Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար

Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցավ 11 միլիոնը, մահացածների թիվը անցել է 524 հազարից, բուժվել է ավելի քան 6 միլիոն 169 հազար մարդ:
Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է միջազգային թռիչքների սահմանափակումները մինչև օգոստոսի սկիզբ: Նախկինում գործակալությունն առաջարկում էր դրանք վերսկսել հուլիսի 15-ից:

Սահմանափակումները պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով: Մինչև օգոստոս արտասահմանցիների մեծ մասի մուտքը երկիր չի թույլատրվի, սահմանված է նաև ռուսաստանցիների արտասահմանյան երկրներ ճամփորդելու արգելք:

ՄԱԿ-ը խնդրում է առնվազն երեք ամսով սառեցնել աշխարհում ռազմական բախումները: Ֆրանսիան պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին և դիմակների պաշար հավաքում: Բրիտանիայի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հուլիսի 10-ից պատրաստվում են վերացնել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար, հիմնականում՝ եվրոպական: 14-օրյա կարանտինի կանոնակարգը երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի համար՝ հազվադեպ բացառություններով, ուժի մեջ է մտել հունիսի սկզբին` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Դա հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների բուռն քննադատությունը հարուցեց: Նրանք կոչ էին անում իշխանություններին վերացնել սահմանափակումները, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցվի տնտեսությանը:

Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկու շաբաթ առաջ էր: Աշխարհի որևէ այլ երկրում օրվա կտրվածքով նման թիվ դեռ չի գրանցել: ԱՄՆ-ում համաճարակաբաններն իշխանություններին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: ԱՄՆ-ում կա վարակակիրների ընդհանուր թիվը անցել է 2 միլիոն 8 հարյուր հազարից:

Իսկ Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ խիստ անհանգստացնող: Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հասնելով 27 հազար 320-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 337 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 118 հազար 102-ի: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 469-ի, կորոնավիրուսով վարակված ևս 156 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 211 մարդ:

Ի՞նչ նորություն կա դեղամիջոցներից...

Դեռ ամիսներ առաջ քչերը գիտեին «Ռեմդեսիվիր» անվամբ դեղամիջոցի մասին, բայց այսօր այն հայտնվել է գիտական շրջանակների և կորոնավիրուսի համավարակը լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։ Հակավիրուսային հատկություն ունեցող այդ դեղը ցանկանում են ձեռք բերել շատ երկրներ, իսկ Միացյալ Նահանգներն արդեն հայտնել է աշխարհում «Ռեմդեսիվիրի» կուտակված գրեթե ամբողջ պաշարը գնելու մասին։

՞նչ է «Ռեմդեսիվիրը», արդյո՞ք դա է այն հրաշագործ միջոցը, որը մարդկանց կփրկի վիրուսից։

Գիտնականներն անմիջապես զգուշացնում են, որ հրաշքի մասին խոսք չկա, դրա համար անհրաժեշտ է հուսալի պատվաստանյութ, որն առնվազն տեսականորեն մարդկությանը կազատի վիրուսից։ Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, կան հուսադրող լուրեր, բայց վակցինա արագ չեն ստեղծում, մինչդեռ, «Ռեմդեսիվիրը» օգնել է COVID-19 հիվանդության ծանր տեսակից տառապողներից շատերին։

«Ռեմդեսիվիրն» այսպես կոչված նուկլեոտիդների անալոգների տեսակի հակավիրուսային նյութ է։ Վիրուսը ոչ բջջային կազմվածքով հարուցիչ է, որը թափանցելով հարմար միջավայր, սկսում է բազմանալ, ավելի ճիշտ՝ ինքն իր պատճենները ստեղծել։ Հարմար միջավայրը բջիջն է՝ կենդանու, բույսի կամ նույնիսկ բակտերիայի։

«Ռեմդեսիվիրը» զսպում է վիրուսի բազմանալու համար անհրաժեշտ ֆերմենտը և այդպիսով կասեցնում հիվանդության հետագա զարգացումը։ «Ռեմդեսիվիրը» 2015 թվականին համատեղ ջանքերով ստեղծել են Միացյալ Նահանգների զինված ուժերի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի և կենսաբանական պատրաստուկներ արտադրող Gilead Sciences ամերիկյան ընկերության մասնագետները։ «Ռեմդեսիվիրն» ի սկզբանե նախատեսվել է Էբոլայի վիրուսով վարակվածներին բուժելու համար, հետագայում կիրառվել է նաև այլ հարուցիչների, այդ թվում՝ կորոնավիրուսների դեմ, ներառյալ MERS-ը՝ Մերձավորարևելյան շնչառական համախտանիշը, և SARS-ը՝ ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը։

Այս տարվա ընթացքում տարբեր երկրներում փորձնական կարգով «Ռեմդեսիվիր» են ներարկել նոր կորոնավիրուսով ախտահարվածներին։ Արդյունքը վկայում է դեղամիջոցի բավական բարձր արդյունավետության մասին։ Ըստ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ապրիլյան զեկույցի, «Ռեմդեսիվիրի» շնորհիվ, COVID-19-ով պացիենտը միջինը 15 օրվա փոխարեն 11 օր է մնացել հիվանդանոցում։

Gilead Sciences ընկերության մասնագետներն էլ ասում են, որ COVID-ով ծանր հիվանդի դեպքում «Ռեմդեսիվիրով» բուժելու 5 օրը հավասարազոր է որևէ այլ հակավիրուսային պատրաստուկով բուժելու 10-ը օրվան։

Մայիսի 1-ից ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային վարչությունն արտահերթ կարգով հավանություն է տվել COVID-19-ով հիվանդ մեծահասակներին և երեխաներին «Ռեմդեսիվիր» ներարկելու մեթոդին։ Դեղամիջոցը կիրառելու թույլտվություն են արձակել նաև Եվրամիության պատկան ատյանները։ Ամբողջ աշխարհում պետությունները սկսել են հերթ կանգնել «Ռեմդեսիվիր» գնելու համար։ Բնականաբար, Վաշինգտոնում նկատել են տվել, թե քանի որ բուն դեղը գիտական և արտադրական առումով ամերիկյան է, ուրեմն Միացյալ Նահանգներն է ձեռք բերելու առկա պաշարի մեծ մասը։

Փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին հայտնել է, որ ԱՄՆ-ն այս հարցում բարենպաստ վիճակում է։ «Մենք նաև շատ հուսադրող ազդակներ ունենք Ամերիկայի ժողովրդի համար վակցինա ստեղծելու և արտադրելու վերաբերյալ», - ավելացրել է փոխնախագահը։ Այլ երկրներից առաջինը Հարավային Կորեան է ի պաշտոնե հայտնել «Ռեմդեսիվիրի» ապրանքաքանակ ստանալու շուրջ Gilead Sciences ընկերությանը հայտ ներկայացնելու մասին։ Ընկերությունն արդեն որոշակի ապրանքաքանակ ուղարկել է Հարավային Կորեա։

«Հուլիսի 1-ից մենք COVID-19 բուժելու համար կտրամադրենք դրսից ներմուծված «Ռեմդեսիվիր», այն կստանան նախևառաջ կրիտիկական վիճակում գտնվող թոքաբորբով և թթվածնի թերապիայի կարիք ունեցող հիվանդները», - հայտնել է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Յուն Էն Կյունը։
Gilead Sciences ընկերությունը պետք է հուլիսի սկզբին ապահովել մոտ 190 հազար դեղաչափ, մինչև դեկտեմբեր դա հասցնել 2 միլիոնի, իսկ 2021-ին ևս մի քանի միլիոն դեղաչափ արտադրել։ Ավելին, ընկերությունը պատրաստ է կնքել համագործակցության պայմանագրեր հինգ այլ ընկերությունների հետ։ Այդ պայմանագրերով 5 խոշոր ընկերությունները կստանան տեխնոլոգիան և դեղն արտադրելու պատենտը, ինչը թույլ կտա առաջիկա ամիսներին էապես ավելացնել արտադրանքը և դեղն ուղարկել մոտ 130 երկիր։

Բայց ԱՄՆ-ն արդեն մոտ կես միլիոն դեղաչափ է պատվիրել, ինքը հուլիսի և օգոստոսի արտադրության մոտ 90 տոկոսն է կազմելու։ Մեկ սրվակի գինն այսօր մոտ 390 դոլար է, հետևաբար, բուժման կուրսը մեկ պացիենտի համար կհասնի 2340 դոլարի։

Մասնագետներից շատերին մտահոգում է մատչելիության հանգամանքը։ Ամերիկան և հարուստ այլ երկրներ դեղի համար պայքարում կարող են մրցակիցներին դուրս մղել, արդյունքում, ինչպես միշտ, կտուժեն թերզարգացած երկրները։ Չի բացառվում նաև, որ «Ռեմդեսիվիրի» դեֆիցիտի դեպքում տարբեր երկրներում կսկսեն արտադրել դրա կրկնօրինակը։

Դա, իր հերթին, կհանգեցնի իրավական հակասությունների, բացի այդ, «ջեներիկ» դեղի որակը երբեմն կասկածելի է լինում, և բուժելու փոխարեն այն կարող է վնաս հասցնել։ Մասնագետների համոզմամբ, «Ռեմդեսիվիրն» օգտակար, բայց ոչ կեսական դեղամիջոց է և այն պետք է կիրառվի հին ու նոր դեղերի, օրինակ, «Դեքսամետազոն» անվամբ հայտնի և բավական էժան ստերոիդի հետ, որն, ըստ բրիտանացի բժիշկների, կարող է մեկ-երրորդով կրճատել COVID-19-ով ծանր հիվանդների մահացությունը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3367 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am