Կոլումբիացի զինյալների հայ գերին փախել է
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը հայտնել է այն մասին,որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացուն Կոլումբիայում հաջողվել է փախչել իրեն պատանդ պահող զինյալներից՝ զինաթափելով նրանցից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Ապստամբները տղամարդուն, որին ներկայացնում են որպես Արսեն Լևոնի Ոսկանյա(ն), տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Ոսկանյանը նույնպես վիրավորվել է, և հայտնի չէ, թե որտեղ է նա այժմ: ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
