Ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր են դարձել ԵՏՄ Հայաստանի անդամակցությամբ. Մեդվեդև
Ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր են դարձել ԵՏՄ Հայաստանի անդամակցությամբ։ Այս մասին ասվում է ողջույնի խոսքում, որը ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղղել է Երևանում բացված իշխող «Հանրապետական կուսակցության» համագումարի պատվիրակներին ու հյուրերին։ Ուղերձն ընթերցել է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։ «Այսօր երկու պետությունների կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը»,-նշել է Մեդվեդևը։ Մեդվեդևը համագումարի մասնակիցներին մաղթել է բեղուն աշխատանք՝ հօգուտ եղբայրական Հայաստանի, իսկ նրա ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություններ և բարգավաճում։
