Բաքվին ռազմական օգնությունից զրկելու հիմք ու մի հակահայկական բանաձև ԱՄՆ-ում

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ, այսօր նման գրառմամբ է հանդես եկել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ի՞նչ է ասվում է բանաձևում: «...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր»:

Սուրեն Սարգսյանի ձևակերպմամբ՝ «Այսպիսի հակահայկական բանաձևի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:

Առհասարակ, 2 տարի է, ինչ խոսվում ու գրվում է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ անգործության մասին: Ամեն ինչ թողնել ԱՄՆ-ի հայկական լոբբիի վրա ու հույսը դնել հայկական կազմակերպությունների աշխատանքի վրա այն դեպքում, երբ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ուղղակի մեծագույն սխալ է:

Հայաստանի ԱԳՆ-ն ուղղակի պետք է աշխատի ամերիկյան վարչակազմի հետ, ԱՄՆ կոնգրեսականների հետ, հակառակ դեպքում նմանօրինակ հակահայկական բանաձևերի պակաս չի զգացվի նաև մոտ ապագայում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններին, ապա նրանց աշխատանքը շարունակվում է: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է փոփոխությունները ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանը ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել:

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։

Օրենսդրական այս փոփոխությունները հիմք կարող են հանդիսանալ Ադրբեջանցին ռազմական օգնությունից զրկելու համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին։
Այսպիսով, Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:

Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ, ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում, նշել է հայկական հանձնախմբի համանախագահը իր գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նրա, այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն: «Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների խախտման առումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:

Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավունքների խախտումներին:

Այսպես, «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին:
Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2216 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am