Փոխմարզպետի որդու սպանության շարժառիթը. ինչ ցուցմունք է տվել կասկածյալը. armtimes.com

Հունվարի 7-ին Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը (Նորատուսցի Հայկո մականվամբ): Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ կասկածվում է Նորատուս գյուղի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: 20-ամյա երիտասարդը դեպքից անմիջապես հետո հորը պատկանող «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: armtimes.com-ի տեղեկություններով, նա որպես կասկածյալ հարցաքննվելիս պատմել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ «տղայական ռազբորկա»: Նա նշել է, որ վերջին շրջանում իր եւ Հայկ Հակոբյանի միջեւ մի քանի անգամ վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ: Մեր տեղեկություններով, վիճաբանություններից մեկի ժամանակ Հայկ Հակոբյանը նույնիսկ ապտակել է Մեխակ Հարությունյանին: Եվ ահա դեպքի օրը՝ հունվարի 7-ին, նրանք կրկին նույն թեմայի շուրջ վիճաբանել են. երկուսն էլ եղել են մեքենաներով: Վիճաբանությունը հանգուցալուծվել է նրանով, որ Մեխակ Հարությունյանը «Մակարով» տիպի ատրճանակից մի քանի անգամ կրակել է Հայկ Հակոբյանի վրա: Մեխակ Հարությունյանը իրավապահներին է ներկայացրել նաեւ ապօրինի պահվող հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա: Երեկ տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը: Նա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը, հիշեցնենք, կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում: Իսկ սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը սովորում է Երեւանի պետական համալսարանում, հայրը զբաղվում է խեցգետնի առեւտրով: Նրա հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, երեկ ողջ օրվա ընթացքում չմոտեցավ հեռախոսին. զանգերին պատասխանում էր մեկ այլ անձ եւ հորդորում զանգահարել ավելի ուշ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեզ զրույցում պնդեց, որ Մեխակ Հարությունյանի եւ Հայկ Հակոբյանի ընտանիքներն անձնական խնդիրներ չեն ունեցել. նրանք խնամիական կապերի մեջ են. «Հեռու բարեկամներ են»,- ասաց նա: Մարզպետը չցանկացավ խոսել դեպքի մասին՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, իրավապահներն են զբաղվում, ուստի ոչինչ ասել չի կարող: Մեր դիտարկմանը, թե սպանությունից հետո ի՞նչ իրավիճակ է Նորատուսում, լարվածություն կա՞, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես ցնցված  եմ, ցնցված է ոչ միայն համայնքը, այլ նաեւ մարզը: Մեկը մյուսին հարց են տալիս՝ ինչո՞ւ, բայց ոչ մեկը չգիտի այդ հարցի պատասխանը: Նորատուսը ՀՀ-ում այն համայնքն է, որ միասնական է բոլոր հարցերում, ունի իր ուրույն տեղը եւ դերակատարությունը, դրա համար ես ցավում եմ դեպքի առնչությամբ: Ես համոզված եմ՝ նորատուսցին կմնա իր բարձունքին: Չի կարող լարված լինել, որովհետեւ ես ասացի՝ հզոր միասնական համայնք է, բոլորը ցնցված են կատարվածից եւ սգում են միասնական»: Խոսելով կասկածյալ Մեխակ Հարությունյանի մասին, նա ասաց՝ այն, որ Մեխակը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի, դեռ ոչինչ չի նշանակում. «Նա անմեղ է, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ»,- նկատեց մարզպետը: Նշենք, որ 20-ամյա երիտասարդը երեկվա դրությամբ փաստաբան չուներ: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր. հենց այսօր էլ կորոշվի Մեխակ Հարությունյանին դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք պահելու համար մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու հարցը: Նշենք, որ դեպքի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ սպանությունը բացահայտվել է: «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ եւ երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: Մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ`դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում: Տեղեկացանք, որ երեկ սույն քրեական գործը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռ բերելը, կրելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Լուսանկարում՝ աջից սպանված Հայկ Հակոբյանը

դիտվել է 280 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am