Ֆիյոնը մինչև վերջ կգնա
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաստատել է, որ ընտրապայքարը շարունակելու որոշում է կայացրել՝ չնայած իր կնոջ շուրջ ձևավորված սկանդալի: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Journal du Dimanche-ին: Ֆիյոնի խոսքով՝ ընտրություններից իր թեկնածությունը հանելը կհանգեցնի նրան, որ հասարակությունը կզրկվի հուսալի թեկնածուից: Նախկին վարչապետը նշել է, որ այդ դեպքում երկրում ռեժիմի ճգնաժամ կսկսվի: «Դա այն է, ինչը չնայած ինձ վրա գործադրվող ճնշմանը՝ ինձ հանգեցրել է մինչև վերջ գնալու որոշման: Ես այս որոշումը հեշտ չեմ ընդունել: Իհարկե, ես գնահատեցի իրավիճակը… Ես խենթ չեմ»,- թերթին տված հարցազրույցում ասել է Ֆիյոնը:
