Ռուսաստանն ընդդեմ ամերիկյան և բրիտանական մեղադրանքների

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բրիտանական Financial Times և ամերիկյան The New York Times պարբերականներից պահանջում է հերքել Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի վիճակագրության մասին իրենց հրապարակած տեղեկությունները։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում, ըստ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, այն հրապարակումներն անվանել են «անհիմն շահարկումներ» և «հերթական սենսացիոն հակառուսաստանյան ֆեյքեր»։

Ավելի ուշ Զախարովան ասել է, որ նշված պարբերականների նկատմամբ հետագա քայլերը կախված կլինեն այն բանից, թե արդյոք նրանք կհերեն իրենց հրապարակումները։ Այսպես ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Պետդումայի Ռուսաստանի գործերին միջամտելու դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությունը, որով պատգամավորները դիմել են արտգործնախարարություն՝ խնդրելով քննարկել երկրում Financial Times-ին և The New York Times-ին հավատարմագրումից զրկելու հնարավորությունը։

The New York Times-ում արդեն հայտարարել են, որ իրենց հրապարակումը հիմնված է եղել պաշտոնական տվյալների վերլուծության վրա․ - «Մեր հոդվածում բերված ոչ մի փաստ չի վիճարկվում»։ Financial Times-ի և The New York Times-ի հրապարակումներում խոսքն այն մասին էր որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային վարակից մահերի թիվը կարող է 70 տոկոսով ավելի լինել պաշտոնական վիճակագրությունից։ Ըստ «Ազատության»՝ Պարբերականները պարզապես վերլուծել են ապրիլ ամսվա մահացության պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ ապրիլին Մոսկվայում մահերի թիվը մոտ երկու հազարով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։
Ռուսաստանի իշխանությունների տվյալներով, կորոնավիրուսը Մոսկվայում ապրիլին 640 մարդու մահվան պատճառ է դարձել։ Քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտը երեկ հայտարարություն է տարածել՝ հերքելով ամերիկյան և բրիտանական թերթերի հրապարակումները։ Միաժամանակ, Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասված է, որ կորոնավիրուսով հիվանդների մահերի շուրջ 60 տոկոսը հաշվի չի առնվում վիճակագրության մեջ, քանի որ մահվան պատճառ են դարձել այլ հիվանդությունները՝ ինսուլտներ, ինֆարկտները, ուռուցքներ և այլն։

Ստացվում է, որ Ռուսաստանը չի հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին, որոնք ենթադրում են, որ կորոնավիրուսային վարակը պետք է նշել որպես մահվան պատճառ գրեթե միշտ, եթե այն հայտնաբերվել է հիվանդի մոտ՝ բացառությամբ վնասվածքների, օրինակ, եթե մարդը վրաերթի է ենթարկվել։
Առողջապահության դեպարտամենտը նաև նշել է, որ նույնիսկ, եթե հաշվի առնեն այդ բոլոր մահերը, կորոնավիրուսից մահացության ցուցանիշը Մոսկվայում միևնույն է ավելի ցածր կլինի, քան Լոնդոնում և Նյու Յորքում։ Շեշտել են, որ այդ քաղաքներում նույնպես կա տարբերություն Covid-19-ի մահացության ընդհանուր աճի և պաշտոնական վիճակագրության միջև։

Պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսային վարակից մահացությունը Ռուսաստանում այսօր մոտ 0,9 տոկոս է, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան այլ երկրներում, որտեղ նույնպես մեծ է վարակվածների թիվը։

Անցած մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է վարակի 10598 նոր դեպք։ Մայիսի 2-ից ի վեր առաջին ռեկորդն է, երբ 10 հազարից ավելի դեպք է գրանցվում։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 113 հիվանդ։

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 303 հազարը: Վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 4 միլիոն 546 հազարից, բուժվածներին՝ 1 միլիոն 716 հազարից անցել են:

ԱՄՆ-ը աշխարհը վարակվածների և զոհերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ: 1,457,886 վարակակիրներ, մահերը՝ 86,929: Միացյալ Նահանգների Կոնգրեսը լսել է Առողջապահության նախարարության մի աշխատակցի, ով հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ բողոք է ներկայացրել օրենսդիր մարմնին՝ իշխանությունների անգործության մասին: Նախկին պաշտոնյան կանխատեսում է համաճարակի երկրորդ ալիք և «մռայլ ձմեռ»:

Այսօր Մոսկվայում սկսում են զանգվածային անվճար թեստավորում իրականացնել նոր կորոնավիրուսի հակամարմինների առկայության վերաբերյալ: Լրատվամիջոցներում շարունակվում են քննարկումները համաճարակի զոհերի գրանցման վերաբերյալ:

Այդուհանդերձ, աշխարհը կարծես վերակենդանանում է՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրամիության երկրներին հունիսի կեսին բացել ներքին սահմանները: Ճապոնիայի մեծ մասում հանվել է արտակարգ դրությունը: Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի զոհ է դարձել 351 մարդ: Մարտի 1-ից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում մոտենում է 27.5 հազարի: Ֆրանսիայի հիվանդանոցներում դեռ ավելի քան 20 հազար մարդ բուժվում է այս հիվանդությունից՝ այս թիվը 3 հազարով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ:

Իտալիայում իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան 262 նոր դեպքի մասին: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է վերջին օրերին՝ մայիսի 7-ից ի վեր: Այնուամենայնիվ, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը շարունակում է նվազել: Մեծ Բրիտանիայում, որը մահվան դեպքերի թվով առաջինն է Եվրոպայում, անցած օրվա ընթացքում ևս 428 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվն անցել է 33 հազարը:

Եվրոպական երկրները թուլացնում են կարանտինի սահմանափակումները, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացնում է, որ եվրոպական առողջապահության ազգային համակարգերը պետք է նախապատրաստել նոր փուլին:

Մասնագետների համոզմամբ՝ մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի համավարակը կդառնա էնդեմիկ՝ տեղավարակ: Այդպես են համաճարակաբաններն անվանում որևէ տարածքում կոնկրետ վարակիչ հիվանդության մշտական առկայությունը, որը կարող է բացատրվել մի շարք գործոններով՝ բնությամբ, կլիմայով, սոցիալական կամ տնտեսական հանգամանքներով:

Կլյուգեի փոխանցմամբ՝ կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային, ինչպիսին է, օրինակ, գրիպը: «Դասը, որը քաղել ենք, այս է՝ հիմա ոչ թե տոնելու, այլ նախապատրաստվելու ժամանակն է, սա առաջին համավարակը չէ, որը տեսել է մարդկությունը, բայց վստահաբար ամենաավերիչներից է: Մենք տեսանք, թե ինչպես մեկ-երկու շաբաթվա ընթացքում տապալվեցին նույնիսկ ամենահզոր առողջական համակարգերը, ուստի առանցքային նշանակություն է ստանում առողջական համակարգի պատրաստությունը, հանրային առողջության կարողությունը»,- ասել է Հանս Կլյուգեն Կոպենհագենում առցանց կազմակերպված գիտաժողովում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բաժնի տնօրենը Եվրոպայի ազգային կառավարություններին կոչ է արել լսել հանրության կարծիքը և ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան արագ և արդյունավետ գործել համավարակի հնարավոր նոր բռնկումների դեպքում:

Այնուամենայնիվ, ըստ Կլյուգեի, հիմա մտահոգություն է հարուցում Եվրոպա աշխարհամասի արևելյան հատվածը, որտեղ կորոնավիրուսի տարածումը դեռ չի հաջողվում զսպել: Կլյուգեն գիտաժողովի ընթացքում խոսել է առողջապահության համակարգի աշխատանքը խոչընդոտող գործոնների մասին: Դրանց թվում են վիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների հանդեպ հանրության շրջանում մերթընդմերթ ի հայտ եկող անվստահությունը, դավադրապաշտական, հակագիտական թեզերի տարածումը և համավարակի պայմաններում նոր վարվելակերպ որդեգրելու, իշխանության պատկան մարմինների, բժիշկների ու մասնագետների հորդորներն անտեսելու՝ հանրության որոշ հատվածի գործելակերպը:

Մասնագետը զգուշացնում է, որ նման վերաբերմունքի արդյունքում հանրությունները կվատնեն կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր գնով ձեռք բերած նվաճումները, COVID-19-ը մարդկանց հետ կշպրտի, ու նրանք ստիպված կլինեն նորից անցնել այս դժվար ճանապարհը:

«Որևէ մեկը այս պահին չի կարող ասել, թե երբ է նահանջելու COVID 19-ը», - ըստ «Ազատության»՝ հերթական անգամ զգուշացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարները` հանդես գալով հոռետեսական կանխատեսումների նոր չափաբաժնով: «Սա այն է, ինչից մենք բոլորս վախենում ենք, մի արատավոր շրջան, երբ առողջապահական աղետին հաջորդում է տնտեսականը, դրան կրկին հաջորդում է առողջապահական աղետը, հետո՝ կրկին տնտեսականը: Կորոնավիրուսը կարող է ևս մեկ էնդեմիկ, հաստատուն հիվանդություն դառնալ: Այս վիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ, ճիշտ այնպես ինչպես դա տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի հետ», - նախօրեին Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը` մեկ անգամ ևս կոչ անելով աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին չշտապել կարանտինային սահմանափակումները վերացնելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3148 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am