Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի ՄԻԵԴ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու նպատակով առաջիկա օրերին դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ ըստ նրա՝ հանրաքվեի արդյունքում հաղթել է «ոչ»-ը և, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքներն անօրինական են: Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:
