Չավուշօղլուն ԵՄ-ին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահպանի երաշխավոր երկրի կարգավիճակը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը և Անկարան միասնական են այն հարցում, որ Թուրքիան պետք է պահպանի երաշխավոր երկրի կարգավիճակը, իսկ թուրքական զորքերի տեղակայումը կղզում պետք է շարունակվի»,- ասել է Չավուշօղլուն: Չավուշօղլուի խոսքով՝ հունվարի 18-ին բանակցային գործընթացի շրջանակում տեղի կունենա փորձագետների հանդիպում, որոնք կքննարկեն տեխնիկական հարցեր։ «Բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել... Հակամարտություններից ո՞րն է այսօրվա դրությամբ կարողացել կանխել ԵՄ-ն։ Ո՞վ է երաշխավորում այդ միության ապագան»։ Նա ԵՄ-ին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ։
