Արամ Աթեշյանը պատրիարքարանում ընդունել է իր մրցակցին՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանին
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Եղբայրական ողջագուրումից հետո հոգևոր հայրերը շարունակել են դեռևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսված քննարկումները պատրիարքական ընտրությունների շուրջ: Ավելի ուշ Բեքչյանն այցելել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրատուն, որտեղ ներկայացրել է իր պատկերացումներն ու ակնկալիքները տեղապահի ընտրություններից: Նա քննադատել է նախորդ 9 տարիների ընթացքում կատարված մի շարք կարգադրություններ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ տեղապահի պաշտոնում ընտրվելու պարագայում ջանքեր կգործադրի առաջ տանելու պատրիարքական ընտրության գործընթացը:
