Վտանգը հաղթանակի գիծն է. Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը

«Վտանգը հաղթանակի գիծն է» սահմանումը «ճգնաժամը նաև հնարավորություն է» ճշմարտության՝ ազգային ոգու գիտակցության հասած կամային ժողովրդի լավատեսական ըմբռնումն է և նույնպես ճշմարիտ է: Այն ձևակերպել է հայ մեծ մտածող և գործիչ Հայկ Ասատրյանը՝ ոգու տրամաբանության իրերի տրամաբանությունը և ըստ այդմ պատմության ընթացքը փոխելու հնարավորությունն ու ճանապարհը տեսանելի դարձնելու համար: Մենք նույնպես՝ սրտում և մտքում ամուր պահելով այդ ճշմարտությունը, ներկայացնում ենք մեզ սպառնացող վտանգը, որը կարող է, պետք է և, մեր համոզմամբ՝ դառնալու է հայության հաղթանակի գիծն ու վերածննդի անցումը: Պետք է հաշվի առնենք նաև, որ մեր ժողովուրդն ունի մի համակարգաստեղծ առանձնահատկություն: Նա համոզված է, որ ինքը հավերժ է: «Այս աշխարհում ամեն բան կմեռնի, բայց հայը չի մեռնի», – գրել է Մեծ Եղեռնից մազապուրծ մի տարագիր հայ իրեն Հայրենիքից հեռացնող նավակի կողամասին: Հայը Մհեր ունի Քարի մեջ պահված: Այլ հարց է, որ Մհերին դեռ պետք է հանել, ակտիվացնել մեր քարացած ներաշխարհում: Եվ այդ հարցը լուծելուն միտված մի համեստ ու փոքր ջանք է մեզ սպառնացող վտանգն ու դրա լրջությունը բացահայտող սույն վերլուծությունը: Փոքր վտանգները հավերժին չեն անհանգստացնում, այլ միայն մեծերը: Եվ վտանգն իսկապես մեծ է, իսկապես գոյութենական: Բուն վտանգը Հայաստանը որպես գաղութ-կայազոր ունենալու շնորհիվ Ռուսաստանը օգտագործելով նաև Կովկասյան լեռնաշղթայի հարավային փեշին ձեռք բերած պլացդարմները (Աբխազիա և Հարավային Օսեթիա) և, ըստ էության՝ լեռնաշղթայի անցումների նկատմամբ երկկողմանի ու ամբողջական վերահսկողությունը, Սևծովյան նավատորմի և Կասպիական նավատորմիղի կարողությունները, ինչպես նաև հենվելով հեռահար ու զանգվածային խոցման իր ներուժի վրա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ փաստացի շարունակում է Այսրկովկասը ռազմական-ռազմավարական առումով ներկալված պահել որպես իր ներքին տարածք: Այս հանգամանքի շնորհիվ է, որ Ռուսաստանը շարունակում է ցամաքային կապ ունենալ Հարավ-արևմտյան Ասիայի (Մեծ Մերձավոր Արևելք) գերկարևոր տարածաշրջանի հետ և ակտիվ կերպով գործել Հյուսիս-Հարավ առանցքով: Ռուսաստանը փաստացի կորցրել է գլոբալ դերակատար լինելու մյուս հնարավորությունները և միայն Եվրասիական Հյուսիս-Հարավ առանցքը իր համար գլխավոր՝ Արևելք-Արևմուտք առանցքի հետ համադրելով է կարողանում գոյատևել որպես աշխարհաքաղաքական համալիր և, դրանով իսկ՝ աշխարհաքաղաքական գերուժ: Հայաստան գաղութ-կայազոր ունենալու շնորհիվ է, որ նա կարողանում է ամբողջացնել և Հարավ-արևմտյան տարածաշրջան հասցնել Արևմուտքի դեմ ստեղծած իր ռազմավարական գոտին (Բալթյան նավատորմ-Կալինինգրադի մարզ-Բելոռուս-Ղրիմ-Սևծովյան նավատորմ-Աբխազիա-Հայաստան) և այդպիսով լուրջ հավակնություններ ներկայացնել այս տարածաշրջանում: Պատահական չէ նաև, որ Ռուսաստանը հարձակողական սպառազինություն է տեղակայել իր արևմտյան և հարավային էքսկլավ-կայազորներում՝ Կալինինգրադի մարզում և Հայաստանում: Ի դեպ՝ Ռուսաստանը Հայաստանում իր ռազմական համակարգը ձևավորում է ճիշտ Կալինինգրադի մարզի տարբերակով, պարզապես ձևականորեն «հաշվի է առնում» այն հանգամանքը, որ Հայաստանն, այնուամենայնիվ, միջազգային իրավունքի սուբյեկտ է: Այդ հանգամանքը միայն որոշակիորեն բարդացնում է նրա գործը միջազգային-իրավական ընթացակարգերի միջոցով աշխատելու և արտաքուստ դրանք պահպանելու պարտավորության տեսակետից, սակայն ոչ ավելին: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստան գաղութ-կայազորը, ապա Այսրկովկասը ռազմական-ռազմավարական առումով նրա համար կդառնա արտաքին տարածք, կկտրվի նրա ցամաքային կապը Հարավ-արևմտյան Ասիայի հետ, կկրճատվի ու այդ տարածաշրջանից դուրս կգա նաև Արևմուտքի դեմ ձևավորած նրա ռազմավարական գոտին, ինչի հետևանքով էապես կթուլանա և շատ առումներով պարզապես չի գործի նրա Հյուսիս-Հարավ առանցքը: Իսկ դրա հետևանքով արդեն Ռուսաստանը կքայքայվի որպես Եվրասիական մայրցամաքի չորս կողմերի վրա արդյունավետ կերպով գործելու ունակ աշխարհաքաղաքական համալիր և կդադարի լինել աշխարհաքաղաքական գերուժ: Հայաստանը որպես գաղութ-կայազոր ունենալու այսպիսի կենսական կարևորությունը Ռուսաստանին թելադրում է արմատախիլ անել Հայաստանի որևէ այլընտրանքի հեռանկար: Ուստի նա պետք է ամեն առումով ուժազրկի և անապատացնի մեր երկիրը: Այդ նպատակի երեք փոխպայմանավորված հիմնական թիրախներն են. 1)Հայոց ազգային ոգին՝ դրա գոյությունն ու արդյունքն ապահովող մարդկային ներուժի անհրաժեշտ քանակով և որակով, 2)ֆիզիկական պաշտպանության կարողությունները, 3)աշխարհաքաղաքական գործոն դառնալու համար անհրաժեշտ Կուր-Արաքսյան տարածքը, սկզբի համար՝ առնվազն այսօրվա Արցախը (իր սահմանադրական տարածքով) և Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողությունը: Ըստ այդմ՝ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ և հիմնականում հայաստանյան գաղութային վարչակազմի ձեռքով փորձ է արվում լուծելու հետևյալ երեք խնդիրները. 1)Հոգևոր-մշակութային քայքայման ու կլանման և սոցիալ-տնտեսական ու իրավական կեղեքման միջոցով մեր ժողովրդին զրկել ազգային քաղաքական ինքնությունից և հնարավորինս մարդաթափ անել երկիրը, 2)Ռուսաստանին հանձնել Հայկական բանակի՝ իրեն անհրաժեշտ մասի (ՀՕՊ, Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումներ, շուտով հավանական է՝ կառավարման, կապի, հետախուզության և այլ կարևոր բաղադրիչներ) ռազմավարական կառավարումը: Հայկական բանակի մյուս զորամիավորումներն ու բաղադրիչները, ենթադրաբար՝ որոշակի կրճատմամբ ու վերակազմավորմամբ, նախատեսվում է Ռուսաստանի ռազմավարական կառավարման ներքո վերցնել Արցախում ռուսական ռազմական ներկայություն ապահովելուն և մեր պարտության ու կենսական շահերի հաշվին Շիրակ-Արցախ ռազմավարական աղեղի վրա զույգ ոտքերով Ռուսաստանի հաստատվելուն զուգահեռաբար կամ այդ գործընթացի ավարտին: Ի դեպ՝ Ռուսաստանի այս նկրտումները սկզբնական շրջանում՝ 2000-ականների առաջին կեսին, եղել են բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նկատմամբ, սակայն մոսկովյան հրամանատարությունից կառավարվող նորօրյա «Վարշավյան պայմանագիր» ձևավորելու նրա ախորժակը փակեցին այդ կազմակերպության մյուս անդամները, և միայն Հայաստանը եղավ հլու-հնազանդ: Անշուշտ, խանգարեց նաև այդ արհեստական կազմակերպության անդամների միջև հաճախ արմատական հակասություններ առաջանալու հանգամանքը: Այդ պատճառով Ռուսաստանը թեև վկայակոչում է ՀԱՊԿ ձևաչափը, սակայն իրականում աշխատում է առանձին: 3)Արցախի տարածքի մեծ մասը, առաջին հերթին՝ ազատագրված տարածքները, հանձնել Ադրբեջանին, նրան հանձնել նաև նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասը (հավանաբար այն մասը, որը 1991-92թթ. ռուսները տեղահանում էին, Մարտակերտը և Հադրութը՝ մասամբ կամ ամբողջությամբ), նաև այն նպատակով, որ հակամարտությունն ավելի խճճվի և այս անգամ արդեն հայկական կողմը պահանջատեր դառնա՝ ինչը է՛լ ավելի պետք է մեծացնի Ռուսաստանի միջնորդական դերը: Իսկ Ստեփանակերտ (օդանավակայանը ներառյալ)-Շուշի-Լաչինի միջանցք գիծն ամփոփող որոշակի տարածք նախատեսվում է զբաղեցնել ռուսական ռազմական ուժով՝ ձևավորելով վերը նշված Շիրակ-Արցախ ռազմավարական աղեղը և ամբողջացնելով Ռուսաստանի Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի ռազմական առաջադիրք-կայազորը: Բնականաբար, թխվածքաբլիթի և մտրակի այս զույգ լծակների միջոցով ենթադրվում է Ադրբեջանին վերադարձնել Ռուսաստանի գիրկը, իսկ եթե չստացվի՝ էական ազդեցություն ձեռք բերել նրա նկատմամբ: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը փակում է Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու մեր հեռանկարը: Միևնույն ժամանակ՝ Հայաստանը դարձնելով գաղութ-կայազորի կարգավիճակ ունեցող օբյեկտ, ինչպես նաև ներառելով Արևմուտք-Հայաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան և Թուրքիա-Ռուսաստան մրցակցությունների մեջ որպես իր առաջադիրք ու գործիք, մեզ ոչ միայն զրկում է սուբյեկտ լինելու, գործընկերներ ու արտաքին քաղաքական այլընտրանք ունենալու հնարավորությունից, այլև ներքաշում է այդ մրցակցությունների մեջ, ինչի հետևանքով մենք թիրախ ենք դառնում նրա հակառակորդների համար և ենթարկվում բախման թատերաբեմ դառնալու վտանգին: Դառնալով Արցախին, հարկ է փաստել, որ նրա մասով ռուսական այս ծրագիրը նախատեսում է, ինչպես արդեն նշվեց, Հայկական բանակի պարտություն և, զուգահեռաբար՝ տարածքների հանձնում ու հայ բնակչության տեղահանում, ինչն էլ իր հերթին ենթադրում է ցեղասպանություն ու ավերածություն: Սա ծրագրի կարևոր մաս է, քանի որ ռուսական ռազմական ներկայություն հնարավոր է ապահովել միայն մեր բանակի պարտության և տարածքային ու մարդկային այնպիսի կորուստների դեպքում, երբ մեր դիմադրողունակությունը կոտրվի և կարիք ունենանք ռուսական «փրկարար օգնության»: Արցախի համար այս վտանգն իրապես շատ հավանական և ռեալ է: Արցախյան հակամարտությունը, այսօր արդեն փաստացի միակը ռազմական-ռազմավարական առումով Ռուսաստանի համար ներքին Այսրկովկասյան տարածքում, ըստ էության տեղադրված է ռուսական մատրիցայի վրա և ենթարկվում է նրա տրամաբանությանը, որքան էլ Արևմուտքի և այլ գործոններն ազդեցիկ լինեն այս հակամարտության մեջ: Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի գաղութ-կայազոր է, այս վտանգն ավելի ռեալ ու մոտիկ կդառնա և, ընդհակառակը, կչեզոքանա, եթե Հայաստանն ազատագրվի, դուրս գա Այսրկովկասյան փակուղուց և դառնա Հարավ-արևմտյան Ասիայի միավոր, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ: Եվ այս անլուր դավաճանության դիմաց հայաստանյան քաղաքական վերնախավը, առաջին հերթին ու գլխավորապես՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող «զորիբալայանական» կլանը, մտածում է մնալ և արդեն որևէ հեռանկարից զուրկ երկրի մնացորդային ռեսուրսները թալանելու դիմաց կառավարել մեռնող Հայաստան-մարզը: Իր հերթին՝ «ընդդիմություն» կոչվածը կամ անմեղսունակ է, կամ ինքն է մատուցում իրեն որպես կառավարող կլանից ավելի էժան գնով Հայրենիքը հանձնելու պատրաստ ուժի, կամ էլ, գիտակցելով տեղի ունեցողը, մտածում է իր գոյությունը շարունակել կլանի կերակրամանի մնացորդների հաշվին: Որոշ «խելոքներ» էլ մտադիր են իրենց աստեղային ժամին սպասել և ջրի վրա մնալ՝ մինչև զարգացումների առարկայական ընթացքի բերմամբ թուլացող Ռուսաստանը կհեռանա Այսրկովկասից: Թե ինչպիսի ահռելի և անդառնալի կորուստներ կկրենք այդ ընթացքում, կամ այդքանից հետո կկարողանա՞նք արդյոք դիմակայել տարածաշրջանում ահագնացող մարտահրավերներին, նրանց փաստորեն չի հուզում: Ամփոփում Հարկ ենք համարում ընդգծել, որ օտարի և յուրային դավաճանի այս ծրագիրը կազմված է իրերի տրամաբանությամբ: Մինչդեռ ելքը և աղետը կանխելն ու վտանգը հաղթանակի գիծ և վերածննդի անցում դարձնելը կախված է մեզանից: Կկարողանա՞նք արդյոք մտածել ու գործել ոգու տրամաբանությամբ և փոխել իրերի դրությունն ու պատմության ընթացքը: Բազմիցս այդպես արել ենք: Միայն վերջին հարյուրամյակում այդպես ենք արել Սարդարապատ-Բաշ Ապարան-Ղարաքիլիսայում, Սյունիքի հերոսամարտում, փետրվարյան ապստամբության ժամանակ և Արցախն ազատագրելիս: Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ը ցույց տվեցին, որ այսօր էլ ունենք ոգու տրամաբանությամբ մտածելու և գործելու կարողություն: Ավելին՝ այս վերջին երկուսը ժողովրդի ընկալումները հերթական անգամ հաստատուն կերպով դրեցին ոգու տրամաբանության ռելսերի վրա՝ յուրօրինակ նախադուռ բացելով ապագայի համար: Լավատեսություն է ներշնչում նաև ոգու տրամաբանությամբ կազմված ազգային-քաղաքական ծրագրի՝ ներկայիս ՀՀ և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա (Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու հեռանկարով) «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի առկայությունը ինչը հնարավորություն է տալիս առաջիկա պոռթկումը պահել կազմակերպական հունի մեջ և ավարտել ցանկալի քաղաքական արդյունքով: Հայաստանի (Արցախը ներառյալ) պետական կառավարման համակարգն էլ, որպես գաղութային վարչակազմ, այլևս կորցրել է սուտ ասելու հաշվին գոյատևելու ռեսուրսը և արդեն տեսանելի կերպով կորցնում է նաև իր ուժն ու ամբողջականությունը: Բացահայտվող դավաճանությունը նորանոր ճաքեր է առաջացնում նրա ներսում, իսկ պետածառայողական դասի, այդ թվում և, առաջին հերթին՝ զինվորականության մեծ մասը որոշել է կամ որոշելու է, որ վճռական պահին լինելու է իր ժողովրդի հետ: «Զորիբալայանական» կլանի շատ անդամներ ևս, ովքեր դավաճանության դիտավորությամբ չեն հայտնվել դրա կազմում և ծնունդով Արցախից են (ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ էշելոնում), սկսում են հասկանալ, որ ինքնախաբեության մեջ են եղել, մտածելով, թե Ռուսաստանը կհովանավորի Արցախին ու կպահպանի այն ամբողջական վիճակում: Մեկ խոսքով՝ համակարգը չի կարողանալու մարսել և յուրացնել դավաճանությունը, ուստի փլուզվելու է: Կարծես թե այս անգամ Սարդարապատը նաև և նախ՝ ներքին է լինելու: Վտանգը, որ հաղթանակի գիծն է, մոտենում է:   Վարուժան Ավետիսյան 14 դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am