«Հաղթանակ խաչակիների նկատմամբ».Էրդողանը հանրաքվեի մասին
«Նախագահական համակարգի անցնելու հանրաքվեի դրական արդյունքը նվաճվել է, չնայած «նրանց հակազդեցությանը, որոնք ունեն խաչակիրների աշխարհայացք»:Մենք պայքարել ենք բոլոր թշնամիների դեմ, մեզ վրա հարձակվել են նրանք, որոնք ունեն խաչակիրների աշխարհայացք: Սակայն, որպես ազգ մենք դիմակայել ենք: Մենք կարող ենք խոնարհվել միայն մեր սրբությունների առջև և ուրիշ ոչ ոքի»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև Անկարայի օդանավակայանում` Ստամբուլից վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվել է հանրաքվեից առաջ:
«Այն բանից հետո, երբ 2019 թվականի նոյեմբերից սահմանադրական բարեփոխումների համաձայն` Թուրքիան կդառնա նախագահական հանրապետություն, այն կլինի ավելի ուժեղ: Երեկ երեկոյան բաց է թողնվել ազդանշանային հրթիռ` ուղղված դեպի 2019 թվականի նոյեմբեր: Առջևում նոր հաղթանակներ են, սակայն նրանք մեզ չեն արբեցնի»,- հավելել է նա:
