջանի նախագահը առանձնապես բարյացակամ չի եղել անկախ լրագրողների կամ ընդդիմախոսների հանդեպ: «Փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդներն արձանագրել էին իրական քաղաքական մրցակցության լիակատար բացակայություն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով. - «Հիմա էլ՝ կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնանկման ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների «հինգերորդ շարասյունը»` ի դեմս ընդդիմության, ու սկսել են նրանց բանտերը նետել»: «Ալիևի զայրույթի նոպաները սպառնում են հողին հավասարեցնել Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերի վերջին մնացորդները», - զգուշացնում է The Washington Post-ը` մանրամասն պատմելով ընթերցողին, թե ինչպես էր դեռ մարտին Ադրբեջանի առաջնորդը հրապարակավ խոստացել պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ և այդ համատեքստում խոսել «դրսի ֆինանսավորմամբ աշխատող ներքին թշնամիների» մասին, որոնց «մեկուսացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»:

Ամերիկյան պարբերականը փաստում է, որ այս ելույթից հետո հուլիսի 12-ին սկսվեց հայ-ադրբեջանական բախումը, որը կողմերի միջև առաջին ընդհարումն էր 2016 թվականից ի վեր: «Բաքվում բանակի պաշտպանությանը նվիրված ցույց սկսվեց: Մի խումբ ցուցարարներ կարճ ժամանակով ներխուժել էին խորհրդարան, մինչև ոստիկանությունը նրանց դուրս կհաներ, զայրացած ամբոխը նաև մի քանի ոստիկանական մեքենա էր շրջել: Ալիևն այս ցույցն օգտագործեց որպես պատրվակ` «հինգերորդ շարասյանը» հետապնդելու համար», - գրում է The Washington Post-ը, ընդգծելով՝ միջադեպի հաջորդ օրը երկարաշունչ ելույթում Ալիևը հարձակվեց Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդական ճակատ»-ի վրա:

Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ լարված այդ օրերին ընդդիմադիր ուժի առաջնորդ Ալի Քերիմլին ելույթ էր ունեցել հօգուտ զինված ուժերի ու հայտարարել`«մենք կանգնած ենք մեր պետության ու բանակի կողքին»: «Ադրբեջանի նախագահի համար, սակայն, այս խոսքերը ոչ մի նշանակություն չունեն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով - «Ալիևը թիրախավորեց ընդդիմադիրներին, հայտարարեց, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», խոստացավ գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»: «Ավելին, Ալիևը պնդել էր, թե ընդդիմադիր կուսակցությունը «հայերից վատն է», - գրում է խմբագրականն ու փաստում` առաջնորդի այդ ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցության անդամներին ու աջակիցներին:

Ըստ The Washington Post-ի աղբյուրների, այս պահի դրությամբ Ալիևի վարչակազմը ազատազրկել է առնվազն 120 մարդու, որոնց թվում ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ կան: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու կառույցներ դատապարտել են ընդդիմության դեմ բռնաճնշումների հերթական այս ալիքը: «Երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու` Ալիևի քաղաքականությունը հակասում է ժողովրդավարությանը, և հենց այդ է պատճառը, որ այս անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգության առարկա դառնան յուրաքանչյուրի համար», - եզրափակել է The Washington Post-ի խմբագրականը:
ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ օրեր առաջ կոչ էր արել Ադրբեջանին համաճարակը պատրվակ չդարձնել` ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: «Ալիևի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապեց արձագանքել Պետդեպին անհիմն մի մեկնաբանությամբ»:

Արձանագրվել է, որ Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հաշվի առնելով Ալիևի կեցվածքը, կարելի է եզրակացնել, որ նա բավական անհանգստացած է, և չի բացառում որևէ զարգացում, որը կարող է սպառնալ իր իշխանությանը: Մյուս կողմից նա փորձում է հասարակության ուշադրությունը շեղել այլ թեմաների ուղղությամբ, որպեսզի չքննադատվի հուլիսյան ռազմական գործողությունների համար:

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել Ադրբեջանում ընդդիմադիր որևէ ակտիվություն չցուցաբերող քաղաքական ուժի նկատմամբ ներկայիս անհասկանալի արշավը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2273 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am