Ավստրիան Թուրքիային զենք չի մատակարարի
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է,որ Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, Փաստաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ և կոչ է պարունակում՝ ուղղված Ավստրիայի իշխանություններին՝ դադարեցնել զենքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ առկա է զինված հակամարտության առաջացման ռիսկ։ Հատուկ շեշտադրվում է Թուրքիան, որտեղ «ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ արտահանված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»։ «Մենք դեմ ենք դիպուկահարների զենքի մատակարարմանը Թուրքիային:Ավստրիան Եվրամիության առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացրել»,- հայտարարել է Կանաչների կուսակցությունից Պետեր Պիլցը: Մյուս երկրները պետք է հետևեն Վիեննայի օրինակին,կարծում է Պիլցը:
