Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները
Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում:Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները:Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկություններով` Իզմիրում և Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին:Նրա հաղորդմամբ՝ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»ի օգտին խախտման արդյունքում:
