Գեղարքունիքում 3 մարդու մահվան պատճառ դարձած Շատվանի գյուղապետի որդին դատապարտվել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդու՝ Տիգրան Աբրահամյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գյուղապետի 40-ամյա որդին, ով մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ վթար առաջացնելու՝ իր մեքենայով մեկ այ մեքենայի բախվելու և երեք մարդկանց մահ պատճառելու համար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել և տուն էր ուղարկվել: Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող Պ. Պետրոսյանը՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը, Տիգրան Աբրահամյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ազատազրկման: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում Տիգրան Աբրահամյանն իր «Մերսեդես Բենց» մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11,8 կմ հատվածում՝ դեպի Գետափ վարելիս, թույլ է տվել ՃԵԿ կանոնների և երթևեկության անվտանգության մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, մառախուղի պայմաններում հաշվի չի առել տեսանելիությունը, չի ընտրել երթևեկության համար անվտանգ ռեժիմ, մեքենան վարել է տվյալ պայմանների համար նախատեսված՝ 19-39 կմ/ժ արագությունը գերազանցող՝ 90 կմ/ժ արագությամբ, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն: Նա իր մեքենայի առաջամասով բախվել է դեպի Սևան ընթացող, Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Ս.-ի վարած «Ֆորդ Ֆիեստա» մեքենայի առաջամասին: Մեքենաները բախման ուժգնությունից ընկել են դեպի Սևան ուղղության ճանապարհից դուրս գտնվող քարքարոտ, ձյունածածկ հատվածը: Վթարի հետևանքով «Ֆորդ Ֆիեստայի» վարորդը և երկու ուղևորները՝ ամուսիններ Վահրամ Ս.-ն ու Լարիսա Զ.-ն, տեղում մահացել են: Տիգրան Աբրահամյանը զանգել է քրոջ ամուսնուն ու դեպքի վայրից հեռացել է վերջինիս «Ինֆինիտի» մեքենայով՝ առանց վթարված մեքենայում գտնվողներին մոտենալու, միայն իմանալով, որ նրանք մահացել են… Առաջադրված մեղադրանքում Տիգրան Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Որպես կասկածյալ տված ցուցմունքում նա հայտնել է, որ դեպքի պահին մառախուղ է եղել: Ինքը մեքենան իր ուղեմասով, մոտակա լույսերով վարել է 90 կմ/ժ արագությամբ, տեսանելիությունը եղել է 5-10 մետր: Ինքը տեսել է մառախուղի մեջ դեպի իրեն եկող տրանսպորտային միջոցի լույսերը, բայց չի կողմնորոշվել, թե այդ մեքենան ճանապարհի որ ուղեմասով է երթևեկում: Իր մոտ խառնաշփոթ իրավիճակ է առաջացել, ինքը տեղանքում չի կողմնորոշվել, մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս: Շուրջ 15 մետր հեռավորությունից հայտնաբերել է դեմ-հանդիման ընթացող սպիտակ ավտոմեքենա, չի հասցրել միջոցներ ձեռնարկել բախումից խուսափելու համար: Մեքենաները բախվել են: Երբ իրեն դուրս են բերել իր մեքենայից, ինքը հավաքվածների խոսակցություններից հասկացել է, որ իրեն բախված մեքենայի վարորդն ու երկու ուղևորները մահացել են: Հետագա ցուցմունքներում Տիգրան Աբրահամյանն այլ տվյալներ է ներկայացրել՝ ասելով, թե առաջին ցուցմունքը տալիս եղել է դեղերի ազդեցության տակ, ուստի ճիշտ չի վերարտադրել կատարվածը: Նշել է, որ մեքենան վարել է 90 կմ/ժ արագությամբ իր ուղեմասով, ընթացել է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով: Տեսանելիությունը եղել է 40-50 մետր: Ինքը 80-90 մետրից տեսել է դիմացից՝ դեպի Սևան ընթացող մեքենայի լույսերը: Երբ իր մեքենայի ու այդ մեքենայի հեռավորությունը կազմել է 50-60 մետր, ինքը հայտնաբերել է, որ դիմացից եկող մեքենան ընթանում է իր ուղեմասով, գալիս է իրեն դեմ-հանդիման: Ինքը մեքենաների բախումից խուսափելու համար ղեկը ձախ է պտտել՝ ցանկանալով շրջանցել դիմացից եկող մեքենային: «Ֆորդն» էլ այդ ժամանակ մանևրել է դեպի աջ, մտել է իր աջ ուղեմասը: Ինքն այլևս չի կարողացել խուսափել բախումից: Իր կարծիքով՝ «Ֆորդի» արագությունը եղել է մոտ 60 կմ/ժ: Առաջին ատյանի դատարանում Տիգրան Աբրահամյանն ասել է՝ քանի որ «Ֆորդը» երթևեկել է իր ուղեմասով, ինքը, փորձելով խուսափել բախումից, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս… Ու այդ ժամանակ «Ֆորդն» էլ է վերադարձել իր ուղեմաս… Ինքը սթրես է տարել, «հո քարից չի, մարդ է»: Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ինքը դեպքի վայրից գնացել է տուն, տանն իրեն բժշկական օգնություն է ցույց տվել բժշկականում սովորող որդին: Ինքը մինչև կիրակի գտնվել է տանը: Կիրակի օրը ցանկացել է մեղայականով ներկայանալ ոստիկանություն, բայց ճանապարհի կեսից վատացել է, իրեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Ինքը քննությունից խուսափելու մտադրություն չի ունեցել: Դեպքի վայրից հեռացել է վախի ու ինքնազգացողության վատացման պատճառով: Ինքը մեքենան վարել է սթափ վիճակում… Տուժողի իրավահաջորդ Եսայի Ս.-ն հայտնել է, որ ավտովթարի հետևանքով մահացած Գեղամ Ս.-ն իր հայրն էր: Դեպքի օրը հայրն իր մեքենայով ընկերոջ՝ Դդմաշեն գյուղի բնակիչ Վահրամ Ս.-ի ու վերջինիս կնոջ՝ Լարիսայի հետ է եղել: Վահրամի խնդրանքով հայրը նրանց տարել է Մարտունի ու Գավառ քաղաքների վարչական տարածքներում գտնվող գյուղերը՝ հագուստ վաճառելու: Ժամը 16-ին ինքը հոր հետ խոսել է հեռախոսով, հայրն ասել է, թե պատրաստվում են Գավառից դուրս գալ և տուն ուղևորվել: Նույն օրը, ժամը 21-22-ի սահմաններում քրոջ ամուսինը հայտնել է, որ հայրը վթարի է ենթարկվել ու մահացել է: Հոր հուղարկավորության ժամանակ տարբեր խոսակցություններից լսել է՝ ինչ-որ գյուղապետի որդի «Մերսեդեսով» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել է հոր վարած մեքենային… Տուժողի իրավահաջորդ Սոսիկ Ս.-ն հայտնել է, որ ավտովթարի հետևանքով մահացած Վահրամ Ս.-ն իր եղբայրն էր, Լարիսան՝ նրա կինը: Եղբայրն ու կինը աշխատանք չունեին: Լարիսան շորեր էր գործում տանը, այդ շորերը վաճառում էին շրջակա գյուղերում ու հոգում էին իրենց կարիքները: Դեպքի օրը նրանք եղբոր ընկերոջ՝ Գեղամի մեքենայով գնացել էին գյուղերում հագուստ վաճառելու… Տուժողների իրավահաջորդները Տիգրան Աբրահամյանին նյութական պահանջ չեն ներկայացրել: Տիգրան Աբրահամյանի քրոջ ամուսին Արտեմ Խ.-ն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 18-ի սահմաններում իր «Ինֆինիտի» մեքենայով ընթանում էր Սևան-Երևան ճանապարհով: Իրեն զանգել են աներորդու՝ Տիգրանի հեռախոսից ու ասել են, որ Նորաշեն գյուղի հարակից ճանապարհին վթար է եղել: Ինքն անմիջապես շրջադարձ է կատարել ու գնացել է դեպքի վայր: Մառախուղ էր: Դեպքի վայրում շատ մարդիկ էին հավաքվել: Ինքն իմացել է, որ «Ֆորդի» մեջ գտնված երեք մարդիկ մահացել են: Տիգրանին տեսել է քիչ հեռու՝ կիսապառկած: Նա շատ վատ էր զգում, իր նախաձեռնությամբ նրան իր մեքենայով տեղափոխել է Երևան՝ նրա բնակարան… Հետագայում Տիգրանն ասել է. «Տեսանելիություն չկար, չեմ զգացել՝ ոնց, ինչ…»: Դատաավտոտեխնիկական առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ վթարն առաջացել էր Տիգրան Աբրահամյանի կողմից արագությունը գերազանցելու, հանդիպակաց ուղեմաս դուրս գալու՝ ՃԵԿ կանոնների պահանջները խախտելու պատճառով: Ընդհանուր իրավասության դատարանը միայն ամբաստանյալի տված հետագա ցուցմունքների լույսի ներքո նշանակել է կրկնակի, ապա և դատաավտոտեխնիկական հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց եզրակացությամբ՝ «Ֆորդն» էր դուրս եկել հանդիպակաց ուղեմաս, «Ֆորդի» վարորդի կատարած խախտումների հետևանքով էր կատարվել բախումը… Ընդհանուր իրավասության դատարանը եկել է եզրակացության, որ Տիգրան Աբրահամյանի մեղավորությունը դատարանում չի ապացուցվել, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Տիգրան Աբրահամյանը արդարացվել է, երեք մարդու կյանք խլած վթարի համար նրա մեղավորությունը համարվել է չհաստատված: Տիգրան Աբրահամյանի քրեական հետապնդումը դադարեցվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում… Մեղադրող դատախազի բողոքի հիման վրա գործը քննելով՝ վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Դանիելյան, Ռ. Բարսեղյան, Կ. Ղազարյան կազմով, ամբաստանյալ Տիգրան Աբրահամյանի պատճառաբանությունները՝ իր անմեղության վերաբերյալ, գնահատել է որպես ոչ արժանահավատ, քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու փորձ: Գործի հետագա քննության ընթացքում նշանակված դատաավտոտեխնիկական կրկնակի ու հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները, վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, բավարար չափով փաստարկված չեն՝ Տիգրան Աբրահամյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու առումով և որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: Վերաքննիչ քրեական դատարանը սկզբնական դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունն ու դրանում տեղ գտած հետևությունները բավարար չափով փաստարկված է գնահատել և՝ ամբաստանյալի մեղավորության առնչությամբ իրավական հետևանք առաջացնող: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ արդարացման դատական ակտ կայացնելով՝ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը: Տիգրան Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Աբրահամյանի կողմից նախնական կալանքի տակ գտնված 10 ամիս 24 օրը: Տիգրան Աբրահամյանը վերջնականորեն դատապարտվել է 5 տարի 1 ամիս 6 օր ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Պատժի սկիզբը կհաշվվի Տիգրան Աբրահամյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնի:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am