Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը բարձր է
Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը դեռ բարձր է, անվտանգության միջոցառումները՝ խստացված: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Charlie Hebdo թերթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական գործողության տարելիցի առթիվ: «Մենք գործ ունենք լավ պատրաստված զինյալների հետ, որոնք պատրաստ են սպանել: Նրանց գործողությունները համակարգվում են արտերկրում, նրանց պատրաստմամբ զբաղվում է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետությունը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Օլանդը: Ֆրանսիայում այսօր հիշում են Փարիզում Charlie Hebdo-ի դեմ իրականացված ահաբեկչության զոհերին: Օլանդը խոստացել է մինչ փետրվար, երբ ավարտվում է 2015 թվականի նոյեմբերին սահմանված արտակարգ դրության ժամկետը, վերանայել օրինագիծը, որը նախատեսում է Ֆրանսիայում անվտանգության միջոցառումների խստացում:
