Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Մերթին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշի Նուր Բահչեքափըլըի ձերբակալման հետ։ Անկարայում լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Բահչեքափըլըն, որի դիվանագիտական անձնագիրը գողացել են Գերմանիա կատարած այցի ընթացքում, բախվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների վատ վերաբերմունքին ու ձերբակալվել է օդանավակայանում։ Գերմանիայի դեսպանին դժգոհություն են հայտնել Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի տեղակալի մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Բահչեքափըլըի անձնագրի հափշտակությունից հետո նրան Բեռլինում Թուրքիայի դեսպանատանը տրվել է ժամանակավոր անձնագիր, սակայն չնայած դրան՝ նրան թույլ չեն տվել լքել օդանավակայանի տարածքը։
