Ֆիրդուսի գաղտնի ներդրողները․ եռացող թաղամաս

 Դեռևս խորհրդային տարիներին նախատեսված և այդպես էլ չիրագործված Երևանի թիվ 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը մարտահրավեր է եղել բոլոր ժամանակների քաղաքային իշխանության համար։

Ըստ Երևանի զարգացման հատակագծի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում նախատեսվող նոր թաղամասի կառուցման նպատակն է տարածքի բարեկարգումը, կանաչապատումը, առավել արդյունավետ պլանավորումը և օգտագործումը՝ հաշվի առնելով քաղաքացիների մերօրյա պահանջները` բնակելի և կոմերցիոն հատվածներով։ Տարածքում նախատեսվում է նոր փողոցների, հասարակական և սպասարկման օբյեկտների, բիզնես կենտրոնների, հյուրանոցների և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցում: Այստեղ նախատեսվում է նաև կառուցել շուրջ 40 մետր բարձրություն և 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձև հրապարակ, որի տակ կկառուցվի բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի:

Ըստ Ա.Թամանյանի գլխավոր հատակագծի՝ այս տարածքի անվանումը Հարավային պողոտա է: Ներկայիս «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքը, որը մի կողմից գտնվում է Հանրապետության հրապարակի, իսկ մյուս կողմից՝ Տիգրան Մեծ պողոտայի հարևանությամբ, հետագայում նոր ճանապարհով կմիացվի Վերնիսաժի հետ, որը նաև կունենա մշակութային նշանակություն: Նախագծվող թաղամասը` շենքերը, ճանապարհները, անցումները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար: Նոր թաղամասն ընդգրկում է ընդհանուր առմամբ 5.5 հա մակերես։ Կառուցապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 200.000 քմ: Ծրագրի շրջանակում նախատեսվող շենքերն ունենալու են 7-9 և 12-13 հարկայնություն, իսկ շենքերի հարկայնության թույլատրելի բարձրությունը՝ առավելագույնը 48մ, միջին բարձրությունը՝ 27մ: Ամբողջ տարածքը բաժանված է 18 մասերի (ԼՈՏ-երի)՝ ըստ իրենց նպատակային նշանակության, որից 4-ն արդեն վաճառված են։

Ծրագրի իրականացումը նախատեսված է առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։ Ներդրումներն ակնկալվում են ներգրավել առավելապես մասնավոր միջոցներով։ Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը մեկնարկել էր դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Նախապես սահմանված բոլոր ժամկետները, սակայն, չպահպանվեցին։ Տարածքում քանդման և հողային մի շարք աշխատանքներ արվել են դեռ տարներ առաջ։ Վերջերս Ֆիրդուսի կառուցապատման հարցի շուրջ հանրային քննարկումներ ծավալվեցին։ Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի, Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր Երևանի 33-րդ թաղամասի, այն է՝ Ֆիրդուսի հարցը, հայտարարվեց, որ նոր թաղամասում 9-10 ներդրող կա։ Թե ովքեր են ներդրողները, հայտնի չէ։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ներդրողների վերաբերյալ հարցերին համառորեն չպատասխանեց, ընդամենը նշեց, թե նրանք հեղափոխությունից հետո են հայտնվել, բանկային երաշխիքներ են ներկայացրել և արդեն իսկ հողերի ձեռքբերման համար 70 մլն դոլար են ներդրել։ Ներդրողների մասին որևէ խոսք չեն ասել նաև կառուցապատողների ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են
սնանկ ճանաչված «Գլենդել հիլզ» ընկերության տնօրեն Էդվարդ Մելիքյանը և Տիգրան Ասրիյանցը։ Հայտնի է, որ «Գլենդել հիլզ» ընկերության անվան հետ դեռևս նախկին իշխանության օրոք կապվում էին մի շարք մութ և աղմկոտ պատմություններ։ Հայտնի է նաև, որ հենց այս անձինք են հիմնադրել և տնօրինում 33-րդ թաղամասի կառուցապատող 18 ընկերությունները, որոնք կրում են Արևմտյան Հայաստանի տարբեր տեղանունները։

Այսպես, ՀՀ Կառավարության 2018թ. մարտի 22-ի որոշմամբ, Ֆիրդուսի ողջ տարածքի կառուցապատումը մասնատվել է և տրամադրվել Արևմտյան Հայաստանի տեղանուններով գրանցված 17 ընկերությունների՝ բաժանվելով 18 լոտերի։ Էդուարդ Մելիքյանը հիմնադիր է գրեթե բոլոր կառուցապատող ընկերություններում, Տիգրան Ասրիյանցը՝ դրանց մեծ մասի տնօրենը։ Այսինքն՝ ներդրումային ծրագիրը, որի մասին այսօր հայտարարվում է, մեկնարկել է նախորդ վարչակարգի օրոք։ Նկոլ Փաշինյանի` 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո, հասկանալի պատճառներով ներդրումային ծրագրի ընթացքը նախատեսված տեմպով չի ընթացել։ Բանկային երաշխիքն ու հողերի ձեռքբերման համար ծախսված 70 մլն դոլար ներդրումը ևս կատարվել է նախորդների օրոք։

Ներկայումս, եթե քաղաքային իշխանությանը հաջողվել է հասնել նրան, որ նախկին պայմանավորվածությունը չխաթարվի և ծրագիրն ի վերջո իրականացվի, անշուշտ դրական է։ Նախ՝ Եևանի կենտրոնում նման հակաէսթետիկ թաղամաս, ինչպիսին այսօրվա ֆիրդուսն է, ուղղակի չի կարելի ունենալ, ապա նաև շինարարական մեծ ծրագիրը կնպաստի տնտեսության ակտիվացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Կառուցապատման ծրագիրը բարդանում է, քանի որ Ֆիրդուսի թաղամասը շատ խիտ բնակեցված իրացման գոտիներից է։ Այստեղ 20-30 քառակուսի մակերեսով տնակներում հաճախ գրանցված են մի քանի տասնյակ մարդիկ՝ տարբեր ընտանիքներ, որոնք  փոխհատուցման պահանջ են դնում։ Սա հավելյալ ռիսկեր է առաջացնում ծրագրի արդյունավետ ընթացքի համար, որովհետև եթե 30 քմ տնակի դիմաց ներդրողը ստիպված պետք է այնտեղ հաշվառված քաղաքացիներին Երևանի կենտրոնում 3-4 ժամանակակից բնակարան հատկացնի, նշանակում է` գոյություն ունեցող տարածքի շուկայական գինը մի քանի անգամ բարձրանում է։ Հաշվի առնելով նաև Հյուսիսային պողոտայի և այլ իրացման գոտիների կառուցապատման փորձը, երբ առանձին անհատներ դիմեցին Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան և շահեցին, պետք է և' պետությունը, և' ներդրողը առավելագույն զգուշություն ցուցաբերեն։ Այսօրվա դրությամբ՝ Ֆիրդուսի իրացվող տարածքում ընդհանուր 373 գույք է հաշվառվել, որից 189-ը իրացված է եղել մինչև 2018 թվականը։ Գումարային փոխհատուցում ստացել է 50 ընտանիք, 200 ընտանիք ստացել է բնակարան։
Կառուցապատողների ներկայացուցիչը հայտնել է, որ այս տարածքից դեռևս 7 ընտանիք փոխհատուցում չի ստացել, կա չլուծված 5 դատական վեճ։

Բացի այդ՝ նախատեսվում է, որ նոր թաղամասի կառուցման ընթացքում տարածքում առկա 19-րդ դարի հուշարձանները մնալու են կանգուն։ Վերջին քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ այս հարցի հետ կապված հանրային ճնշումը մեծ է, նաև անհարկի քաղաքականացվում է։ Մասնավորապես քննարկման թեմա էր դարձել Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքի հեռակա ճակատագիրը։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կարծիքով՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե հուշարձան շենքը տեղափոխվի, հակառակ պարագայում, եթե պետությունը պարտադրի հին շենքերը պահպանել տեղում, կառուցապատման ծրագիրը կարող է տապալվել։ «Տարածքն արդեն վաճառված է, և սեփականատերերը մեզ դատի կտան»,- հայտարարել է Արթուր Մեսչյանը։

Նրա այս մոտեցումը դուր չէր եկել Երևանի ավագանու որոշ իմքայլական անդամների, որոնք քննադատում էին հուշարձանները քանդելու և տեղահանելու մոտեցումը։ Նրանք գտնում են, որ Երևանի քաղաքապետարանը հեղափոխությունից հետո պետք է կասեցներ հների նախագծերը՝ հաշվի չառնելով, որ նորերը դեռ նախագծեր չունեն, ավելին՝ չկան նաև նոր ներդրողներ։ Եթե հների նախագծով դեռևս ներդրողներ կան, ուրեմն պետք է անել ամեն ինչ, որ նրանք չխրտնեն՝ տապալելով երկրի խոշոր կառուցապատման ծրագրերից մեկը։ Նշենք նաև, որ հուշարձան հռչակված շենքերի մի մասը կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չեն։

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 3785 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am