Թուրքիան շարունակում է «Եփրատյան վահան» գործողությունը Սիրիայում
Թուրքական զինուժը իր հովանու նորքո գտնվող, այսպես կոչված, չափավորական սիրիական ընդդիմության հետ շարունակում է իրականացնել ռազմական գործողություններ Սիրիայում, «Եփրատյան վահան» օպերացիայի շրջանակներում` ԻՊ զինյալներին ստիպելով նահանջել եւ ազատագրելով նորանոր տարածքներ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վերջին օրերին ազատագրվել են եւս յոթ բնակավայրեր Մարի եւ Ալ-Ռայի շրջաններում: Ընդհանուր առմամբ այդ ընթացքում ոչնչացվել են երեսունհինգ ԻՊ հենակետեր: Ոչնչացվել են նաեւ քրդական աշխարհազորայինների հենակետեր: Նշենք, որ այս օպերացիան նաեւ ուղղված է Քրդական Բանվորական կուսակցության սիրիական ռազմականացված թեւի խմբավորումների դեմ: Կորուստներ են ունեցել նաեւ սիրիական չափավորական ընդդիմադիրները եւ թուրքական զինուժը: Այս պահին «Եփրատյան վահան» գործողության ազատագրած տարածքը կազմում է 1620 քառ կիլոմետր:
