Ռաքքայի արևելքում ոչնչացվել է Եփրատի վերջին կամուրջը
Սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին հայտնում է,որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են սիրիական Ռաքքա նահանգի արևելքում Եփրատի գետի վերջին կամուրջը։ Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է Ալ-Մագելյա կամուրջը, որը գտնվում է Մաադան բնակավայրից ոչ հեռու ,այն վերջինն էր, որ միացնում էր Եփրատի ափերն այդ տարածաշրջանում, և դրա ոչնչացումը լիովին մեկուսացրել է Ալ-Ջազիրա շրջանը։ Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին մի քանի ամիսներին կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Եփրատ և Ալ-Խաբուր գետերի կամուրջների մեծ մասը։ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության «մայրաքաղաք» Ռաքքան գտնվում է Սիրիայի հյուսիսում ՝ Եփրատ գետի ափին։ Քաղաքը գրոհայինների կողմից զավթվել էր 2013 թվականին։
