ՔԿՎ-ն արձագանքել է Էդուարդ Ներսիսյանի պաշտպանին
Քրեակատարողական ծառայությունն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ Ներսիսյանի պաշտպանի մտահոգություններին, նշելով, որ Ներսիսյանը ստանում է նեղ մասնագետների՝ նյարդաբանի եւ թերապեւտի կողմից նշանակված բոլոր բուժումները եւ պարբերաբար՝ նաեւ խորհրդատվություններ։ «Ներսիսյանը մշտապես գտնվում է ինչպես համապատասխան բժիշկ-մասնագետների, այնպես էլ հիմնարկի մյուս աշխատակիցների հոգածության ներքո։ Երբեւէ դժգոհություն չի հայտնել իրեն մատուցվող բժշկական ծառայությունների որակից։ Ներկայումս էլ Ներսիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ինքնուրույն տեղաշարժի եւ շարժունակության լուրջ խնդիրներ չունի, անձնական հիգիենայի հետ կապված խնդիրներ՝ նույնպես»,-տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
