Իրանի դիրքորոշումը հարցականի տակ է դնում Աստանայի հանդիպմանը ԱՄՆ-ի մասնակցությունը. Կրեմլ
Իրանի դիրքորոշումը՝ որպես սիրիական կարգավորման հարցում կարևոր դերակատար, հարցականի տակ է դնում Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը ԱՄՆ-ի վարչակազմի մասնակցությունը, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աստանայում ծրագրված հանդիպմանը հրավիրված են նաև Թրամփի վարչակազմի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ «Իրավիճակը շատ բարդ է, կա Իրանը՝ կարևոր դերակատար սիրիական հարցում, և իրանցիները չեն ողջունում ԱՄՆ-ին։ Դա շատ բարդ հարց է շատ զգույշ խաղի համար»,-նշել է Պեսկովը։ Սիրիայի հարցով նոր հարթակ Աստանայում հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրա առաջարկը հավանության են արժանացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
