«Մենք մարդ ենք եղել»

Սլավիկ Չիլոյանը (1940-1975) ապրեց իր կյանքն իբրև պոետ՝ առանց արտաքին փայլի, առանց ժեստի, առանց ինքնապաշտպանության զրահի՝ երբեմն չափից ավելի թանկ վճարելով դրա համար: Բնավորությամբ անհանգիստ՝ նա ձգտում էր ծայրահեղությունների, խուսափելով միջինի տրամաբանությունից, որը չի կարող ընդգրկել այն ուժգին պահերը, որոնք էքստազի մեջ ստիպում են հաճախ մոռանալ «ապահովության օրենքները» և ձեռքերը երկարել դեպի կրակը: Նրա կյանքը կաշկանդված չէր պայմանականությունների ցանցով, և, ըստ էության, կրում էր իր վրա զոհաբերության կնիքը: Այդ զոհաբերությունը ուղղված էր դեպի նրա պոետական տեսիլքները, որոնց հրապուրանքը նրանից թաքցնում էր կյանքի մակերեսը և ստիպում հետևել իրեն: Բառերի կործանարար հմայքը նրա հոգու վրա վճռական ազդեցություն ուներ, որը հաճախ թույլ չէր տալիս բառերի աշխարհից վերադառնալ իրերի աշխարհը: Սլավիկ Չիլոյանը իր ամբողջ կյանքը ապրեց այդ պոետական իրականությամբ, նրան կապված լինելով ֆանատիկ նվիրվածությամբ ու սիրով: Պոեզիան այս առումով նրա համար ոչ միայն բարձրագույն սեր էր, այլև մահ, քանի որ այդ երկուսը մի որոշակի մակարդակի վրա հավասարվում են իրար: Ներքին ձգտումը դեպի մահը պոեզիայի հարթության վրա նշանակում է ձգտում դեպի սերը, միայն թե այստեղ փոխվում է սիրո օբյեկտը, որը պահանջում է ոչ թե կյանքի մի մասը, այլ կյանքն ամբողջովին: «Չենք ասում, ինչքան գիտենք» գրքի աշխարհը բացվում է այն ժամանակ, երբ առօրեական հոգսերը անցնում են երկրորդական պլան, իսկ առաջին պլան են բարձրանում անանձնական նկրտումներն ու սպասումները: Սա անվերջ շփումն է ներքին աշխարհի հետ, որը մի բևեռում նշանակում է անկում իր մետաֆորային իմաստով, մյուսում՝ հայտնագործություն կամ ներքին արթնացում:   Այս գիտակցությունն առաջացնում է հակադարձ ձգտում դեպի աշխարհի կոնկրետ զգացողությունը: Պոեզիան այս զգացողության վերահայտնագործումն է, ուր նա հանդես է գալիս նոր լույսի մեջ, ցույց տալով իրերի այն կողմը, որը մինչ այդ չէր երևում: Սա երևակայության այն ձևը չէ, որը սնվում է ինքն իրենով և անհետանում, երբ անցնում է պահը: Սա կայուն վիճակ է, Սլավիկ Չիլոյանի բանաստեղծությունների կենտրոնը, նրանց շարժող ուժը: Վերացական գաղափարներն ու պատկերացումները պոեզիայի համար արժեք են ստանում, երբ մտնում են անձնական փորձի մեջ: Սլավիկ Չիլոյանը չունի այնպիսի բանաստեղծություն, որը դուրս լինի նրա անձնական փորձից: Այդ բանաստեղծությունները կարող են ունենալ որոշ հապշտապ արված տեղեր, բայց դրանք նրա ապրված զգացմունքների արտահայտություններն են: Ընդհանուր գաղափարներն ու վիճակները նրա մոտ միաձուլված են իրար՝ ստեղծելով լիրիկական հերոսի բավական բարդ կերպար: Դա ոչ թե մարդու վերացական գաղափար է, այլ մարդու ռեալ գոյություն՝ տարրալուծված բառային տարբեր իրադրություններում: Նրա պոետական ընդհանուր վիճակը հեղհեղուկ չէ, այլ կայուն, ամրապնդված մարդու և աշխարհի ներկայությամբ: Ճակատագիրը նրա պոեզիայում ժամանակի շարժումն է և աշխարհի հետ մարդու հարաբերությունների ամբողջական գումարը, որի տարածություններով անցնում է մարդը: Այդ «5000 տարեկան» մարդու ներկայությունը (այստեղ պոետն ակնարկում է պատմության շրջանն անցած մարդուն) կայուն և հաստատուն ձևի մեջ է դնում նրա տեսիլքները, որոնք հիմնականում պտտվում են այդ մարդու շուրջը («Պատմության դաս»): Պատահական չէ, որ նրա բանաստեղծություններում չափազանց շատ է հանդիպում «երկրագունդը», որը դառնում է մարդու հիմնական զուգորդումը, նրա կեցության խորհրդանիշը: Իր լիրիկական հերոսի նկատմամբ Սլավիկ Չիլոյանն ունի ընդգծված էմոցիոնալ, երբեմն հեգնական վերաբերմունք, ձգտելով ճանաչել նրան, բացել նրա գաղտնիքը և հասկանալ նրա վիճակը: Մարդու ճանաչման լավագույն ձևը սերն է, որով ստեղծագործողը մոտենում է նրան: Դա ճշմարիտ է հատկապես արվեստի և պոեզիայի համար, որոնք առանց այդ սիրո ձեռք կբերեն հակառակ ֆունկցիա: Սերն ապրում է այնտեղ, ուր բացակայում է կեղծիքը, որի առկայությամբ սերը փոխարինվում է «ստանդարտ հումանիզմով»: Այս առումով Սլավիկ Չիլոյանի պոեզիայում անկարելի է գտնել որևէ կեղծ նոտա, հնարովի սիրո խոստովանություններ, գրքերից թռցրած գաղափարներ: Այն, ինչ տրված չէ նրա փորձի մեջ, պարզապես գոյություն չունի նրա համար, իսկ ճշմարիտ է այն ամենը, ինչը ապրված է անձնավորության կողմից: «Պոեզիան սկսվում է ոչ թե զգացմունքից, այլ փորձից»,- գրել է Ռիլկեն: Սլավիկ Չիլոյանի պոեզիայի հիմքը այդ փորձն էր, որը ներքին ուժ և շոշափելիության աստիճանի առարկայական ամրություն էր հաղորդում նրա բանաստեղծություններին: … Ես, որպես մի տերև, որ կանաչ էի, այժմ դեղնել եմ ու գիտեմ, կըկնեմ, բայց հողի մեջ էլ կամ ինչ-որ անցորդի անտարբեր ու կոշտ ներբանների տակ ես կճրթճրթամ: Ես, որ մանուկ էի, քանց մի ծերունի, սիրում եմ մարդուն, ու փեշից կախված մատս բերանիս ես կհեկեկամ, թե մեկը մի օր նրան անարգի կամ աչքերից նրա արտասուք քամի: Անգիտակցական ճակատագրի ենթագիտակցական զգացումը («ու գիտեմ, կընկնեմ») ստվեր չի նետում նրա մարդկային աշխարհի վրա, այլ հակառակը, ավելի է խորացնում այն՝ նրան տալով ողբերգական հիմքեր: Ինչո՞ւ ենք մենք հավատում դրան. որովհետև դրան նախապես հավատում է ինքը՝ այդ տողերի հեղինակը: Սլավիկ Չիլոյանի խիղճը մաքուր է իր տողերի նկատմամբ, քանի որ այդ խիղճը մաքուր է ներքուստ, խղճից խիղճ կծնվի, կեղծիքից՝ կեղծիք: Ինչի մասին էլ գրի Սլավիկ Չիլոյանը՝ նա գրում է իր մասին և, հակառակը, ինչ էլ գրի իր մասին՝ նա գրում է իր «ոչ-եսի» մասին: Այս տեսանկյունից դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պոեզիա է, որը, պետք է ասել, ժամանակակից պոեզիայի հիմնական հատկանիշներից է: Նա առաջիններից մեկն էր, որը մեր պոեզիայում ընտրեց այդ ուղին՝ ելնելով իր սեփական կյանքի տվյալներից: Նրա պոեզիայի վրա անհնար է գտնել որևէ ազդեցություն, այն, ինչ գրված է նրա կողմից, միայն իրենն է: Դա երևում է նույնիսկ ֆրանսերենից կատարած նրա թարգմանություններում (Ռասին, Հյուգո, Բրել, Վիան, Լամարտին, Մյուսսե, Ազնավուր, ինչպես նաև «Ռոլանդի երգը»), որոնց վրա շատ ուժեղ է նրա անհատականության կնիքը: Նա գտնում էր, որ պոեզիան պետք է թափանցի իրերի միջուկի մեջ՝ բացահայտելով ոչ թե արտաքին, այլև՝ ներքին ձևը. … կամ թե պոետը մի քիչ աթսոսա՝ իզուր է գրել, երբ չի լսել կռինչն ագռավի սպիտակ հոգուց, այլ սև թևերից… «Սպիտակ հոգու» և «սև թևերի» անտինոմիան այստեղ արտահայտում է հատուկ կոնցեպցիա: Ագռավի «սպիտակ հոգու» կռինչը տարբերվում է նրա «սև թևերից», քանի որ ագռավը, ըստ էության, որ թե իր «սև թևերի», այլ «սպիտակ հոգու» մեջ է, որտեղից կարելի է եզրակացնել, որ կյանքի միջուկը «սպիտակ» է (սրբագործված սիմվոլ, որ նշանակում է աստվածային նշան) և ոչ թե «սև», որը միֆական ամենակայուն սիմվոլներից է բացասական նշանակությամբ: Այդ «սպիտակ միջուկին» պետք է հասնել ինքնազոհաբերությունների միջոցով: Սլավիկ Չիլոյանը տառապանքների երգիչ չէ, քանի որ տառապանքը նրա պոեզիայում ոչ թե թեմա է, այլ՝ կեցություն և գոյության ձև: «Տառապանքամոլությունը», որը կեղծ խորությունների պատրանք է թողնում, ըստ էության, կապ չունի զոհաբերության հետ (քանի որ այդ դեպքում սերն ուղղված է ինքն իրեն՝ վերածվելով ինքնասքանչացման): Այն պոեզիայի կեղծիքն է, քանի որ կարող է հաճախ վարպետորեն ընդօրինակումներ անել: Պոեզիան արտահայտում է այն օբյեկտը, որին ձգտում է, և ոչ թե նրա ցանկությունը, որի անբավարարությունը ոչնչացնում է ձգտման օբյեկտը, ստեղծելով «կեղծ-ռոմանտիկ» հեղեղ՝ առանց առարկայի: Սլավիկ Չիլոյանի կյանքը, իրոք, կարելի էր կոչել տառապանքների զուգորդում, բայց, նրա պոեզիան ավելին եղավ, քան նրա անձնական կյանքը: 35 տարի ապրեց այդ բանաստեղծը, հախուռն, բոհեմիկ և զգայուն մարդը, որի նկատմամբ ճակատագիրը եղավ խիստ, անխնա, բայց նաև ճշմարիտ: Ճշմարիտ այն առումով, որ այլ կերպ ապրելը նրա ուժերից վեր էր և պետք է նրան ընդունենք այնպիսին, ինչպիսին ինքն էր, և ոչ թե ինչպիսին ցանկանում էինք: Կարելի է առարկել նման կյանքի ընթացքի դեմ, բայց առարկությունները վերաբերում են ապրողին: Իհարկե, որոշ տեսանկյունից նա սխալ էր, քանի որ շատ ավելին կարող էր անել: Այժմ նրանից մնացել են մի շարք բանաստեղծություններ, թարգմանություններ և, այսպես ասած, «արտիստիկ հիշողություններ», ուր ստեղծվում է բնականից հետզհետե տարբերվող մի մարդկային կերպար, որն արդեն պատկանում է ստեղծագործությանը: Բայց հիշողությունների հարստացման փոխարեն կարող էր ավելի հարստանալ մեր պոետական խոսքը, որի նկատմամբ նա անփույթ եղավ:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am